Խմբագրական

21.02.2011 14:23


«Հուշագրային» Հայաստան

 «Հուշագրային» Հայաստան

Քաղաքագիտական հայտնի կանոնի համաձայն՝ իշխանությունն այլասերում է մարդկանց, իսկ բացարձակ իշխանությունը մարդկանց այլասերում է բացարձակ ձևով։

Փետրվարի 17–ին ՀՀ իշխող կոալիցիան «համագործակցության» մի հուշագիր ստորագրեց, որով, ըստ էության, սարգսյանական վարչախումբը թղթին հանձնեց իր ցանկությունները՝ ունենալ բացարձակ միաձույլ իշխանություն։ Դա հանրությանը նետված մարտահրավեր էր, բայց Սերժ Սարգսյանի թիմը գնաց այդ քայլին, քանի որ համարժեք դիմադրություն չզգաց։

Շատ խորհրդանշական էր, որ, ըստ մամուլի տեղեկությունների, հուշագրի կազմումն իրականացրել էին Արթուր Բաղդասարյանը և Տիգրան Սարգսյանը։ Ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ ԱԽՔ–ը և մանկապիղծի խորհուրդները լսող վարչապետը պետք է աշխատեին կոալիցիոն հուշագրի վրա, հուշագիր, որը յուրօրինակ քաղաքական մանկապղծություն էր մեր երիտասարդ պետության հանդեպ։

Ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ պետության վախճանի մասին փիլիսոփայող վարչապետը պետք է ՀՀ քաղաքական և տնտեսական համակարգի վախճանը նախատեսող թուղթ ստեղծելով զբաղվեր։

Նման տեսքով հուշագիր ստորագրելուն ներքին դիմադրություն էր ցուցաբերում ԲՀԿ–ն, բայց այդ կուսակցության ուժն ակնհայտորեն բավարար չէր «հայկական թուրքմենբաշիզմի» կառուցումը թույլ չտալու համար։

Ի դեպ, ազգային բուրժուազիայի մյուս ներկայացուցիչները զուտ դիտորդի կարգավիճակով էին հետևում իրադարձությունների զարգացմանը՝ չհասկանալով, որ եթե Ծառուկյանին զրկում են հանրային հենարանից, ապա մյուս բոլոր խոշոր գործարարների (փողատերերի) համընդգրկուն կուլակաթափումը ժամանակի և տեխնիկայի հարց է դառնում։ Եվ հիմա պարզապես անհասկանալի է բոլոր այն մարդկանց հորթային հրճվանքը, ովքեր ծափ զարկեցին՝ Գագիկ Ծառուկյանի նահանջի փաստով պայմանավորված։ Տեղի ունեցածը դրական գնահատողները կամ ԲՀԿ–ի դիմադրությանը կողքից «թամաշա» անողները ցույց տվեցին, որ իրենք քաղաքականապես անմեղսունակ են կամ էլ՝ «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման սպասարկուներ։ Այստեղ հարցը Ծառուկյանը կամ նրա կողմից Սերժ Սարգսյանին սատարել–չսատարելու պարզունակ երկընտրանքը չէր, սեղանին դրված էր Հայաստանի կառավարման ապագա մոդելը։

Հուշագրից պարզ դարձավ, որ վարչախումբն ընտրեց Հայաստանի Հանրապետության սուլթանացման կամ թուրքմենբաշիացման տարբերակը, որը մեզանում «վրացական մոդել» «փաղաքշական» անվանումն է ստացել։ Իսկ այդ «վրացական մոդել» կոչվածը ձևով տարբեր, բայց բովանդակությամբ նույն հետադիմական ու հակաժողովրդավարական հարաբերություններն են, որոնք առկա են Ադրբեջանում, Թուրքմենստանում, Եգիպտոսում, Ուզբեկստանում և նմանատիպ այլ երկրներում։

Իշխող կոալիցիայի ընդունած հուշագրում ամրագրված իրական նպատակները, որոնք կոալիցիոն «համաձայնության» տողատակերում են նշմարվում, ըստ էության, հետևյալն են.

1.      Հայաստանում հաստատել «մեկ օլիգարխի պետություն»՝ բացառելով մրցակցային ընտրությունները և իշխանության ձևավորման ժողովրդավարական մեխանիզմների կիրառումը,

2.      Պատերազմ հայտարարել գործարարության բոլոր շերտերին՝ փոքրից մինչև խոշոր, և «մեծ բյուջե» ունենալու քաղաքականության օգնությամբ ստեղծել «լեգալ» կոռուպցիայի համակարգ,

3. «Պայքարում ենք ստվերային տնտեսության դեմ» դեմագոգիկ կարգախոսի հետևում թաքնվելով՝ գնալ սեփականության խոշորամասշտաբ վերաբաշխման, որի հետևանքով երկրի հիմնական ֆինանսական հոսքերը կկենտրոնանան նախագահի ապարատի ձեռքում։ Ակնհայտ է, որ այդ դեպքում, ով էլ լինի իշխանության գլխին, կհաստատի կառավարման բացարձակապես այլասերված համակարգ,

4.      Կյանքի կոչել «յուրայինների» կուլակաթափության նեոբոլշևիկյան մոդելը՝ համաձայն որի մասնավոր սեփականության ինստիտուտն օրենսդրորեն չի արգելվի, բայց փաստացի կդառնա «պետական», այսինքն՝ իշխանական,

5. Պետական գաղափարախոսություն հռչակել «մեզնից բացի այլ հարուստներ չպետք է լինեն» բոլշևիկյան մոտեցումը, այնինչ եթե խնդիր դրվեր բաց ու արդիական համակարգ կառուցելու, ապա պետք է ընտրվեր «բարեկեցություն բոլորի համար» մոդելը, որը սոցիալական և իրավական պետության  արժեհամակարգի մեջ է տեղավորվում։ Այսինքն՝ Հայաստանում արդարություն հաստատել, ըստ իշխանական պատկերացումների, նշանակում է այնպես անել, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը հավասարապես վատ ապրի, այնինչ իրական արդարությունն այն դեպքում կլիներ, երբ մեծ մասը լավ ապրեր,

6.      Սահմանել խաղի կանոններ, համաձայն որի միմիայն իշխանության վերին օղակների ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ հնարավոր կլինի Հայաստանում խոշոր կամ զարգացման միտումներ ունեցող միջին բիզնես վարել։ Ասել է թե՝ կլինի այնպես, ինչպես Վրաստանում, Բելառուսում կամ հետադիմական մյուս երկրներում, ուր փոքր բիզնես կոչվածը (կրպակային առևտուր, կոշիկի վերանորոգման կետ և այլն) համեմատաբար ազատ է, բայց դրանից վերև չի կարող զարգանալ առանց իշխանավորների թույլտվության ու մասնակցության։ Այսինքն՝ եթե երեկ դժգոհում էինք, թե իշխանությունները փոքր ու միջին բիզնեսին հնարավորություն չեն տալիս զարգանալ ու դառնալ խոշոր, ապա այսօր մեզ պարտադրվում է մի մոդել, ըստ որի՝ արդեն խոշորն ու միջինն են հայտնվում ոչնչանալու վտանգի առջև, իսկ փոքրն «էն գլխից» ճզմվել էր սպառողների վճարունակ պահանջարկի անկման և իշխանական մահակի արանքում,

7.      Հայաստանում ձևավորել օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ճյուղերի, բոլոր տեսակի ԶԼՄ–ների ու գործարարության գերկենտրոնացված համակարգ, որի շրջանակներում իշխանությունը կդառնա ժառանգական՝ «հորից որդի» կամ ««հորից» փեսա» տարբերակով։

Ահա սրանք էին կոալիցիոն հուշագրի «դե ֆակտո» ամրագրված հիմնական դրույթները, որի մասին մեր հանրության մեծ մասը գլխի կընկնի միայն այն ժամանակ, երբ այդ դրույթների գործնական կիրառումը փաստացի կզգա իր մաշկի վրա, բայց չի հասցնի «ախ» անել, քանի որ մենաշնորհայնացված քաղաքական դաշտ ձեռքբերելուց, քանդված տնտեսություն ստանալուց, հարյուրհազարավոր արտագաղթողներ ունենալուց ու պաշտպանունակությունից զրկվելուց հետո ստիպված կլինի երևանյան իր «եվրապատուհաններից» դիմավորել հարևան երկրի տարբերանշանով զինվորներին։ Այդ ամենից հետո միջին հայը կրկին կսկսի մեղադրել ռուսներին, եվրոպացիներին, ամերիկացիներին, մասոններին, թուրքերին և միջազգային հանրությանն այն բանի համար, որ մեր փոխարեն նորմալ երկիր չկառուցեցին, ու հերթական անգամ պետություն կորցրինք. միջին հայը հակված է մեղադրել բոլորին, բայց ոչ երբեք իրեն։ Ինչևէ։

Թվում է, թե Հայաստանում հաստատվելիք «հուշագրային» դիկտատուրային պետք է ինստիտուցիոնալ դիմադրություն ցույց տար տիտղոսային կամ փողոցային ընդդիմությունը՝ ի դեմս ՀԱԿ–ի։ Համենայնդեպս, այդպես կլիներ բոլոր այն երկրներում, որտեղ կեղծված ընտրություններից դժգոհ ընդդիմությունն իրեն կհամարեր գաղափարական այլընտրանք իշխանությանը, սակայն «մերն ուրիշ է», և Մատենադարանի մոտ «հերթապահություն» անող Լևոն Տեր–Պետրոսյանն աջակցեց Բաղրամյան 26–ի ծրագրերին՝ միտված Հայաստանում բացարձակ այլասերված իշխանության ձևավորմանը, և հետևաբար հավասարապես պատասխանատու է ստեղծված իրավիճակի և սպասվող զարգացումների համար։

Կյանքը ցույց տվեց, որ Տեր–Պետրոսյանին վերապահված է փողոցը զբաղեցրած պահելու, դժգոհության ալիքը հանդարտեցնելու, Սերժ Սարգսյանի տարատեսակ քայլերը ողջունելու, իշխանությանը բազում մանր ծառայություններ մատուցելու և իշխանական կայունությունն ապահովելու գործառույթը, ինչը նա, խոստովանենք, փայլուն կատարում է։ Վստահ չեմ, թե դա արվում է «զրոների» շրջանակներում, բայց այն, որ ՀԱԿ–ի պես ընդդիմությունը Սարգսյանի համար պարզապես գտածո է, փաստ է։

Դատեք ինքներդ. Լևոն Տեր–Պետրոսյանը «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ սատարեց Սերժ Սարգսյանին, երբ հայտարարված էր արտաքին «նախաձեռնողական» քաղաքական կուրս, երբ Սարգսյանը հարցազրույցներ ու ելույթներ էր ունենում, պատրաստակամություն հայտնում հանձնել Ղարաբաղի հողերն ու հայ–թրքական արձանագրությունները ստորագրելով՝ առևտրի առարկա դարձնել Հայոց ցեղասպանությունը։

Տեր–Պետրոսյանը իր երկրպագուներին տուն ուղարկեց, երբ Գյուլը եկավ Հայաստան, որպեսզի չխանգարի հայ–թրքական «խրախճանքին» ու Սարգսյանի «նախաձեռնողականությանը»։

Այժմ էլ ՀԱԿ առաջնորդը կողմ է «Չեռնենկոյի», այն է՝ ՀՀԿ–ի «ճկուն» առաջնորդի ներքին քաղաքական «նախաձեռնողականությանը» և Սարգսյանի իշխանության կայունության պահպանմանը, որը նույնքան (եթե ոչ ավելի) հակապետական գիծ է, որքան հայ–թրքական «սիլի–բիլին» կամ Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումը։

Արձանագրենք, որ կոալիցիոն նոր հուշագրի ստորագրմանն աջակցեցին ու նախագահական նստավայրի դուդուկի տակ պարեցին նաև իրենց քաղաքացիական հասարակության ջատագովներ ներկայացնողները (լևոնական կոչված թերթեր, «ընդդիմադիր» կայքէջեր, լրագրողներ, անհատ «վերլուծաբաններ» և այլն)։

Ստացվում է, որ մեր հանրությունը զրկված է դիմադրելու իմունային համակարգից, քանի որ չունի իշխանության թուրքմենբաշիացմանը հակադարձելու քաղաքական ու քաղաքացիական հզոր ներուժ։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը տեսանելի ապագայում կարող է կոլապսի ենթարկվել, քանի որ մի «իքս» ժամանակահատվածում «մեկ օլիգարխի պետություն» պահելը հնարավոր է նավթի, գազի կամ բնակլիմայական ու աշխարհագրական բարենպաստ ռեսուրս ունեցող երկրներում, այն էլ այն դեպքում, երբ արտաքին դաշտից սպառնալիք չկա։ Այդպիսի երկրներ են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Եգիպտոսը, Թունիսը և այլն։

Մեր պարագայում փորձ է արվում թուրքմենբաշիզմը կառուցել առանց նավթի ու գազի և թուրք–ադրբեջանական աճող ագրեսիայի համապատկերին։ Կարծում եմ՝ վերլուծական մեծ կարողություններ հարկավոր չեն՝ հասկանալու համար, թե ինչի կարող է այս ամենը հանգեցնել։

Գերկենտրոնացված տնտեսաքաղաքական համակարգի դասական օրինակ էր ՍՍՀՄ–ը, որն, ունենալով հսկայական բնական ռեսուրսներ ու տարածք, աշխարհի քաղաքական քարտեզի վրա մնաց ընդամենը 70 տարուց մի փոքր ավելի՝ «սառը» պատերազմում պարտվելով ԱՄՆ–ին։

Մենք այժմ «սառը» պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ, և եթե կառուցենք ալիևյան ոճի պետական կառավարման համակարգ, որը չունի բնական ռեսուրսներ և ունի աճող արտագաղթ, ապա կարելի է արդեն ենթադրել, թե քանի տարի կդիմանա Հայաստանը ձևով շուկայական, սակայն բովանդակությամբ պսեվդոպլանային՝ իշխանական կապիտալիզմին...

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը