Մեկնաբանություն

26.04.2010 11:45


Երբ մարմինը չգիտի, թե գլուխն ինչ է անելու

Երբ մարմինը չգիտի, թե գլուխն ինչ է անելու

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ «ճանապարհային քարտեզի» ստորագրումից ուղիղ մեկ տարի հետո՝ 2010թ. ապրիլի 22-ին, ՀՀ Ազգային ժողովում քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը, հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ «հայկական կողմի կառուցողական ջանքերը և միջազգային հանրության ակնկալիքները շարունակաբար բախվեցին թուրքական կողմի անհետևողական, խուսափողական դիրքորոշումներին, շարունակական նախապայմանների առաջադրման քաղաքականությանը, որը փակուղի մտցրեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների՝ խելամիտ ժամկետներում վավերացման գործընթացը»:

Հետաքրքրական այն է, որ այդ հայտարարությունից ընդամենը 2 օր առաջ՝ ապրիլի 20-ին, նույն այդ կոալիցիոն կուսակցության՝ «Օրինաց երկրի» փոխնախագահ Մհեր Շահգելդյանը մեր հարցին ի պատասխան հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի չի մտել։

-Չեմ կարծում, որ գործընթացը փակուղի է մտել, և այս հանդիպումներն ու քննարկումները ևս ցույց տվեցին դա,-ասել էր Մ. Շահգելդյանը։

Փաստորեն մեկ օր անց ՕԵԿ–ը զգաց, որ փակուղում է հայտնվել և հայտարարությամբ հանդես եկավ։

Ապրիլի 16-ին (կոալիցիոն կուսակցությունների համատեղ հայտարարությունից ընդամենը 6 օր առաջ) նույն հարցը տվեցինք նաև կոալիցիոն մեկ այլ կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանին, և, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պատասխան ստացանք։ Նա հայտարարեց, որ հայ-թուրքական երկխոսությունը ոչ թե սպրինտ է՝ 100 մետրանոց վազք, որը պետք է մի շնչով արագ վազել, այլ մարաթոն, և որ 2010թ. ապրիլի 24-ից հետո էլ հայ-թուրքական բանակցությունները կշարունակվեն, ողջամիտ ժամկետն էլ չի սպառվի այնքան ժամանակ, քանի դեռ հարցն ունի հասարակական-քաղաքական հնչեղություն.

- Հարցը շարունակում է մնալ արդիական, հետևաբար ողջամիտ ժամկետներ ասած տերմինը դեռևս սպառված չէ,- նշել էր Արամ Սաֆարյանը։

Ու զավեշտալին ոչ այնքան նրանց պատասխաններն են (թեև ոմանց համար դեռ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց առաջ էլ պարզ էր, որ գործընթացը հայտնվելու է փակուղում), այլ այն, որ իրենց լավատեսական պնդումներից ընդամենը օրեր անց նույն այդ կոալիցիոն կուսակցություններին պետք է հրահանգվեր հայտարարություն տարածել՝ նշելով, որ Թուրքիան փակուղի է մտցրել խելամիտ ժամկետներում արձանագրությունների վավերացման գործընթացը:

Գոնե Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից օրինակ վերցնեին, ով արդեն վերջերս սկսել էր պնդել, որ ողջամիտ ժամկետները վաղուց սպառվել են։

-Մի քանի անգամ ասել եմ՝ ողջամիտ ժամկետները վաղուց անցել են։ Այսօր Հայաստանը պատրաստ է արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը հետ վերցնել, սակայն նաև հարկավոր է խոհեմ, նպատակահարմար քաղաքական պահի դա կատարել։ Իհարկե, Սերժ Սարգսյան-Օբամա հանդիպումը նաև կանխատեսում է, որ հնարավորինս ավելի կակտիվանան ճնշումները Թուրքիայի վրա,- 2010թ. ապրիլի 13-ին «7օր»-ին տված հարցազրույցում հայտարարել էր Գ. Սահակյանը։

Թեև նա էլ իր կարծիքը հաշված օրերի ընթացքում փոխելու գործելաոճով ոչնչով չի տարբերվում կոալիցիոն մյուս գործընկերներից, քանի որ  ապրիլի 15-ին, Գ. Սահակյանը հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արդեն ավելի է առաջ գնացել, քան արձանագրությունների վավերացման կամ չվավերացման խնդիրն է, ու շատ հնարավոր է, որ մինչև ստորագրելն էլ սահմանները բացվեն։

Դե այդ ժամանակ Գալուստ Սահակյանն ի՞նչ իմանար, որ օրեր հետո ինքը կոալիցիոն մյուս գործընկերների հետ ոչ միայն գործընթացը փակուղու մեջ մտնելու մասին հայտարարության տակ պետք է ստորագրեր, այլ նաև իր ղեկավար Սերժ Սարգսյանը պետք է ուղերձով հանդես գար և հայտարարեր.

-Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել և առանց նախապայմանների, արձանագրությունների տառին համապատասխան քայլերով առաջ շարժվել: Ողջամիտ ժամկետները, մեր կարծիքով, ավարտվել են: Ամեն գնով ապրիլի 24-ն անցկացնելու թուրքական գործելաոճը պարզապես անընդունելի է: Մենք անընդունելի ենք համարում նաև Հայաստան-Թուրքիա երկխոսությունն ինքնանպատակ դարձնելու անիմաստ ձեռագիրը և այս պահից սկսած հարաբերությունների կարգավորման ներկա փուլը համարում ենք սպառված:

Ինչպես պարզ է դառնում ՀՀ նախագահի խոսքից՝ գործընթացի շատ ավելի առաջ գնալու մասին խոսք անգամ չկա, ինչի մասին պնդում էր ՀՀԿ փոխնախագահը։

Այս ամենից կարելի է եզրակացնել մեկ բան։ Սրանով ապացուցվում է, որ Հայաստանի ճակատագիրը գտնվում է ընդամենը մեկ մարդու՝ ՀՀ նախագահի  ձեռքում, ում որոշումների մասին կոալիցիոն անդամները և սեփական կուսակցության ներկայացուցիչները մեր բոլորի հետ միասին տեղեկանում են դրանց կայացումից հետո միայն  (այդպես եղավ նաև 2009թ. ապրիլի 22-ին՝ «ճանապարհային քարտեզի» գիշերային ստորագրության պարագայում, ինչպես նաև հայ–թուրքական արձանագրությունների գիշերային նախաստորագրման ժամանակ)։ Հայաստանի ճակատագիրն այն մարդու ձեռքում է, ով որոշումներ է կայացնում, իսկ հետո շատ հեշտությամբ հայտարարում, որ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։

-Չսխալվելու երաշխիքն ու հոմանիշը դեռ երեկ ոչինչ չանելն էր: Այսօր ոչինչ չանելը հավասարազոր է սխալվելուն։... Մենք պետք է ճկուն լինենք որոշումներ կայացնելիս և դրանք փոխելիս,- 2009թ. նոյեմբերի 28-ին ՀՀԿ 12-րդ համագումարում հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Այդ տրամաբանությամբ կարելի է Հայաստանին հասցնել կործանման եզրին և հայտարարել՝ օ՛յ, սխալվեցի, բայց դե, չի սխալվում նա, ով ...

Արեգնազ Մանուկյան

Հ.Գ.։ Եթե հիշում եք, հայ–թուրքական «մեղրամիսի» բուռն շրջանում, երբ մեզ քարոզչական տեռորի էին ենթարկում տարբեր կարգի պաշտոնյաները, «մտավորականները», վերլուծաբանները, թուրքագետները և քաղաքագետները, հիմնական փաստարկն այն էր, որ Հայաստանը զարգանալու այլ տարբերակ չունի, քան Թուրքիայի հետ բաց սահմանը։ Հիմա ստացվում է, որ մենք զարգանալու շանս չունե՞նք։ Բայց չէ՞ որ դա հիմարություն էր։ Հիմարություն, որը տոտալ կերպով քարոզվում էր։ Իհարկե լավ կլինի, որ ունենանք բաց սահմաններ, բայց այդ սահմաններն այդ ձևով չեն բացվելու, ինչ ձևով, որ քարոզվում էր մեզ։

Այս խորագրի վերջին նյութերը