Քաղաքական

18.07.2019 10:13


Իջևանում տեղի ունեցած դեպքերով քրեական գործ է հարուցվել 2 հոդվածով․ կան 2 տասնյակ բերման ենթարկվածներ

Իջևանում տեղի ունեցած դեպքերով քրեական գործ է հարուցվել 2 հոդվածով․ կան 2 տասնյակ բերման ենթարկվածներ

Երեկ Իջեւանում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քրեական օրենագրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի, 258-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաեւ 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Քրեական գործը քննում է Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությությունների քննության վարչությունում:

ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի հանձնարարությամբ կազմվել է քննչական խումբ, մշակվել է քննչական պլան:

Այս պահին կան երկու տասնյակ բերման ենթարկված անձինք:

Քննիչները եւ ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական անհետաձգելի գործողություններ, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու եւ նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:

Նախօրեին Իջեւանում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով Իջեւանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 11 քաղաքացի, որից 8-ը՝ ոստիկան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Իջեւանի ԲԿ-ի հերթապահ վիրաբույժը:

Նրա խոսքով, բոլորն էլ դուրս են գրվել ըստ իրենց բնակության վայրի։

«Ոստիկանները եղել են ներքին զորքերից, ունեցել են գլխուղեղի ցնցում, կրծքավանդակի սալջարդեր, պատռված վերքեր՝ տարբեր աստիճանների, սալջարդեր։ Ոստիկաններին առաջին բուժօգնություն ցուցաբերվել է, նրանք Երեւանում կանցնեն KT հետազոտություն, եւ բժիշկները կորոշեն, տեղափոխել հոսպիտալ, թե՝ ոչ»,-ասաց նա՝ հավելելով, որ ոստիկանները դուրս են գրվել լուսադեմին։

Հերթապահ վիրաբույժի խոսքով, 2 քաղաքացի եկել են հիվանդանոց ժամը 22։00-23։00-ն ընկած ժամերին, երրորդը եկել է առավոտյան ժամը 5-ին։ Վիրավորներն ունեցել են պատռած վերքեր, բժիշկները կարել են վերքերը, եւ դուրս գրել։

Նշվեց նաեւ, որ Նոյեմբերյանի ԲԿ որեւէ վիրավոր չի տեղափոխվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 17-ի երեկոյան բախում էր տեղի ունեցել Իջեւանում ճանապարհը փակած փայտի գործով զբաղվող ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Դեպքի վայր էին ժամանել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Ցուցարարները մի քանի ժամ փակ են պահել դեպի Վրաստան տանող մայրուղին, որի հետեւանքով 5 կմ երկարությամբ խցանում է առաջացել: Ավելի ուշ ճանապարհը բացվել էր: Մարզպետ Հայկ Չոբանյանը նշել էր, որ ոչ մի զիջում չի լինելու, անօրինական ոչ մի պահանջ չի կատարվելու:

Այս խորագրի վերջին նյութերը