Կարծիք

11.07.2019 14:35


Երբ շունը տիրոջը չի ճանաչում

Երբ շունը տիրոջը չի ճանաչում

Ուղղակի ապշելու բան է. Էներգահամակարգում նախադեպը չունեցող «գլոբալ աղետ» է տեղի ունեցել` էլեկտրաէներգիա արտադրող խոշոր ձեռնարկություններից երկուսը, խոսքները մեկ արած, խափանվել են, մայրաքաղաքի մեծ մասը 4-5 ժամ շարունակ հոսանքազրկված է եղել, իսկ ոլորտի պատասխանատուները խաբար չեն, չգիտեն` ինչպես է դա եղել եւ ինչու։

Մշուշոտ ակնարկներ են անում հարեւան Իրանի էներգահամակարգում գրանցված «առեղծվածային» ինչ-որ տատանումների մասին, բայց չեն ասում` ինչպե՞ս կարող էին այդ «տատանումները» նման լայնամասշտաբ ավերածություններ գործել Հայաստանի էներգետիկ համակարգում։ Եթե մեր էներգահամակարգն այդչափ խոցելի է «արտաքին ազդակների» նկատմամբ` բառի բուն իմաստով «մազից կախված» է, ինչպե՞ս է, որ մինչեւ հիմա նման նախադեպ երբեւէ չի գրանցվել. կարո՞ղ է`պարզապես այստեղ էլ շունը տիրոջը չի ճանաչում, ինչպես հետհեղափոխական «նոր» Հայաստանի բոլոր մնացած`քաղաքական, տնտեսական, դատաիրավական, մշակութային եւ այլ բնագավառներում։

Իսկ ամենաուշագրավն այն է, որ մինչ էներգետիկները որեւէ հոդաբաշխ բացատրություն չեն տալիս կատարվածին, գործին խառնվել է ԱԱԾ-ը. լրահոսից տեղեկանում ենք, որ ամեն ինչի մասնագետ, ամենագո եւ ամենատես Արթուր Վանեցյանն իր ենթականերին հանձնարարել է պարզել` հոսանքազրկումները միտումնավո՞ր են եղել, թե՞ «ինքնաբուխ»։

Նկատի ունենալով ԱԱԾ նախորդ «բացահայտումների» փորձը՝ կարելի է վստահաբար ասել, որ հանրությունն այդպես էլ չի ստանա այդ հարցի պատասխանը։ Պարզ պատճառով`«նոր» կամ նորացված Հայաստանում ազգային անվտանգությունը պաշտպանելու կոչված այս կառույցի խնդիրը ոչ թե ինչ-որ բան բացահայտելն է, այլ` լղոզելը, ծածկադմփոց անելը փակուղի մտցնելը կամ կեղծ հետքով ուղղորդելը։

Զարմանալի չի լինի, եթե վաղը ասեն`«շրջանակը պարզ է». մեղավորը հակահեղափոխական մութ ուժերն են` ճաղերի հետեւում գտնվող Ռոբերտ Քոչարյանի եւ իր աջակիցների գլխավորությամբ, բայց ապացույցները քչություն են անում...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը