Քաղաքական

30.04.2010 15:35


Պետական համակարգի կրճատումների մասին ԱԺ խմբակցությունների կարծիքը

Պետական համակարգի կրճատումների մասին ԱԺ խմբակցությունների կարծիքը

Ապրիլի 29-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ պետական համակարգում օպտիմալացման խնդիր կա. պետք է աշխատակիցների կրճատում կատարվի։

-Կրճատումներից գոյացած ֆինանսական միջոցները կմնան նախարարությունների տնօրինման տակ և կուղղվեն աշխատակիցների պարգևատրման ֆոնդին,-ասել էր վարչապետը։

Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներից ճշտեցինք, թե ինչ կարծիք ունեն Տիգրան Սարգսյանի այս մտադրության մասին և, ըստ նրանց, դրա բուն նպատակն իրականում որն է։

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը չի կարծում, որ խնդիրն աշխատակիցների ավելի կամ պակաս լինելն է։

-Այսինքն, այս 2 տարին, ինչ վարչապետը պաշտոնավարում է, չէ՞ր նկատել, որ աշխատակիցներ կան, որոնք իրենց գործառույթները չեն իրականացնում կամ ավել աշխատակազմով են աշխատում կառավարությունում։ Չեմ կարծում, որ դա է խնդիրը, բայց կառավարության գործունեության գնահատականը, կարծում եմ, պայմանավորված է նրանով, թե որքան են բարեկեցիկ դարձել քաղաքացիները, որքան են ավելացել նրանց եկամուտները, և քաղաքացիների մոտ որքանով է ավելացել նաև պետության, իշխանությունների նկատմամբ վստահությունը։ Այս առումով կարծես թե դրական որևէ առաջխաղացում գոյություն չունի։ Հասարակությունն ինքը ցույց տվեց, որ եթե կառավարությունը նույնիսկ իմիտացիոն, բայց ինչ-որ դրական քայլ կատարում է, անմիջապես արձագանքում է դրան, և իրական գործառույթ, որպես այդպիսին, մեզ մնաց միայն ամրագոտիներ կապելը,- ասաց Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով նաև, որ թեև ամրագոտիներ կապելու որոշման մեջ ինքն էլ էր իմիտացիա տեսնում, բայց կուսակից ընկերների հորդորներով նույնպես կապում է ամրագոտին.

-Մենք տեսնում ենք, որ եթե իսկապես դրական քայլեր կատարվեին, հասարակությունը կաջակցեր, բայց սա այդ քայլերի շրջանակում չի տեղավորվում։

Այն, որ պետական ապարատն ուռճացված է, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը որևէ մեկի համար գաղտնիք չի համարում։

-Իհարկե ռիսկ կա, որ աշխատանքից ազատվելու թիրախ և օբյեկտ միշտ կարող են դառնալ առավել անպաշտպանները. միևնույն է, ներթափանցած այդ նորեկները, որոնց համար նոր պաշտոններ և նոր կարգավիճակներ են հորինվել, դժվար թե տուժեն դրանից։ Բայց, միևնույն է, պետական համակարգը ուռճացված է, և կարծում եմ՝ վաղ թե ուշ այդ քայլը պետք է արվի,- հայտարարեց Ս. Սաֆարյանը։

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին էլ մտահոգել են աշխատատեղերի կրճատման մասին խոսակցությունները, որովհետև, նրա խոսքերով, առանց այն էլ տնտեսական ճգնաժամի հետևանքով մենք այսօր գործազուրկների բավական մեծ քանակ ունենք։

-Բայց եթե դա միտված է կառավարության արդյունավետությանը, ես ինչ-որ տեղ կարող եմ հասկանալ, թե ինչ են ուզում անել։ Իսկ եթե դա ինքնանպատակ է, սա արդեն անընդունելի տարբերակ է, և ես գտնում եմ, որ մենք պետք է առաջարկենք, որ կոալիցիայի նիստին անպայման քննարկվի այդ խնդիրը, թե ինչի մասին է խոսքը,- ավելացրեց Հ. Բիշարյանը։

ՀՅ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը նույնպես կարծում է, որ Հայաստանում պետական ապարատն ավանդաբար ուռճացված է լինում.

-Այս իմաստով կողմ ենք կրճատումներին, միայն թե մեզ մոտ սովորաբար այսպես է լինում՝ որևէ պետական կառույցում սկզբում կրճատվում է, հետո սկսում է ուռճանալ և ավելի մեծ ձևեր է ընդունում, քան մինչ այդ էր։ Եթե սա նաև հիմքում նպատակ ունի, որ պետական, հանրային ծառայողն արդյունքում ավելի բարձր վարձատրություն ստանա, ողջունելի է։

ՀՅԴ անդամը նաև համամիտ է, որ ցածր աշխատավարձի պատճառով պետական ապարատից լավ կադրերի հոսունություն կա.

-Եթե սա պետք է նաև նպաստի նրան, որ իսկապես որակյալ կադրերը մնան ծառայության մեջ, ոչ թե գերադասեն հոսել դեպի մասնավոր հիմնարկություններ, հաստատություններ, մենք դրանից կշահենք։ Ուրեմն ողջունելի է, միայն չլինի՝ ինչպես սովորաբար լինում է, այլ իսկապես գործընթացը ծառայի իր բուն նպատակին, և արդյունավետություն ապահովվի։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի կարծիքով էլ պետական կառավարման ապարատի կրճատումն ինքնանպատակ խնդիր չէ։

-Ես հասկանում եմ, որ կա պետական կառավարման համակարգը մոդեռնիզացնելու, ժամանակակից պահանջներին բավարար դարձնելու խնդիր, բայց այս ճգնաժամի պայմաններում այդ նպատակը՝ գործադիրի արդիականացման, բարեփոխման խնդիրը, կարծում եմ, որ պետք է լինի հասարակական քննարկման առարկա,-նշեց Ա. Սաֆարյանը,-նախքան հասարակության մեջ այդ ըմբռնմանը հասնելը կտրուկ քայլերի իրականացումը դժվարամարսելի եմ համարում։

ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանն էլ կադրային դաշտի օպտիմալացումը պայմանավորում է կառավարման արդյունավետությամբ։

-Ցանկացած բարեփոխում իր մեջ պարունակում է նաև որոշակի ռիսկային տարրեր։ Իհարկե այդ ռիսկերը շատ դեպքերում նաև անցանկալի են լինում, սակայն բարեփոխումները հենց նրա համար են, որ հանրային կյանքի կարգավորման, պետական կառավարման և սոցիալական համերաշխության կամ սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված բոլոր մեթոդները և մեխանիզմները հնարավորինս լինեն արդյունավետ, տնտեսապես ավելի հիմնավորված,- անդրադառնալով պետական ապարատի կրճատումների հետևանքով հնարավոր դժգոհությունների և լարվածությունների առաջացմանը՝ ասաց Ա. Զաքարյանը։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը