Կարծիք

29.04.2010 17:32


Սառեցու՞մ, թե՞ հուղարկավո– րություն

Սառեցու՞մ, թե՞ հուղարկավո– րություն

Հետաքրքիր է՝ մինչև երբ ենք պետական մակարդակով ազգային շահերի հաշվին սրան-նրան լավություն անելու:

2009 թվականի ապրիլի քսանչորսի նախաշեմին ճնշումների տեղի տալով, թե սեփական կամքով արդեն կարևոր չէ, հատկապես Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ ու ստորագրությամբ հրապարակվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը, որը հանդիսացավ ,ֆուտբոլայինե հորջորջվող դիվանագիտության առաջին նյութականացված արդյունքը: Բնականաբար, այդ ճանապարհային քարտեզը ,բժշկականե միջամտության շնորհիվ վաղաժամկետ (չի բացառվում նաև արհեստական տարբերակը) ծնունդ ունեցավ: Իհարկե, Օբամային պետք էր ցանկացած գնով արդեն լույս աշխարհ եկած պտուղ, որպեսզի նյութականացված հղում կատարի, նրան բավարար չէր հղումը «հղիությանը»: Մենք ինչպե՞ս կարող ենք չհետևել ժողովրդական ասացվածքին. լավություն արեցինք, ջուրը գցեցինք:

Բնական երևույթ է, վաղաժամկետ ծնված պտուղը բժիշկների հսկողության տակ աճում էր, մինչև հայր-Հայաստանն ու մայր-Թուրքիան համաձայնության եկան երեխայի խնամքի, դաստիարակության և ապագայի հետ կապված հարցերի շուրջ, և արդյունքում, մայրը որոշակի կիսատ-պռատ պարտականություններ ստանձնեց՝ հիմնական բեռը թողնելով հոր ուսերին: Սակայն Թուրքիայի «խնամակալ» քաղաքականության պատճառով վաղածին ու արհեստածին երեխան, զգալով մորական խնամքի ու հոգատարության պակաս (երբեմն էլ մոր ագրեսիվությունը զգալով), մահացավ: Սակայն ամենահետաքրքիրը հոր վարքն է. խելակորույս հայրը զավակին հավուր պատշաճի հուղարկավորելու փոխարեն բժիշկների հորդորներով դնում է սառնարան՝ այն պատճառաբանությամբ, որ մոր գութը գուցե շարժվի ու մայրը գա փաղաքշի երեխային ու վերջինս վերակենդանանա: Ցավոք, հայրը չի հասկանում, որ այդ կերպ ինքը կախված է մնում մոր կամքից ու զղջումից, և վերջինս, խաղալով իր հույզերի հետ, իր վերադարձի դիմաց կկորզի շատ բան:

Հայաստանի Հանրապետությունում պետական ավանդույթի է վերածվում հատկապես ապրիլի քսանչորսի նախաշեմին լավություն անելը հատկապես ԱՄՆ «տղամարդ-տղա» նախագահ Օբամային: Իհարկե, Հայաստանի իշխանություններն արձանագրություններից ՀՀ ստորագրությունը հետ կանչեին, թե ուղղակի սառեցնեին արձանագրությունների վավերացման գործընթացը, միևնույն է, Օբաման այս ելույթում էլ չէր արտասանի ցեղասպանություն տերմինը, սակայն ինձ զարմացնում է ՀՀ նախագահի հետևյալ խոսքը՝ «Չեմ թաքցնում, մեր գործընկերները հորդորել են ինձ շարունակել գործընթացը, հորդորել են չկանգնեցնել այն: Եվ հարգելով նրանց ջանքերն ու անկեղծ ցանկությունները, կոալիցիոն գործընկերների հետ և Անվտանգության խորհրդում քննարկումներից հետո, մենք վճռել ենք առայժմ դուրս չգալ գործընթացից, կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը»: Փաստորեն, արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման որոշումը գործընթացից ամբողջովին դուրս գալու որոշման փոխարեն կայացվել է շնորհիվ Նիկոլա Սարկոզիի, Բարաք Օբամայի և Դմիտրի Մեդվեդևի հորդորների՞՝ հաշվի առնելով նրանց ջանքերն ու անկեղծ ցանկությունները՞: Ցավալի չէ՞. Հայաստանի Հանրապետության նախագահը, կառավարող կոալիցիան ու անվտանգության խորհուրդը մեր ազգային կարևորագույն հարցերից մեկի մասին որոշում են կայացնում ինչ-որ անձանց (թեկուզև գերտերությունների նախագահներ) հարգելով: Հուսով եմ՝ սխալվում եմ ասածներիս մեջ և որոշումը կայացվել է լուրջ ու ազգային շահից ելնող հիմքերով: Ուղղակի երկրի նախագահն իր պետական հաճոյախոսությունների մեջ պետք է չափազանց զգույշ լինի, որպեսզի չընկնի ծայրահեղությունների ու այս կամ այն անձնավորության ազգայինից էլ գերարժեվորման գիրկը:

Հիշու՞մ եք, որ սկզբում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջնորդներ լինելու հանգամանքը բացատրվում էր նրանով, որ երեքն էլ շահագրգռված են հայ-թուրքական սահմանի բացմամբ, և այդ հարցում իբր թե միահամուռ են այդ երեք գերտերությունների կարծիքները: Իսկ որտե՞ղ ու ե՞րբ բաժանվեցին այդ միահամուռ ջանքերն ու կարծիքները: Այդ բաժանման վկայությունն այն է, որ Հայաստանի իշխանությունների՝ արձանագրությունների վավերացումը կասեցնելու որոշմանը հաջորդեցին տարամետ հայտարարություններ: Նիկոլա Սարկոզին իր բարձր դիրքից ողջունեց ՀՀ իշխանությունների որոշումը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը (անուշադրության չմատնենք պետական պաշտոնական կարծիք հայտնողի դիրքը) նույնպես ողջունեց, սակայն այն, որ ՀՀ-ը գործընթացից ամբողջովին դուրս չեկավ, այսինքն՝ չարյաց փոքրագույնը: Իսկ ահա Ռուսաստանը հանդես եկավ լրիվ այլ դիրքերից՝ արտգործ նախարարության մի ինչ-որ պաշտոնյայի շուրթերով հայտարարելով, որ Ռուսաստանը քննարկում է Մինսկի խմբում Թուրքիայի ակտիվ մասնակցության հարցը: Արդյո՞ք սա պատասխան չէր ՀՀ իշխանությունների «հանդուգն» որոշմանը: Պարզվում է՝ Սերժ Սարգսյանի որոշման հիմքում ընկած էր հարգանքը Սարկոզիի ու Օբամայի նկատմամբ, բայց ոչ երբեք Մեդվեդևի: Փաստորեն, Ռուսաստանը հասկացնել է տալիս, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, այնուամենայնիվ, կապ ունի Արցախյան հիմնահարցի հետ և ամենևին էլ միմյանցից անկախ գործընթացներ չեն, ինչպես հայտարարում էին Մինսկի խմբի համանախագահները, այդ թվում՝ Ռուսաստանյան համանախագահը: Այստեղ ամրանում են Թուրքիայի դիրքերը, քանի որ Հայաստանի հետ իր հարաբերությունների հետագա ճակատագրի որոշողն ինքն է, իսկ ինքը քայլ չի անի, քանի դեռ չեն ապահովվել իր նախապայմանները: Կասեցնելով արձանագրությունների վավերացումը՝ Հայաստանն ամենևին էլ գործընթացի շարունակման գործում չի լվանում ձեռքերը, քանի որ Թուրքիան չի թողնի. ՀՀ-ը որոշելու շատ բան դեռ կունենա, ինչպիսին, օրինակ, Արցախյան ճակատում ադրբեջանամետ զարգացումը, որը, ըստ Թուրքիայի, կպայմանավորի վերջինիս առաջ քայլը հայ-թուրքական հաշտեցման գործընթացում: Ուստիև, ի հեճուկս մեզ, Թուրքիան այնքանով կապ ունի Արցախյան հիմնահարցի հետ, որքանով ինքն է կապ տեսնում և որքանով գերտերությունները շահագրգռված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ, իսկ որ Թուրքիան ցանկանում է կապել վերոնշյալ երկու գործընթացները, և միջազգային խոշոր երեք դերակատարները ցանկանում են, որ հայ-թուրքական սահմանը բացվի հարաբերությունների կարգավորման արդյունքում, միանշանակ է. ուրեմն, միանշանակ է Նաև, որ Արցախյան ճակատում Հայաստանի վրա ճնշումները մեծանալու են՝ զիջման պահանջներով:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ համառոտակի ներկայացնենք այն առավելությունները, որոնք Թուրքիան ստացավ կամ շարունակում է պահպանել ՀՀ իշխանությունների որոշման արդյունքում:

1. Հայ-թուրքական հաշտեցման գործընթացին չխանգարելու պատճառաբանությամբ հանդես գալ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դեմ:

2. Որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված գործընթացի շարունակման նախապայման պնդել Հայաստանի հետքաշումը առնվազն ազատագրված տարածքից, ինչը, ինչպես վերևում հիմնավորեցինք, հնարավոր է միջազգային  աջակցություն ստանա:

3. Արձանագրություններում ամրագրված և ՀՀ արտգործ նախարարի ստորագրությամբ հաստատված որոշակի իրավական նորմերի ուժի մեջ մնալը, որոնք իրենց պտուղները կտան երկարաժամկետ կտրվածքով:

Այսպիսով՝ մեզ պետք էր ոչ թե գործընթացը սառեցնելու որոշում, այլ գործընթացից ամբողջությամբ դուրս գալու և արձանագրություններից ՀՀ ստորագրությունները հետ կանչելու որոշում, ինչը Թուրքիայի առջև կայրեր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Արցախի հիմնահարցի ու ցեղասպանության խնդրի հետ կապելու կամուրջները՝ միաժամանակ չեղյալ հայտարարելով արձանագրությունների մեջ տեղ գտած մեզ համար վտանգավոր, ոչ հստակ ու տարբեր մեկնաբանությունների տեղիք տվող կետերը:

Արտակ Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը