Աշխարհ

19.03.2011 00:07


ԼՂՀ նախագահը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների դադարեցումը չի բացառել

ԼՂՀ նախագահը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների դադարեցումը չի բացառել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին Երևանում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի Հանրապետության արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, պաշտոնատար այլ անձինք:

Լեռնային Ղարաբ աղը պետք է մասնակցի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի բոլոր փուլերին, այդ թվում նաև առաջարկությունների մշակման ընթացքին։ Լինեն դրանք մադրիդյան կամ որևէ այլ սկզբունքներ, անհրաժեշտություն կա, որ դրանք սկզբում քննարկվեն հակամարտության հիմնական կողմի՝ ԼՂՀ–ի հետ,–հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։

Նա նաև ընդգծել է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂՀ–ին պաշտոնապես չեն ներկայացրել մադրիդյան սկզբունքները և, Ստեփանակերտը փաստաթղթի մանրամասներին ծանոթ է միայն Հայաստանի գործընկերներից։

Պատասխանելով բանակցային գործընթացից հայկական կողմի դուրս գալու նպատակահարմարության մասին լրագրողների հարցին՝ Բակո Սահակյանը հայտարարել է, որ Հայաստանը «հարաբերական խաղաղության» տարիներին ձգտել է ավելի ընդգծված դարձնել բանակցային գործընթացում Ղարաբաղի մասնակցությունը։

–Այսօր Հայաստանն աշխատանքներ է տանում բանակցությունների ամբողջական ձևաչափը վերականգնելու ուղղությամբ։ Կարծում եմ, որ այն ջանքերը, որ այսօր գործադրում է Հայաստանը, արդյուքն կտան, և Ղարաբաղը կմասնակցի բանակցային գործընթացին,–ընդգծել է նա։

«Չե՞ք կարծում, որ Հայաստանը պետք է հայտարարի Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպումների դադարեցման մասին այնքան ժամանակ, քանի դեռ առաջին գծում դիպուկահարների կրակոցներից զինվորներ են զոհվում» հարցին ի պատասխան՝ նա ասել է.

–Չի բացառվում, որ եթե Ադրբեջանը շարունակի այդ բացահայտ լկտի մոտեցումը, Հայաստանը կգնա նման քայլի։

Նրա խոսքերով՝ եթե շփման գծում իրականացվող միջոցառումներին Ղարաբաղի մասնակցությունը հնարավորություն կտա թեկուզ մեկ զինվորի կյանք փրկել, ապա ԼՂՀ–ն պատրաստ է, թեկուզ ոչ պաշտոնապես, իր ստորագրությունը չդնելով, մասնակցել գործընթացին։

–Առանց մեր մասնակցության անհնար է անցկացնել անգամ շփման գծում նախատեսված մոնիթորինգային միջոցառումները։ Ես համոզված եմ, որ նաև ԵԱՀԿ գործող նախագահը և ԵԱՀԿ ՄԽ–ն գիտակցում են այս իրականությունը,–ընդգծել է Բակո Սահակյանը։

Մեկնաբանելով հրադադարի կարգի խախտման հետաքննության մեխանիզմ մշակելու վերաբերյալ ԵԱՀԿ նախագահի առաջարկությունը՝ ԼՂՀ նախագահն ասել է, թե հարցը քննարկվել է.

–Ի պատասխան՝ որպես հաստատում, որ նրա առաջարկը չի կարող ընդունվել, ես նշեցի  մարտի 17–ի միջադեպը։ Սա առաջին դեպքը չէ, երբ Մինսկի խմբի համանախագահների այցի ժամանակ տարածաշրջան Ադրբեջանը դիվերսիոն ահաբեկչական  գործողություններ է իրականացնում։ Մենք կարծում ենք, որ մարտի 17–ի միջադեպը դրա վառ օրինակն է։ ԵԱՀԿ նախագահը համաձայն է մեր այն դիրքորոշման հետ, որ նման թույլ պայմանավորվածություններ ունենալով՝ դժվար է հստակ միջոցառումներ իրականացնել։

«Ռեգնում» գործակալության խնդրանքով մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե ԼՂ հարցում Բաքվի դիրքորոշման մեջ առաջընթաց կա՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ասել է.

–Ենթադրում եմ, որ այս տարիների ընթացքում Հայաստանն այնքան է բախվել Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հետ, որ վերջին հանդիպման ժամանակ Ադրբեջանի մոտեցումներում, ամենայն հավանականությամբ, որոշակի փոփոխություններ են նկատվել։

Այս խորագրի վերջին նյութերը