Քաղաքական

14.02.2011 16:07


Հովհաննես Սահակյան. «Եթե չի կայացել նիստ, ուրեմն չպետք է կայանար, չկար նիստ»

Հովհաննես Սահակյան. «Եթե չի կայացել նիստ, ուրեմն չպետք է կայանար, չկար նիստ»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ասել էր, թե փետրվարի 11–ին պետք է որ տեղի ունենար կոալիցիայի նիստ, որի ժամանակ պետք է քննարկվեր Սերժ Սարգսյանի առաջարկած միասնական հայտարարության տեքստը։

«7օր»–ը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանից փորձել է ճշտել, թե կոալիցիայի նիստը արդյոք տեղի ունեցե՞լ է։

Նա նշել է, որ կոալիցիայի նիստ չպետք է գումարվեր։

–Հեղինե Բիշարյանը չեմ կարող ասել՝ ինչ նկատի ուներ կոալիցիայի նիստ ասելով, միգուցե ի՛նքը պարզաբանի, և եթե չի կայացել նիստ, ուրեմն չպետք է կայանար, չկար նիստ։ Կոալիցիայի նիստը կոալիցիոն անդամ կուսակցությունների ղեկավարների հավաքն է, և որքանով ես տեղյակ եմ, նման նիստ նախատեսված էլ չէր,–ասել է նա։

Ըստ Հովհաննես Սահակյանի՝ կոալիցիոն նոր հուշագիր կամ հայտարարության տեքստ չկա։

–Հուշագրի հետ կապված ասեմ, որ մենք ունենք կոալիցիա, նաև ԲՀԿ–ն իր համագումարի ժամանակ նշեց, որ հավատարիմ է իր կոալիցիոն գործընկերներին, աշխատանքին, նաև այն հուշագրին, որն արդեն կա ու ստորագրված է, և այդ սկզբունքներով էլ շարունակում են աշխատել ու մաս են կազմում և՛ իրավունքներով, և՛ պարտականություններով հանդերձ։ Եթե նոր հուշագրի կամ հայտարարության մասին խոսք գնա, ինձ թվում է՝ ավելի բացահայտ կլինի, ու ոչ մի թաքցնելու բան չկա։ Թե հիմա այդ հայտարարությունը կլինի կոալիցիայի մասին, թե կլինի քաղաքական ուժին վերաբերող, թե 2012թ. խերհրդարանական ընտրությունների, թե ընտրական օրենսգրքի կամ էլ թե 2013թ. նախագահական ընտրությունների, իմ կարծիքով ավելի հրապարակային կլինի, և այդտեղ թաքցնելու բան չկա,–նշել է նա։

Հարցին՝ «Դուք հերքո՞ւմ եք այդ հայտարարության կամ հուշագրի գոյության փաստը», Հովհաննես Սահակյանը պատասխանել է, թե որոշակի քննարկումներ կան։

–Բայց դա դեռևս, իմ կարծիքով, քննարկումների և խոսակցությունների փուլում է,–ասել է նա։

Հարցին, թե ՀՀԿ ղեկավար և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 20–ամյակի իր ելույթում նշել էր, թե ինքը խոսում է ոչ թե վերջնագրերով, այլ պահանջներով, արդյոք ի՞նչ պահանջների մասին է խոսքը, Հովհաննես Մարգարյանը պատասխանել է.

–Պահանջները ընդհանուր առօրյայում էլ տեսնում ենք։ Օրինակ՝ արդարադատության նախարարը փոխվեց՝ անկուսակցական է։ Պահանջն այն է, որ այդ համակարգում եղած թերություններն ու բացթողումները շտկվեն։ Եղավ նոտարական գրասենյակներ, գաղութներ այցելություններ, նոր զինդատախազ նշանակվեց Գևորգ Կոստանյանը. պահանջը՝ որ անաչառ լինի քննությունը դեպքերի, և որ բանակում դեպքերը չթաքցվեն, արդար լինի։ Շատ պահանջներ կան, և եթե շարունակեմ, ապա Ձեր ձայնագրիչի էլեմենտները կնստեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը