Կարծիք

16.07.2019 20:55


Սա ռեկետ է, բարեկամնե՛ր, ռեկետ է օրը ցերեկով

Սա ռեկետ է, բարեկամնե՛ր, ռեկետ է օրը ցերեկով

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը չի դադարում մեզ զարմացնել, բայց ոչ թե ինտելեկտուալ կամ մարդկային հատկանիշներով, այլ ծայրաստիճան անամոթ ու հանդուգն կեցվածքով:

Բանն այն է, որ պատկառանքից իսպառ զուրկ այս կինը, որը Քաջնազար ամուսնու լիակատար Ուստիան կողակիցն է, օրը ցերեկով զբաղված լինելով մեծահարուստների կուլակաթափման գործով՝ իբր բարեգործության համար հիմա արդեն ավելի առաջ է գնացել:

Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Աննա Հակոբյանը, ամփոփելով իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկ տարին, դիմեց գործարարներին և հորդորեց չսպասել, որ ինքը հատ-հատ խնդրի՝ դրամ նվիրաբերեք հիմնադրամին, այլ ինքնակամ դա անել, եթե իրենց տեսլականը դուր է գալիս:

Ո՞րն է այդ տեսլականը՝ ոչ ոք գործարարներից չի՞ ուզում հարցնել: Մի՞թե այն, որ հավաքված միլիոնավոր դոլարները իրականում ոչ մի ծանր հիվանդի արտասահմանյան բուժում չեն ապահովում, այլ ծախսվում են, ինչպես Աննան է ասում, «հիմնականում մշակութային ու կրթական ծրագրերի վրա»: Այդ ի՞նչ պետականամետ, հայրենասիրական, օգտակարությամբ աչքի ընկնող ծրագրեր են, որ դրանց վրա այս մեկ տարում արդեն մսխվել է երեք միլիոն դոլար:

Տիկինը գործ ունի միլիոնների հետ, այն դեպքում, երբ մարզերում բազմաթիվ ընտանիքներ հազիվ են քարշ տալիս սեփական գոյությունը, երբ մեծ թվով երեխաներ հագուստ ու կոշիկ չունեն դպրոց հաճախելու համար: Դուք կասեք՝ «բա Սերժի ժամանակ էլ չունեին, վատ էին ապրում»: «Այո՛»,-կասեմ ես,-«դրա համար էլ այդքան դժգոհ մարդ դուրս եկավ հրապարակ՝ գործող իշխանությանը մերժելու, իսկ Աննայի և նրա ամուսնու խայտառակ կառավարումը հանդուրժում են, որոշներն էլ՝ աստվածացնում»:

Սա ռեկետ է, բարեկամնե՛ր, ռեկետ է օրը ցերեկով, և դա հանդուրժելը՝ աննամուսություն է, դա բարեգործություն համարելը՝ անուղեղություն:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը