Քաղաքական

17.07.2019 17:15


«Հայաստանի մասով իրավիճակն այլ է. այն Անդրկովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է». Լավրով

«Հայաստանի մասով իրավիճակն այլ է. այն Անդրկովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է». Լավրով

Ռուսաստանը հատուկ ուշադրությամբ է հետևում Հայաստանում և հետխորհրդային տարածքի այլ երկրներում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ «Аргументы и факты» պարբերականին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Խորհրդային միության փլուզումից հետո, Արևմուտքը սկսել է ակտիվորեն միջամտել հետխորհրդային պետությունների՝ այդ թվում Ուկրաինայի և Վրաստանի ներքին գործերին:

«Հայաստանի մասով իրավիճակն այլ է: Այս երկիրն Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է: Վերջինիս հետ հաստատվել են ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ: Քաղաքական երկխոսությունը, խորհրդարանական գծով և միջազգային ասպարեզում համագործակցությունն ինտենսիվ բնույթ է կրում: Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է: Դինամիկ զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը»,- հայտնել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովը հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Ուկրաինայի և Վրաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններին՝ նշելով այդ երկրներում հակառուսական հռետորաբանության և ՌԴ-ի նկատմամբ սադրիչ գործողությունների առկայության մասին: Նա հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը