Քաղաքական

12.07.2019 12:03


Գոյություն չունի օրինական ճանապարհ այս ամենը օրինական դաշտ վերադարձնելու համար. Հայկ Ալումյան

Գոյություն չունի օրինական ճանապարհ այս ամենը օրինական դաշտ վերադարձնելու համար. Հայկ Ալումյան

«Սահմանադրական դատարանի կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի մասամբ մերժմանը ես համամիտ չեմ»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը. «Հասկանալի է՝ ինչ փաստարկներ է բերել ՍԴ-ն՝ վարույթ չընդունելով, բայց դրանց հետ ես անձամբ համաձայն չեմ, եւ գտնում եմ, որ դրանց սահմանադրականության ստուգման անհրաժեշտություն կար, համենայն դեպս, հիմա ունենք այն, ինչ ունենք»։

Հայկ Ալումյանն ասաց, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումից հետո՝ հունիսի 26-ին արդեն, գործը պետք է ուղարկվեր Առաջին ատյանի դատարան. «Բայց եթե առաջնորդվում ենք Արմեն Դանիելյանի՝ օրենքից չբխող մեկնաբանությամբ, ապա երեկ, ամենաուշը այսօր նա պետք է գործն ուղարկեր Առաջին ատյան։ Բայց օրենքը, տրամաբանությունը մի բան են, պրն Դանիելյանի գործողությունները արդեն տասը տարուց ավել է՝ բոլորովին ուրիշ»։

Հայկ Ալումյանը նշեց, որ պատրաստվում են Վճռաբեկ բողոք ներկայացնել, եւ ըստ նրա՝ Վճռաբեկում բողոքների քննության համար պարտադիր չէ, որ քրեական գործի ողջ նյութերը գտնվեն այնտեղ, իսկ մինչ դա, ըստ պաշտպանի, Առաջին ատյանի դատարանում պետք է վերսկսվի գործի քննությունը եւ պետք է քննվի իրենց ներկայացրած գրավի միջնորդությունը. «Մենք ունենք բազմաթիվ քրեական գործեր, որոնցով Վճռաբեկ բողոքներ են ներկայացվել, բայց զուգահեռաբար գործը քննվել է Առաջին ատյանում»։

Այն, որ ՍԴ-ն պետք է քննի Ռոբերտ Քոչարյանին առաջդրված մեղադրանքի սահմանադրականությունը, ըստ Ալումյանի՝ որեւէ ազդեցություն չի կարող ունենալ Առաջին ատյանում գործի քննության վրա. «Դա պետք է Վճռաբեկ դատարանին լրացուցիչ հուշի՝ անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, որովհետեւ ստացվում է՝ կա հիմնավոր կասկած, որ հոդվածը, որով նա մեղադրվում է, հակասում է Սահմանադրությանը։ Դա պետք է հուշի, որ այդպիսի հոդվածով անձինք չի կարելի կալանքի տակ պահել»։

Հայկ Ալումյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակն այլեւս դուրս է օրինականության դաշտից. «Ցանկացած քայլ հիմա օրենքից դուրս է, հնարավոր չէ օրենքի մեջ մի քայլ պատկերացնել։ Դատավոր Դանիելյանը իրավունք չուներ այդ բողոքները վարույթ ընդունել, իրավունք չուներ այդ բողոքները համատեղ քննել եւ այդպիսի որոշումներ կայացնել։ Հիմա գոյություն չունի օրինական ճանապարհ այս ամենը օրինական դաշտ վերադարձնելու համար»,-ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը