Մեկնաբանություն

12.07.2019 09:55


Արցախի շուրջ օղակը սեղմվում է

Արցախի շուրջ օղակը սեղմվում է

Մինչ թավշյահեղափոխական խորհրդարանը մեր ժամանակների ամենակարկառուն մուտլովշչիկներից մեկի` տխրահռչակ Քոչարյան Անդրանիկի գլխավորությամբ քչփորում է «ապրիլյան պատերազմի հանգամանքները»` փորձելով հիմնավորել ադրբեջանական թեզը, թե հայկական կողմը քառօրյա մարտերում չի հաղթել, ջախջախիչ պարտություն է կրել` 800 հեկտար տարածք կորցնելով ու բացի այդ էլ՝ մեր բանակը թալանչիական է, Արցախի շուրջ օղակը շարունակում է սեղմվել։

Ի հեճուկս պնդումների, թե ոչ մի բանակցություն էլ չկա, ընդամենը` երկկողմ եւ բազմակողմ շփումներ, որոնց ընթացքում կողմերն ասում-խոսում են ու «ցրվում տներով», բանակցային գործընթացը սահուն կերպով վերադառնում է 1996-97թթ. վիճակին, երբ հայկական կողմը մենակ մնաց հարցի լուծումը բացառապես Ադրբեջանի «ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության» ծիրում դիտարկող 56 երկրների միասնական դիրքորոշման դեմ։ Եվ ստիպված եղավ օգտագործել վետոյի իրավունքը`Արցախի փուլային կապիտուլյացիայի վերաբերյալ բանաձեւը տապալելու համար։

Փաշինյանի վարչապետության մեկ տարին բավական եղավ` ամբողջությամբ փոշիացնելու նախկինում իրականացված դիվանագիտական աշխատանքի պտուղները։

Եվ խնդիրը միայն այն չէ, որ այդ աշխատանքի արդյունքում սեղանին դրվեց մի փաստաթուղթ (այսպես կոչված`«մադրիդյան փաթեթը»), որտեղ որեւէ խոսք չկա Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, ինչը հստակ ամրագրված էր 1997-ին կողմերին ներկայացված փուլային կարգավորման տարբերակում։ Պատահական չէ, որ Ադրբեջանը կարոտով է հիշում այդ փաստաթուղթը` ափսոսանք հայտնելով, որ «կառուցողական» Տեր-Պետրոսյանը տեղի տվեց «հայտնի ուժերի» ճնշմանը, հրաժարականի դիմում գրեց ու հեռացավ`«գործը» կիսատ թողնելով։

Ոչ պակաս կարեւոր է, որ 1998-ի իշխանափոխությունից հետո հայկական կողմ(եր)ին միակողմանի զիջումներ պարտադրելու հարցն ընդհանրապես դուրս եկավ միջազգային հանրության օրակարգից. ոչ մեկը, բացի Թուրքիայից ու Ադրբեջանից, չէր հիշում ու չէր խոսում այդ մասին։ Արցախի անկախությունն ընդունվում էր որպես կատարված փաստ, որի հետ անհնար է հաշվի չնստել, եւ քննարկումները ծավալվում էին «շրջակա տարածքներից» կամ դրանց մի մասից հայկական ուժերի դուրսբերման, փախստականների վերադարձի շուրջ։

Մեզ համար անընդունելի սույն ձեւակերպումներով հանդերձ` փաստաթղթում միանշանակ ամրագրված էր Արցախի ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտությունների կարգավորման երեք հիմնարար սկզբունքներից մեկը։ Դա նշանակում էր, որ որոշակի զիջումների գնալով`Արցախը ստանալու էր, նախ, փաստացի անկախ, միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ, ապա` պարտադիր իրավական ուժ ունեցող ինքնորոշման հանրաքվեով հստակեցներ իր վերջնական կարգավիճակը։

Սա, իհարկե, մեր երազանքների գագաթնակետը չէր, բայց որպես հիմք բանակցությունները շարունակելու համար այս կամ այն չափով ընդունելի էր հայկական կողմի համար։ Ընդ որում`փաստաթղթի հիմքում դրված կարգավորման երեք սկզբունքները եւ 6 տարրերը դիտվում էին որպես մեկ ամբողջություն. հստակ ֆիքսվում էր` չի կարելի առանձնացնել դրանցից մեկը կամ մի քանիսը՝ շրջանցելով մյուսները։

Այսօր Արցախի ինքնորոշման իրավունքի մասին ոչ մեկը չի խոսում։ Անգամ Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը եւ արտաքին գերատեսչության ղեկավարը չեն հիշում միջազգային իրավունքի այդ դրույթը, չեն ասում`Արցախի անկախության ճանաչումն այլընտրանք չունի եւ չի կարող սակարկության առարկա լինել։ Փոխարենը պատեհ-անպատեհ պացիֆիստական ելույթներ են ունենում` գրգռելով Ադրբեջանի ռազմատենչությունը։

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում աներկբա հայտարարում է, որ Եվրամիությունը պաշտպանում է Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը` լռության մատնելով Արցախի ինքնորոշման իրավունքը, Հայաստանում` բարձրաձայնում «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» մասին։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ընդունվում է բանաձեւ, որտեղ «ժողովրդի ինքնորոշման իրավունքը» փոխարինված է «ժողովրդի` իր ճակատագիրը տնօրինելու իրավունք» լղոզված, իրավական որեւէ որոշակիություն չենթադրող հայեցողական ձեւակերպմամբ։

Իսկ Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները եւ խորհրդարանական «թավշյա» դիվանագիտության ռահվիրաները, բերանը ջուր առած` լռում են. խուլ ու համր են ձեւանում` չլսելու տալով Ադրբեջանից հնչող հայտարարությունները, թե «օկուպացված տարածքների» վերադարձի հարցը սկզբունքորեն լուծված է, մնում է` ամրապնդել համապատասխան գրավոր պայմանավորվածություններով։ Լավագույն դեպքում անհոդաբաշխ, կցկտուր բաներ են ասում, որոնցից սատանան ինքը գլուխ չի հանի։

Փաշինյանն էլ շարունակում է «վայելել» կյանքը` պետության հաշվին շրջագայում է, սելֆիներ անում, բարձրաստիճան հյուրերի հետ պտտվում ճաղերի հետեւում փակված Ռոբերտ Քոչարյանի կառուցած Հյուսիսային պողոտայով, ուտում-խմում, քեֆ անում ու ծիծաղում աշխարհի վրա։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը