Մեկնաբանություն

09.07.2019 08:35


Երբ Սահմանադրությունը մեկնաբանում են սահմանադրի անունից

Երբ Սահմանադրությունը մեկնաբանում են սահմանադրի անունից

Լևոնանիկոլական հանրույթի «սրտի փաստաբան» Վահեն` նա, որ «թավշյա հեղափոխությունից» մի տարի հետո «դամկա» գնաց`դարձավ ՍԴ դատավոր, եւ դեռ մի բան էլ` ինքն իրեն ՍԴ նախագահի կոչում շնորհեց, ոնց որ թե տեղը չի բերում, որ իր արածը, մեղմ ասած, հիմարություն էր։ Ու համառորեն շարունակում է կախվել փրփուրներից` փորձելով իր եփած «սահմանադրաիրավական» շփոթը «սահմանադրական ճգնաժամի» տեղ անցկացնել։

Նախագահին, ԱԺ նախագահին եւ մնացած պատկան մարմիններին հասցեագրած 16 էջանոց բաց նամակում, «հիմնավորելով» իր կպչուն գաղափարը` որ ի պաշտոնե սահմանադրական արդարադատություն իրականացնող ՍԴ անդամը երբեք եւ ոչ մի դեպքում չի կարող նույնացվել ՍԴ դատավորի հետ, հաճախակի հղում է անում Սահմանադրին։

Օրինակ` «Դատարանի դատավորի և Դատարանի անդամի կարգավիճակների տարբերությունն անառարկելիորեն ակնհայտ է` ընդհուպ մինչեւ ճանաչված Սահմանադրի կողմից», «եթե Սահմանադիրը Սահմանադրության 213 հոդվածում Դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարման ժամկետի մասին նշումով նպատակադրված լիներ Դատարանի անդամների և անդամներից ընտրված նախագահի պաշտոնավարումը երկարացնել դատավորի կարգավիճակում մինչեւ 2005թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը, ապա նույն հոդվածի առաջին նախադասության վերջին բառին կետադրական նշանի հավելումից հետո (երեւի ուշ հասկացողների համար.-Լ.Պ.) կավելացներ` «որպես դատավորներ» բառերը, ինչը չի արվել»։

Եվ ուրեմն` «Սահմանադրի կողմից Դատարանի անդամները և նրանցից ընտրված նախագահը դատավորների կարգավիճակ չեն ստացել, քանի որ նպատակային հստակություն ավելացնող այս մոտեցմանը («որպես դատավորներ» հստակեցնող շարադրանքը, եթե այդպիսին լիներ Սահմանադրի կամքը) Սահմանադրի կողմից չդիմելը ոչ թե հստակության ապահովմանն ուղղված շարադրանքի թերություն է, այլ Սահմանադրի ուղիղ դիտավորություն՝ Սահմանադրական դատարանի անդամներին և անդամներից ընտրված նախագահին չօժտել դատավորի կարգավիճակով»։

Սահմանադրության հեղինակները, ի դեմս 2015թ. Սահմանադրության հեղինակների` սահմանադրական փոփոխությունները նախապատրաստած մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի եւ հանձնաժողովի անդամների` ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանի, Դավիթ Հարությունյանի եւ Գեւորգ Դանիելյանի, սպառիչ գնահատական են տվել Գրիգորյանի եւ իր համար «դամքյաշություն» անողների մտավարժանքներին։

Մարդիկ աներկբա արձանագրել են, որ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ անդամներն ինքնաբերաբար դարձել են դատավորներ, եւ հիմա, բառերի հետեւից ընկնելով, ՍԴ անդամների եւ դատավորների միջեւ բաժանարար գծեր դնելն անհեթեթություն է. սահմանադրական ճգնաժամ չկա ու չի կարող լինել։ Չեղած ճգնաժամից ելքեր փնտրելն էլ սիզիփոսյան աշխատանք է, որի վրա չարժե ժամանակ վատնել։

Բայց, ինչպես ասում են, հասկացողին` մեկ ասած, չհասկացողին` հազար ու մեկ. նորահայտ «թավշյա ճգնաժամաստեղծ ճգնաժամագետները»՝ չկայացած գլխավոր դատախազ Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ, շարունակում են տատանել օդը` որեւէ քննադատության չդիմացող իրենց «վերլուծությունները» մատուցելով որպես 100 տոկոսանոց ճշմարտություն, Սահմանադրի փոխարեն մեկնաբանելով Սահմանադրի ամրագրած սահմանադրական դրույթները, բացատրելով`ի՞նչ է նկատի ունեցել Սահմանադիրը, ի՞նչ հասկանալ կամ ինչ չհասկանալ Սահմանադրի հեղինակած այս կամ այն հոդվածի, այս կամ այն ձեւակերպման տակ։

Իրավունք ունե՛ն։ Սահմանադիրն ո՞վ է, որ մեկնաբանի իր գրած Սահմանադրությունը, եթե կան իրավական մտքի այնպիսի հսկաներ, ինչպես ընտրակեղծիքների «կնքահայր» Գագիկ Ջհանգիրյանը եւ բառախաղային «կռուտիտների» խոշոր մասնագետ Վահե Գրիգորյանը։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը