Հարցազրույց

18.03.2009 18:51


Անուշ Սեդրակյան

Անուշ Սեդրակյան

Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ իր տեսակետներն է ներկայացնում  վերլուծաբան Անուշ Սեդրակյանը

-Ինչպե՞ս եք գնահատում Երևանի ավագանու ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը։

-Կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրմամբ լուծվում են մի շարք խնդիրներ.

1. Նրա վերջին ելույթից հետո ընդդիմադիր հայացքներ ունեցող զանգավածի մոտ և ընդդիմության շրջանում հուսահատական տրամադրություններ առաջացան։ Այժմ գործունեության դաշտ է բացվել, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը որոշակի մոբիլիզացնող գործոն է,
2. Լևոն Տեր-Պետրոսյանը գործով հաստատեց իր ելույթի դրույթը, որ ինքը սահմանադրական ճանապարհով է պատրաստվում մասնակցել պայքարին։ Ընտրություններին մասնակցելը այդ ճանապարհներից մեկն է,
3. Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելը հիմնավորված է, քանի որ մայրաքաղաքում ընդդիմությունը հաղթելու ավելի մեծ շանսեր ունի։

-Ինչպե՞ս կգնահատեք այն, որ «Ժառանգությունը» չմիացավ  Հայ ազգային կոնգրեսին։

-Այո «Ժառանգությունը» չմիացավ  ՀԱԿ-ին։ Սակայն իմ ունեցած տեղեկությունները թույլ են տալիս ասել , որ կուսակցության ներսում կա դիրքորոշումների բաժանում։ Անձամբ ես կսպասեմ «Ժառանգության» առաջադրմանը։ Արդյո՞ք «Ժառանգությունն» իր ցուցակով է մասնակցելու ընտրություններին։  Եթե չի մասնակցելու՝ արդյո՞ք  տրամաբանական է «Ժառանգության» չմիանալը ընդդիմության իր գործընկերներին և չեզոք դիրք ընդունելը։

-Փաստորեն Դուք չեք բացառում այն տարբերակը, որ «Ժառանգության» ակտիվ մի հատված կարող է միանալ ՀԱԿ-ին։

-Չեմ  բացառում։ Նման զարգացումների համար բոլոր հիմքերը կան։

-Որո՞նք են այդ հիմքերը։

-Հայ ազգային կոնգրեսը շատ լավ կիրառում է քաղաքական տեխնոլոգիաներ։  Բավականին գրագետ քաղաքական խաղ է գնում։ Եթե հիշում եք, Լևոն Տեր-Պետրոսյանն առաջնորդվում էր հետևյալ սկզբունքով՝ ով մեզ հետ չէ՝ մեր դեմ է։ Քաղաքապետի ընտրությունները որոշակի առումով հարված են «Ժառանգության» վարկանիշին, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ-ը գնում են հասարակությանը բևեռացնելու ճանապարհով, ինչը չի կարել հաշվի չառնել, քանի որ սա ևս քաղաքական տեխնոլոգիա է։ Եվ հենց բևեռացված հասարակության առկայությունը կարող է ջարդել «Ժառանգության» իմիջը, ինչն անձամբ ինձ համար ցավալի կլինի։

-Ինչպե՞ս եք գնահատում ընտրություններում ՀԱԿ-ի հաղթանակի շանսերը։

-Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթելու լուրջ նախադրյալներ ունի։  Հաշվի առնենք դժգոհ բնակչության գործոնը,  հաշվի առնենք այն, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության  թեկնածուն ոչ ամենափայլուն ներկայացուցիչն է, այսինքն ՀՀԿ-ն կարող էր առաջադրել այնպիսի մեկին, ով իմիջային տեսանկյունից շատ ավելի ձայներ կհավաքեր, սակայն տեսնում ենք, որ այս տարբերակը  ՀՀԿ-ն մերժեց։ Դա իր հերթին ավելացնում է  Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի շանսերը։  Իսկ եթե լինեն ընտրակեղծիքներ և  Լևոն Տեր-Պետրոսյանը չհաղթի  քաղաքապետի ընտրություններում, ապա  Հայաստանը  ընտրական գործընթացների առումով Արևմուտքի աչքերում կարձանագրի հերթական անկումը։ Սա ևս քաղաքական տեխնոլոգիաների կիրառման ոլորտից է։ Այսինքն ՀԱԿ-ը պարտվելու դեպքում կարող է Արևմուտքին ներկայացնել, որ Հայաստանում ժողովրդավարության հաստատումը անհնար է։ Այսինքն խոսքն արդեն պետության իմիջի մասին է։

-Այդ դեպքում ինչպիսի՞ գործընթացներ են հնարավոր  Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի դեպքում։

-Հաղթանակի դեպքում երկբևեռացման հաստատման փորձ  կարվի։ Պետք է ընդունենք, որ մարզերում կուտակված է Հայաստանի քաղաքական, տնտեսական ներուժի շատ փոքր մասը։ Հայաստանը դա Երևանն է, ցավոք՝ բայց դա այդպես է։ Եվ եթե Երևանում դու կարողանում ես ծավալել ակտիվ գործունեություն, ունես վերահսկման որոշակի լծակներ, ապա մասնակցում ես ուժերի երկբևեռ դասավորվածությանը։ Այս դեպքում մենք ունենում ենք երկբևեռ իշխանություն, քանի որ քաղաքապետը, որպես իշխանության մասնակցող մաս, չի կարող լինել ընդդիմադիր։

-Լևոն Տեր-Պետրոսյանի պարտության դեպքում հնարավոր համարու՞մ եք քաղաքականությունից նրա դուրս գալը։

-Չեմ բացառում այդ տարբերակը։ Բայց ուզում եմ հիշեցնել նաև, որ  Լևոն Տեր-Պետրոսյանը  երկարատև ժամկետով խաղացող քաղաքական գործիչ է։ Հիշեք նրա 10 տարով վերցրած դադարը։ Եթե նա այնուամենայնիվ որոշի դուրս գալ խաղից, միևնույն է ընդդիմության գործոնը մնալու է արդիական։

-Այսինքն այդ դեպքում նոր որակի ընդդիմության ձևավորման անհրաժեշտություն կառաջանա՞։

-Այո, որովհետև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ուղղակի պահանջում է նոր, որակյալ, ավելի ուժեղ, գուցե ավելի միասնական  ընդդիմություն։

-Ինչպե՞ս կգնահատեք ներկայիս քաղաքական իրավիճակը։

-Առանց գլոբալացնելու ասեմ. սա անդորր է  փոթորիկից առաջ։

-Փոթորիկը քաղաքապետի ընտրություննե՞րն են։

-Ոչ միայն։ Ինձ թվում է, որ ֆինանսական ճգնաժամը բարձրացնելու է սոցիալական դժգոհության մեծ ալիք։ Հիմա այն փորձում են զսպել, սակայն սոցիալական ընդվզումներն անխուսափելի են։

  Զրույցը վարեց՝ Վախթանգ Մարագարյանը

Այս խորագրի վերջին նյութերը