Աշխարհ

18.03.2009 12:17


Ադրբեջանն արհամհարեց Վենետիկի հանձնաժողովի դիտողությունները

Ադրբեջանն արհամհարեց Վենետիկի հանձնաժողովի դիտողությունները

Այսրօր ժամը 8-ին Ադրբեջանում սկսվել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, որը որակվել էր, որպես նախագահական։

Հանրաքվեի արդյունքում երկրի սահմանադրության մեջ առանցքային փոփոխությունը կլինի նախագահի պաշտոնը 2 ժամկետից ավելի զբաղեցնելու անթույլատրելիության արգելքի վերացումը։ Եվ, չնայած, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի բացասական գնահատականին, Ադրբեջանի ընդդիմության հուսահատ ահազանգերին, թե երկիրը վերածվում է միապետության, կասկած չկա, որ Ալիևների տոհմը, ինչպես որ փաստացի 60 տարի Ադրբեջանի տերն ու տիրակալն էր, մի այդքան էլ, եթե ոչ ավելի, կտնօրինի երկիրը։

Ընդհանուր առմամբ նախատեսվում է սահմանադրական 41 փոփոխություն, մասնավորապես. անհրաժեշտության դեպքում Միլի Մեջլիսի (Ազգային ժողով) ընտրությունների հետաձգում, արգելել անձի լուսանկարումը, ձայնագրումը առանց նրա թույլտվության, Ադրբեջանի նախկին նախագահների ֆինանսական ապահովվածության ամրագրում...

Դժվար չէ կանխատեսել, թե այս փոփոխություններով ինչպիսի երկրի կվերածվի մեր հարևանը։ Միայն այն, որ պարզապես արհամհարվեցին Վենետիկի հանձնաժողովի մտահոգություններն ու դիտողությունները, վկայում է, որ նույն եվրոպացիների կողմից Ադրբեջանում ժողովրդավարության ամրապնդման վերաբերյալ արվող գնահատականները առասպել էին։ Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ արված դիտողություններն անտեսելը տեսականորեն կարող են փչացնել Ադրբեջանի և Եվրախորհրդի հարաբերությունները։ Աակայն հանձնաժողովի ներկայացրած գնահատականներում «տեսականորեն» արտահայտությունը, ըստ ադրբեջանական Azeri.Ru կայքի, պատահաբար չի արված։ Իրականում ամեն ինչ կարող է այլ կերպ լինել։

Ստացվում է, որ Եվրոպային կարող է և չմտահոգել այն, որ 2009 թ.-ի մարտի 18-ից տարածաշրջանում կհայտնվի ավտորիտար ռեժիմով պետություն, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Հատկանշական է, որ այս համատեքստում Բաքվում գնալով ակտիվանում են պնդումները, որ եթե Ադրբեջանում հայտնվի իսկապես մասսայականություն վայելող քաղաքական գործիչ, ապա հասարակաության մի ստվար զանգված առանց վարանելու կգնա նրա ետևից։ Ամեն դեպքում, դա ադրբեջանցիների գործն է։ Այստեղ է, որ Հայաստանը պետք է անի հնարավորինը, աշխարհին ներկայանալու, որպես Հարավային Կովկասում իրական ժողովրդավարական արժեքային համակարգի կրող պետություն։ Կա նաև վտանգ՝ չընդօրինակել մեր հարևանին։ Ինչպես ռուսական ասացվածքն է ասում. «дурной пример заразителен»։ Հուսանք, որ նման սցենար մեր պետությանը երբեք չի սպառնա։

Այս խորագրի վերջին նյութերը