Մեկնաբանություն

23.04.2010 13:52


Գիշերային դիվանագիտություն և ցերեկային թամաշա

Գիշերային դիվանագիտություն և ցերեկային թամաշա

Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունից» «քյար» մնացին միայն արտգործնախարարի անզգուշորեն քաշքշված թշերը։ Այդ մասին իշխանությունը փաստացի խոստովանեց երեկ կազմակերպած թամաշայի ժամանակ։ Թամաշան այդ կազմակերպվեց ցերեկով։ Սկզբում կոալիցիոն ուժերը վերջապես «բացահայտեցին», որ Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշում, «քլնգեցին» Էրդողանին, ով երկու տարի շարունակ խոսում է Ղարաբաղի մասին, բայց իշխանությունները դա «նկատեցին» վերջին մի քանի օրը։ «Նկատեցին» ու համատեղ հայտարարությամբ հանդես եկան։ Հետո «կինոյի մեջի տղու» դերի մեջ մտած գիշերային դիվանագետը ցերեկով  ուղերձ հղեց, որի բովանդակությունը ոչ մի բանի մասին էր, բայց այդ «ոչ մի բանն» այնպես մատուցվեց բազմաչարչար հայ ժողովրդին, կարծես իշխանություններն արդեն հասել են Վան ու հեսա-հեսա մտնում են Մուշ, Ալաշկերտ, Արդահան։

Շատ հետաքրքիր գործելաոճ ունի Սերժ Սարգսյանը։ Երբ ինքամոռաց նետվում է Գյուլի «գիրկը» և կարծում, որ «նյուզմեյքեր» պետք է դառնա ու քիրվայություն անի, գործում է գիշերով ու միայնակ։ Իսկ երբ տեսնում է, որ քիրվայությունը չի ստացվում ու ստիպված պետք է ձախողման մասին «ավետել», անմիջապես հիշում է, որ իշխանական կոալիցիա կա, ու նրանց էլ է մասնակից դարձնում իր ձախողմանը և  ցերեկով համատեղ հայտարարություն է բեմադրել տալիս։

Հիմա իշխանական քարոզիչները ճիշտ նույն էնտուզիազմով, որով քարոզում էին «նախաձեռնողականությունը», կսկսեն խոսել ՀՀ նախագահի հականախաձեռնողականության մասին ու կրկին կգովերգեն նրա քայլերը։ Այսինքն, «էշ» վիճակի մեջ են հայտնվելու։

Իսկ ի՞նչ էր երեկ ասում իր ուղերձում Սարգսյանը։ Հայկական լսարանին փորձ արվեց ցույց տալ, որ «հերոսաբար» պայքարում են թուրքերի դեմ, իսկ արտաքին լսարանին ասվեց, որ պատրաստ են շարունակել քիրվայությունը, բայց այդ «նագլի» Էրդողանը Նալբանդյանի «երեսը» ստանալուց հետո «աստառն» էլ է ուզում։ Այսինքն, ամեն ինչ մնաց նույնը, պարզապես անցած տարվա ապրիլի 22-ի գիշերը կերած «բորշից» հետո այս տարի Սարգսյանն ուզում է ցույց տալ, որ ինքը միշտ էլ «ֆիդայի» է եղել։ Ուրիշ ոչինչ։

Հիմա Սարգսյանի հայտարարությունն ու քաղաքական պահվածքը հիշեցնում են այն «դուրս ընկած» կնոջ վարքագիծը, ով պատրաստակամություն է հայտնում շատ էժանով նետվել իր հարևանությամբ ապրող տղամարդու գիրկը, բայց «պասլատ» լինելով նույն այդ հարևանի կողմից՝ ձայնը գլուխն է գցում, թե ինքը երբեք չի կենակցի նրա հետ, քանզի բարոյականություն և արժանապատվություն ունի։

«Ֆուտբոլային» դիվանագիտությունն ի սկզբանե ձախողված էր։ Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանն ու իրեն կից վխտացող քաղաքական գործիչները, թուրքագետ, վերլուծաբան, փորձագետ, լրագրող, մտավորական ու էլ եսիմ ինչ կոչվածները, փրփուրները բերաններին գովերգում էին ՀՀԿ «ճկուն» առաջնորդի քայլերն ու կատաղի ձևով քիրվայություն քարոզում։ Հիմա բոլորը «քաշվեցին»։ «Քաշվեց» նաև Սարգսյանի «ֆուտբոլը» ողջունած ու քիրվայականության գաղափարական հայր Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հանուն արդարության պետք է նշել, որ տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության ի հայտ գալը միայն Սերժ Սարգսյանի «վրձնի» գործը չէր։ Տարիներ շարունակ  դա քարոզվել էր Տեր-Պետրոսյանի ու իր թիմակիցների կողմից։ Այդ հիմա է, որ նրանք ուզում են տարանջատվել, բայց չի ստացվի։ Լևոն Տեր-Պետրոսյանը հավասարապես կրում է «նախաձեռնողականության» պատասխանատվությունը։ Գործող ռեժիմի տապալումը նաև իր տապալումն է, և դրա համար Սերժ Սարգսյանին մեծ շնորհակալություն պետք է հայտնել։ Ս. Սարգսյանն, անկախ իր կամքից, «խուրդեց» լևոնական գաղափարները և հիմնահատակ ոչնչացրեց համոզված քիրվայականների  թիմին։ Նալբանդյանի թշերից հետո սա երկրորդ օգուտն էր, որը կարելի է չակերտների մեջ չդնել, քանի որ քիրվայականության ոչնչացումը Հայաստանի իրական օգուտներից է։

«Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում»,- նման դեպքերի համար բանաձև է մտածել Սերժ Սարգսյանը։ Դատելով այն բանից, որ «մեր» նախաձեռնող նախագահն ինչ անում է՝ սխալվում է, պետք է խնդրել, որ նա ոչինչ չանի, որպեսզի չսխալվի։ Այդպես ավելի լավ կլինի հա՛մ իր, հա՛մ երկրի համար։ Իսկ հանրությունը պետք է պատրաստվի չվաստակած հանգստի ուղարկել «ֆուտբոլային» դիվանագիտության գաղափարական հայրերին ու այդ «ֆուտբոլի» այսօրվա մենեջերներին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը