Տնտեսական

11.03.2009 11:31


Չնայած ճգնաժամին՝ կառավարությունը ցանկանում է Հայաստանը դարձնել առողջապահական, զբոսաշրջային և կրթական կենտրոն

«Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ»-ը զբոսաշրջության, առողջապահության և կրթության համակարգերում, կառավարության աջակցությամբ, սկսել է մի շարք ծրագրերի իրագործումը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հիմնադրամի տնօրեն Բեկոր Փափազյանն ասել է, որ ծրագրում են վերականգնել Տաթևի վանքը, Հալիձորի կիրճի վրա ճոպանուղի կառուցել, իսկ ճոպանուղու հարևանությամբ կառուցել հյուրանոցային համալիր։ Ծրագրի ամբողջական բյուջեն մոտ 20մլն. ԱՄՆ դոլար կկազմի։ Ծրագրվում է նաև Սպիտակ քաղաքում ստեղծել «Վարպետաց թաղամաս», որը, Բեկոր Փափազյանի խոսքերով, ծառայելու է հայկական ավանդական արհեստների և նկարագրի ստեղծմանը։

Կրթական ոլորտում, Հալաբյան փողոցին կից «Թումանյանի այգու» 5,6 ՀԱ տարածքում կկառուցվի կրթական կենտրոն և կտեղակայվեն տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն բնագավառի մի շարք այլ կազմակերպություններ։

ՀԱՄՀ ծրագրում է նաև Հայսատանը դարձնել միջուկային բժշկության տարածաշրջանային կենտրոն։ Բելգիայից Հայաստան է բերվելու Ցիկլոն-30 ցիկլոտրոնը, որի միջոցով կազմակերպվելու է ռադիոնուկլիդների արտադրություն։ Արտադրվող իզոտոպները հիմնականում կօգտագործվեն բժշկական նպատակներով, որի համար Փարիզի ուռուցքաբանական կենտրոնում աշխատող սփյուռքահայ բժիշկների միջոցով հիմնվելու է «Երևանում ուռուցքաբանության ֆրանսիական ինստիտուտ»։

«Արդյո՞ք այս բավականին հավակնոտ և ծախսատար ծրագրերը չեն նպաստի, որ Հայաստանի տնտեսական ճգնաժամնը էլ ավելի խորանա» 7or.am-ի հարցին ի պատասխան՝ ՀԱՄՀ տնօրենը ասաց, թե հակառակը՝ իրենք նպատակ ունեն այսպիսով նպաստել, որպեսզի Հայաստանը ֆինանսական ճգնաժամից մրցունակ դուրս գա։

Այս խորագրի վերջին նյութերը