Քաղաքական

17.03.2011 14:23


Նաիրա Զոհրաբյան. «Գագիկ Ծառուկյանը բացարձակապես անակնկալ չի մեկնել երկրից»

Նաիրա Զոհրաբյան. «Գագիկ Ծառուկյանը բացարձակապես անակնկալ չի մեկնել երկրից»

Մամուլում տեղեկություն էր տարածվել, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս օրերին ընտանիքով մեկնել է արտերկիր, և նշվում էր, թե մեկնումը շատ հապճեպ է եղել, ինչը պայմանավորված է ՀՀ–ում ստեղծված խիստ լարված մթնոլորտով ու հնարավոր սոցիալական խռովությամբ։ Նաև նշվում էր, թե քանի որ այդ ամենի հետևանքով երկրում կարող են անկանխատեսելի փոփոխություններ լինել, ԲՀԿ նախագահը որոշել է մեկնել՝ հնարավոր վտանգներից իրեն ապահովագրելով։

Մեկնաբանելով այս տեղեկությունը՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «7օր»–ին ասել է.

–Պարոն Ծառուկյանը բացարձակապես անակնկալ չի մեկնել երկրից։ Նրա հանգիստն իր ընտանիքի հետ նախատեսված և ծրագրված է եղել շատ ավելի վաղ, և ընդհանրապես Գագիկ Ծառուկյանի աշխատակարգին ծանոթ ցանկացած մեկը պետք է որ իմանար, որ պարոն Ծառուկյանը աշխատանքային այցերով, ինչպես նաև իր ընտանիքի հետ՝ իր հանգիստը կազմակերպելու համար, պարբերաբար բացակայում է հանրապետությունից։ Հիմա նա գտնվում է արձակուրդի մեջ։ Իրենց հիվանդագին երևակայությունն անհրաժեշտ հավասարակշռության բերելու համար այդ անձնավորություններին խորհուրդ եմ տալիս դիմել հիվանդագին երևակայությունը բուժող հաստատություններ։

Նա նաև տեղեկացրել է, թե Գագիկ Ծառուկյանն առաջիկա օրերին կլինի Հայաստանում։ Թե ո՞ր երկրում է Գագիկ Ծառուկյանն անցկացնում իր հանգիստը, Ն. Զոհրաբյանը տեղյակ չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը