Կարծիք

23.04.2010 09:39


Թեդ Պողոսյանն ու նրա փչոցները հայոց ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մասին

Թեդ Պողոսյանն ու նրա փչոցները հայոց ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մասին

 Արցախում իր նահատակությունից տասնյոթ տարի անց Հայաստանի նորագույն պատմության ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը կրկին անգամ դարձել է անարգման թիրախ: Վերջերս Open Source ռադիոկայանով վաստակավոր ռեժիսոր և վավերագրող Թեդ Բոգոսյանի հարցազրույցը լսեցի: Հարցազրույցի թեման Թեդի կյանքի կոչումն էր - ճշմարտության որոնումն ու մատուցումը:

Open Source ռադիոկայանի հաղորդավար Քրիստոֆեր Լայդոնը Թեդ Բոգոսյանին ներկայացրեց որպես ճշմարտախույզ (truth hound) և տվեց նրան առաջին հարցը՝ «Ի՞նչ է ճշմարտությունը» (տես՝ http://www.radioopensource.org/ted-bogosian-confessions-of-a-truth-hound/): Այն, ինչ լսեցի ի պատասխան՝ հարցազրույցի կեսին դեռ չհասած, ինձ ստիպեց ենթադրել, որ Թեդը սխալ է հասկացել Քրիսի հարցը՝ կարծելով, թե վերջինս իրեն հարցրել է՝ «ի՞նչ է սուտը» կամ, տվյալ պարագայում, ինչպես մատուցել փչոցը որպես ճշմարտություն:

Որպես ճշմարտություն որոնող անձնավորություն՝ ես սկզբում բավականին ոգևորվեցի հանրաճանաչ հայից այլընտրանքային փորձառության մասին իմանալու հեռանկարով, մինչև որ չլսեցի նրա հետևյալ պնդումները.

«Հայկական ճանապարհորդության» մեջ մի շատ հետաքրքիր դրվագ կա, որը հանվել է վերջնական մոնտաժի ժամանակ: Այդ դրվագն այն մասին է, թե ինչպես սկսեցի հարցազրույց վարել իմ տարիքի ու համանման կրթական անցյալով մի երիտասարդի՝ Մոնթե Մելքոնյանի հետ: Եվ Մոնթեն ծնվել էր գրեթե նույն տարում Կալիֆոռնիայի կենտրոնական հարթավայրում: Մինչ ես Դյուքում էի սովորում, նա Բերկլիում էր, իսկ երբ ես մագիստրատուրա ընդունվեցի, նա մագիստրատուրա էր հաճախում Բեյրութում: Նա յուրովի էր ընկալում Ցեղասպանության մասին ճշմարտությունը և նա դարձավ ծայրահեղական ու անցավ ընդհատակ, սկսեց զբաղվել զենքի վաճառքով ու սկսեց զբաղվել թմրանյութերի վաճառքով ու հայկական ահաբեկչական շարժում հիմնեց: Եվ այսպես, մինչ ես «Հայկական ճանպարհորդություն» ֆիլմն էի պատրաստում, նա ֆրանսիական բանտում էր Եվրոպայում, Օռլի օդանավակայանում, թուրքական դեսպանատներում և այլ հաստատություններում տեղի ունեցած մի շարք պայթյուններ գլխավորելու և կազմակերպելու համար, որոնց հետևանքում բազմաթիվ անմեղ զոհեր եղան: Այսպիսով՝ գնացի Մոնթեին բանտում տեսակցելու, ու շատ հետաքրքիր բան ստացվեց, քանի որ նա կարծում էր, թե եկել եմ իրեն սպանելու, որովհետև չգիտեր, թե ես ով եմ ու ոչ մի այցելուի չէր սպասում այդ օրը: Բայց ես եկել էի նրա հետ զրուցելու և հասկացա նրա մանիֆեստը: Եվ հասկացա, որ այն, ինչ անում էր նա, նման էր իմ անելիքին, միայն թե թատերաբեմն էր ուրիշ: Եվ այսպիսով՝ իմ պայքարը ուղղված էր լրատվական միջոցների դեմ՝ փորձելով նրանց այլ պատմություն մատուցել, իսկ նրա պայքարը ավելի ավանդական էր: Այսպիսով՝ այդ դրվագը դուրս մնաց ֆիլմի վերջնական տարբերակից, որովհետև չէի կարողանալու ֆիլմը ներկայացնել հեռուստատեսությամբ, եթե ընդգրկեի նաև այդ մանիֆեստը: Բայց հիշատակում եմ, քանի որ ուզում եմ ասել, որ այս տեսակ բաները ոչ միայն հայերի արյան մեջ են, այլև այն ժողովուրդների, որոնք ցանկանում են ասել ճշմարտությունը և պատրաստ են դիմել ամեն քայլիե: (Ձայնային դրվագը՝ 09:16-11:36)

Ավելի քան մեկ տասնամյակ նվիրած լինելով Մոնթե Մելքոնյանի կարճ ու փշոտ ուղու ուսումնասիրությանը՝ ինձ համար հատկապես տխրեցնող է նման անպատասխանատու և փառազրկող հայտարարություններ լսել «ճշմարտություն որոնող» մեկից, ինչպիսին Թեդ Բոգոսյանն է: Այս հայտարարություններն ի ցույց են դնում հետազոտական աշխատանքի ծանծաղություն, ընդհանրացումներ և հայոց նորագույն պատմության քմահաճ աղավաղման փորձ:

Կուզեի տեսնել գեթ մեկ վկայություն, որ կհաստատեր Թեդ Բոգոսյանի պնդումները, թե Մոնթե Մելքոնյանը զբաղվել է թմրանյութերի ու զինամթերքի վաճառքով, հիմնել հայկական ահաբեկչական կազմակերպություն, մտահղացել ու գլխավորել փարիզյան Օռլի օդանավակայանի ահաբեկչական գրոհը: Սրանք այն երեք հիմնական խնդիրներն են, որոնց դեմ Մելքոնյանը մշտապես պայքարել է իր ողջ էությամբ՝ վտանգի ենթարկելով սեփական կյանքը: Օռլիի գործողությունն էր, որ արագացրեց ԱՍԱԼԱ-յի պառակտումը:

Առավել հստակության համար ստորև առանձնացրել եմ Թեդ Բոգոսյանի արած յուրաքանչյուր կասկածելի պնդումը: Սկսենք ամենաանմեղ անճշտություններից.

(Թեդ Բոգոսյան)

Թ. Բոգոսյան՝ պնդում թիվ 1. «Եվ Մոնթեն ծնվել էր գրեթե նույն տարում...»:

Թեդ Բոգոսյանը ծնվել է 1951 թ., իսկ Մոնթե Մելքոնյանը՝ 1957: Այնպես որ Մոնթեն այնքան էլ Բոգոսյանի տարիքի մի երիտասարդ չէ, ինչպես ներկայացվում է վերը:

Թ. Բոգոսյան՝ պնդում թիվ 2. «...իսկ երբ ես մագիստրատուրա ընդունվեցի, նա [Մոնթե Մելքոնյանը] մագիստրատուրա էր հաճախում Բեյրութում»:

Մոնթե Մելքոնյանը ընդունվել է Օքսֆորդի մագիստրատուրան, սակայն վերջ է դրել իր գիտական կարիերային՝ նախընտրելով մեկնել Բեյրութ լիբանյան քաղաքացիական պատերազմի երկրորդ փուլի սկզբում և մասնակցել քաղաքի հայկական Բուրջ Համուդ թաղամասի ինքնապաշտպանությանը:

Թ. Բոգոսյան՝ պնդում թիվ 3. «...[Մոնթե Մելքոնյանը] սկսեց զբաղվել զենքի վաճառքով ու սկսեց զբաղվել թմրանյութերի վաճառքով»:

Թե՛ ինձ, թե ՛ այլ հետազոտողներին հարցազրույց տված, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ շարադրված՝ Մոնթեին ճանաչող մարդկանց բոլոր պատմությունները մատնանշում են, որ Մոնթեն կտրականապես դեմ է եղել թմրանյութերին՝ լինի դա օգտագործման, թե վաճառքի համար: Իմ ուսումնասիրությունների ընթացքում ինձ չի հանդիպել որևիցե վկայություն, որ փաստեր զենքի կամ թմրանյութի վաճառքում նրա ներգրավվածությունը:

Ըստ Մոնթե Մելքոնյանի զինակիցներից մեկի՝ մի անգամ, Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար եղած ժամանակ, նա մերժել է ոմն սպայի՝ պատասխանատու ռազմական պաշտոնում նշանակման վերաբերյալ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի հրամանատար Սամվել Բաբայանի խնդրանքը միայն այն պատճառով, որ այդ հայցվորը հաշիշ էր ծխում: Մոնթեն իր ենթակայության տակ գտնվող զինվորներին անգամ ալկոհոլի օգտագործումն էր խստորեն արգելում, ինչը չլսված բան էր այլ զորամիավորումներում:

Եվ, ամենակարևորը, Մոնթեն բավական ազդեցիկ թշնամիներ ձեռք բերեց այն բանից հետո, երբ սեփական նախաձեռնությամբ հսկայական շահույթ բերող կանեփի դաշտեր այրեց՝ այդպիսով փորձելով վերջ դնել տեղական թմրաբիզնեսին: Այս արարքին, սակայն, հետևեցին իր դեմ կատարված մի շարք մահափորձեր: Կարելի է կարծել, որ Մոնթեն կարող էր օգտագործել թմրանյութերի վաճառքից գոյացող հասույթը իր հրամանատարության տակ գտնվող թերսնված ու թերզինված մարտիկներին սնելու ու զինելու նպատակով: Բոլոր վկայությունները ցույց են տալիս, որ նա չի գնացել այդ կարգի որևիցե փոխզիջման:

Թ. Բոգոսյան՝ պնդում թիվ 4. «...[Մոնթե Մելքոնյանը] հայկական ահաբեկչական շարժում հիմնեց»:

Սա բացարձակապես ստահոդ պնդում է: Թեդ Բոգոսյանի ակնարկած ԱՍԱԼԱ-ն հիմնադրվել է 1975 թ. Բեյրութում Լիբանանի քաղաքացիական պատերազմի առաջին փուլում Հակոբ Հակոբյան կեղծանվամբ ներկայացաղ Հարություն Թաքոշյանի կողմից: Իսկ Մոնթեն հասուն տարիքում առաջին անգամ Բեյրութ դրանից երեք տարի հետո է ժամանել: ԱՍԱԼԱ-յին Մոնթեն անդամակցել է 1980 թ., երբ ծառայում էր Բուրջ Համուդի զինված խմբավորումներում, որոնք Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ իրականացնում էին Բեյրութի հայկական թաղամասի ինքնապաշտպանությունը:

Հետագայում, ըստ ԱՍԱԼԱ-յի համակիրների և հակառակորդների վկայությունների, Մոնթեն առանցքային դեր է խաղացել 1983 թ. կազմակերպության արյունալի պառակտման գործում, ինչը շուտվանից արդեն հասունացել էր Հակոբ Հակոբյանի բռնակալությունը հանդուրժողների և պայքարի նրա նախընտրած մեթոդներին ընդդիմացողների միջև: Ներքին հակամարտության պատճառներից էին անմեղ զոհերի խնդիրն ու բոլոր այն գործողությունները, որոնք շեղում էին հանրության ուշադրությունը այն խնդիրներից, որոնց իրազեկությունն ապահովելուն էլ ուղղված էր իրենց պայքարը:

Թ. Բոգոսյան՝ պնդում թիվ 5. «...նա [Մոնթե Մելքոնյանը] ֆրանսիական բանտում էր Եվրոպայում, Օռլի օդանավակայանում, թուրքական դեսպանատներում և այլ հաստատություններում տեղի ունեցած մի շարք պայթյուններ գլխավորելու համար, որոնց հետևանքում բազմաթիվ անմեղ զոհեր եղան»:

Ծայրաստիճան ընդհանրացում: Մոնթե Մելքոնյանը ձերբակալվել է Փարիզում 1985 թ. նոյեմբերի 28-ին կեղծ անձնագիր և անօրինական ատրճանակ կրելու մեղադրանքով: Նա դատապարտվեց վեց տարվա ազատազրկման, սակայն երեք ու կես տարի անց ազատ արձակվեց:

Անմեղ մարդկանց կյանք խլած  ու վիրավորած՝ Օռլի օդանավակայանի գրոհը, որը տեղի է ունեցել 1983 թ. հուլիսի 15-ին, կազմակերպվել էր այն ժամանակ արդեն Մոնթե Մելքոնյանի ոխերիմ թշնամի Հակոբ Հակոբյանի կողմից, իսկ կյանքի կոչվել էր նրա համակիրների կողմից: Օռլիի գրոհի գործով դատապարտվել է միայն երեք անձ՝ Վարաջան Գարբիջյան (այլընտրանքային հեգում՝ Վարուժան Կարապետյան, ցմահ բանտարկություն, ազատ է արձակվել 17 տարի անց), Սոներ Նայիր (15 տարի), Օհանես Սեմերջի (10 տարի):

Օռլիի գրոհի պատրաստմանը զուգահեռ ,ներքին արնահոսությունե էր տեղի ունենում ԱՍԱԼԱ-յի ներսում Հակոբյանի ղեկավարման, պայքարի նրա որդեգրած մեթոդների և, մասնավորապես, Օռլիի վերահաս գրոհի պատճառով անդամների միջև խորացող խռովությունների արդյունքում: Մոնթեն ընդդիմության թևում էր: Չնայած Օռլիի ողբերգությունը կանխելուն ուղղված նրա գործադրած ջանքերին՝ գորհն ի կատար ածվեց և ԱՍԱԼԱ-յի վերջնական պառակտման գործում հանդես եկավ որպես կատալիզատոր:

«Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»,- մի հարցազրույցի ժամանակ ասել է Մոնթե Մելքոնյանը Ղարաբաղում: Ո՞վ գիտի, հաշվի առնելով Ադրբեջանի նկատմամբ հայերի տարած հաղթանակում Մոնթե Մելքոնյանի ունեցած անփոխարինելի ավանդը՝ ղարաբաղյան պատերազմը կարող էր դատապարտված լինել ձախողման, եթե Մելքոնյանը գլխավորած լիներ Օռլի օդանավակայանի գրոհն ու դատապարտվեր ցմահ բանտարկության:

Մելքոնյանը երկու անգամ է ձերբակալվել: Նրա դատական գործում չի եղել որևիցե վկայություն կամ ենթադրություն, որ հաստատեր Բոգոսյանի պնդումներն այն մասին, որ նա մասնակցել է այդ գրոհին որևիցե կարգավիճակով կամ զբաղվել է զինամթերքի ու թմրանյութերի վաճառքով: Ֆրանսիական իշխանությունների, ինչպես նաև Մոնթե Մելքոնյանի թշնամիների համար դա անգին վկայություն կլիներ, սակայն չկար այդպիսի փաստաթուղթ:

Թ. Բոգոսյան՝ պնդում թիվ 6. «Այսպիսով՝ գնացի Մոնթեին բանտում տեսակցելու, ու շատ հետաքրքիր բան ստացվեց, քանի որ նա կարծում էր, թե եկել եմ իրեն սպանելու...»։

Լավ, եկեք իրար ճիշտ հասկանանք: Մոնթեն կարծել է, թե Բոգոսյանը եկել է նրան սպանելու համա՞ր: Ուրեմն, Բոգոսյանի ասելով, Մոնթեն վախեցել է, որ ամերիկահայ ռեժիսորը պիտի մտնի նախկինում որպես համակենտրոնացման ճամբար ծառայած Ֆռեզնի խիստ ռեժիմի բանտը, որտեղ զինված բանտապահները հետևում են նրա յուրաքանչյուր շարժմանը, և սպանի իրեն: Չէ՞ որ յուրաքանչյուր այցելուի ոտից գլուխ ստուգում են, մինչև շենքից ներս թողնելը, ապա վերստուգում բազմաթիվ անցակետերում, մինչև հեռախոսախցիկի մեծության տեսակցության վայր մուտքն արտոնելը, որտեղ այցելուի և դատապարտյալի միջև հաստ ապակի է ամրացված: Թեդ Բոգոսյանի նկարագրությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես Մոնթեն գտնվում էր հարավային Ֆրանսիայի հանգստավայրերից մեկում:

Հնարավորինս ստույգ փաստարկներ ներկայացրած լինելով՝ պատրաստ եմ լսել Բոգոսյանի արտահայտած պնդումները հաստատող ցանկացած վկայություն: Այլապես, ինչպես ընկերներիցս մեկը նշեց, հարցազրույցում ,Թեդը խոսում է Թեդի մասին և ոչ թե՝ ճշմարտությանե: Ես ողջունում եմ ցանկացած փաստ, քանի որ այն կհարստացնի մեր գիտելիքն այն մասին, թե ով է իրականում եղել Մոնթե Մելքոնյանը: Ըստ այդմ՝ Բոգոսյանին առաջարկում եմ կատարել համապատասխան շտկումներ՝ սեփական հիշողությունները փոխարինելով վկայություններով և փաստերով: Այլապես Թեդ Բոգոսյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի:

Արա Մանուկյան,

 Մարդու իրավունքների պաշտպան, ներկայացնում է «Շահան Նաթալի» ընտանեկան հիմնադրությունը Արցախում և Հայաստանում, ինչպես նաև Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia-յի (PFA) անդամ է

Այս խորագրի վերջին նյութերը