Մեկնաբանություն

14.04.2010 16:52


Լևոն Տեր-Պետրոսյանը և չհասկացվածության պատը

Լևոն Տեր-Պետրոսյանը և չհասկացվածության պատը

«Կնախընտրեի ելույթ ունենալ համագումարի առաջին մասում մտավորականների ընկերակցությամբ, քանի որ սա այն լսարանը չէ, որտեղ մեկս մյուսին բացատրելու կամ համոզելու բան պիտի ունենանք։ ....Ես չեմ տեսնում՝ ինչ վիճակում է այսօր մեր մշակույթը: Թռուցիկ խոսում են ինչ-որ հեռուստասերիալների մասին, այդ ռաբիսի և այլն, բայց ֆունդամենտալ, կոնցեպտուալ խոսակցություն այսօր գոյություն չունի... Ես չեմ տեսնում խոսակցություն կրթության մասին: Ի՞նչ վիճակում է այսօր Հայաստանի կրթությունը: ....Քաղաքական այս հորձանուտը կուլ է տալիս ու խեղդում: Այդ հորձանուտում կորչում է միտքը, խոհականությունը, մշակույթը: ....Ինձ համար, թեև ես քաղաքականության մեջ եմ, քաղաքական գործիչ, հասարակության և իշխանության հակասությունն էությամբ քաղաքական հարց չէ: Դա մշակույթի հարց է, հոգևոր հարց։ ....Այս քաղաքականությունը թող չդառնա մոլուցք, չդառնա մաղձ, չմոռանանք գիրք կարդալ, չմոռանանք երգ լսել, չմոռանանք բանաստեղծություն արտասանել»։

Նշված խոսքերը պատկանում են ոչ թե Սերժ Սարգսյանին կից Հանրային խորհրդի անդամին, ոչ թե նախագահականին կից կուսակցապետին կամ նույնիսկ «բարիտոն» Գեղամյանին, այլ շատ արմատական, չափից շատ արմատական ընդդիմադիր գործիչ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Սա այն նույն Տեր-Պետրոսյանն է, ով «հեղափոխական» 2008-ի «երանելի» օրերին հասարակությունը բաժանում էր իր կողմնակիցների ու տականքների։

Այդ օրերին «մշակութային» թեմաների մասին խոսում էին Ս. Սարգսյանի հաճախորդները և առաջարկում հանել մաղձը քաղաքականությունից, սիրել միմյանց, քննարկել կրթության հարցեր և այլն։ Պատասխանելով նրանց՝ «հեղափոխական» Տեր-Պետրոսյանն այն ժամանակ ասում էր, թե ամեն ինչ բխում է քաղաքականությունից, և մինչև իշխանափոխության հարցը չլուծվի, ոչ մի բան առաջ չի գնա։

Իսկ հիմա՝ 2008-ից շատ չանցած, Տեր-Պետրոսյանը դարձել է «ազատ, բայց պատասխանատու» կամ «կառուցողական» ընդդիմություն, ում համար կարևորը մարդն է ու բանաստեղծություն արտասանելը («Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»). քաղաքական մաղձը մնաց հետևում։

«Ես չեմ տեսնում խոսակցություն ճարտարապետության և քաղաքաշինության մասին... Ո՞ւր է հոգևոր կյանքը, ո՞ւր է եկեղեցին, ո՞րն է այսօր եկեղեցու դերը մեր երկրի կյանքում, մեր ժողովրդի մոտ: Չկան այս խոսակցությունները»,- իր արմատական դիրքերից նկատեց Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը՝ Պետրոս Մակեյանի կուսակցության վերջերս կայացած համագումարում։

Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում (իսկ հիշողությունն ինձ երբե՛ք չի դավաճանում), «հեռավոր» 2009-ին, երբ տեղի էին ունենում Երևանի ավագանու ընտրությունները, երբ Տեր-Պետրոսյանի մրցակիցը «սևահեր» Գագիկն էր, իշխանություններն առաջարկում էին ընտրական բանավեճը ծավալել քաղաքաշինական և ճարտարապետական խնդիրների շուրջ և չքաղաքականացնել ( ՞ )  ընտրությունները։ ՀԱԿ-ից այն օրերին արձագանքում էին, որ դա սխալ է, որ Երևանի ընտրություններով իրենք լուծելու են իշխանափոխության հարցը («Մաքրելու՛ ենք»), որից հետո միայն կարելի է խոսել մնացած հարցերի, այդ թվում՝ քաղաքաշինության և ճարտարապետության մասին։

Իսկ հիմա պարզվում է՝ երջանիկ լինելու համար մեզ պակասում է քաղաքաշինական դիսկուրսը։ Գագիկ Բեգլարյանը պետք է զգուշանա. Տեր-Պետրոսյանը մտնում է քաղաքաշինության ոլորտ։

Մեզ մնում է արձանագրել, որ 2008-ից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի գործողությունների օրակարգի միակ հարցը մնացել է «էջմիածնական միաբան» դառնալը։ Բայց Սերժ Սարգսյանը դեռ չի արձագանքում նրա հորդոր-պահանջներին, ինչը, նկատենք, շատ մեծ «նագլիություն» է վերջինիս կողմից։ Մարդը «մեռավ» աջից ու ձախից քայլեր անելով, բայց Գյուլի հետ շփվող Սարգսյանն այդպես էլ չի ցանկանում «կապնվել» իր արմատական ախոյանի հետ, ով արդեն մշակութային բնույթի խոսակցությունների է անցել։

Սերժ Սարգսյանը մեծագույն սխալ գործած կլինի, եթե հաշվի չառնի ՀԱԿ առաջնորդի խոսքերն ու չօգտագործի նրա մտավոր պոտենցիալը, ով իր գիտելիքներով «ծալած», «փաթթած» ու «ոլորած» ունի Հանրային խորհրդի շատուշատ անդամների, որոնց գործը նախագահի բարձ հովանու տակ անցկացվող անշառ մշակութային բանավեճեր ծավալելն է։ Մշակութային երկխոսությունը իշխանության և մատենադարանային ընդդիմության միջև վերջապես կօգնի քանդել մարտի 1–ի դեպքերի շնորհիվ նախագահ դարձած ու զոհվածների քառասունքի օրը երդման արարողության ժամանակ Սերժ Սարգսյանի մատնանշած  չհասկացվածության պատը։

Թե ինչպիսի արդյունքներ կարձանագրվեն 2008-ի երկու հիմնական մրցակիցների հետագա հարաբերություններում, դժվար է ասել, սակայն, դատելով ՀԱԿ առաջնորդի համառությունից ու հետևողականությունից, Սերժ Սարգսյանը չի դիմանա առերեսմանը և կդառնա «միաբանների» «Եղիազար Այնթապցին»։ Ուրիշ ճար չունի։

Չնայած՝ մյուս կողմից էլ կա Էրդողան-Սարգսյան հարաբերությունների փորձը, որից կարելի է եզրակացնել, որ եթե մի կողմը մուրացկանի պես խնդրվում է, «նախաձեռնողական» է դառնում և առաջարկում է հանել մաղձը՝ հակառակ կողմն ավելի ագրեսիվ է դառնում։ Գործարքն, ըստ այդմ, չի կայանում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը