Տնտեսական

04.04.2011 18:03


Գազի հարցով հանձնաժողով պե՞տք է, պե՞տք չէ…

Գազի հարցով հանձնաժողով պե՞տք է, պե՞տք չէ…

ՀՀ Ազգային ժողովում ավարտվել են «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» թեմայով լսումները։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընդգծելով հանձնաժողովի ստեղծման կարևորությունը՝ նշել է, որ հանձնաժողովի տեղծումն իր մեջ 3 հիմնական բաղադրիչ ունի՝ ուսումնասիրություն իրականացնել համակարգում, նաև միջազգային համադրումների ներքո, ու փաստել ՀՀ գազամատակարարման համակարգի առանձնահատկությունները, ՀՀ Սահմանադրության համապատասխանության վերաբերյալ գնահատական տալը և, վերջապես, գազամատակարարման համակարգի վերաբերյալ այնպիսի առաջարկների ներկայացումը, որը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի անվտանգ զարգացումը, էներգետիկ անվտանգության բարձրացումը և այլն։

ՀՀԿ–ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը ևս նշեց, որ կան խնդիրներ ու մտավախություններ, որոնք վերաբերում են ոչ միայն բնական գազի գնի սակագնին, այլև գազի կալորիականության, ներտնային սպասարկման հետ կապված և այլն։ Նա առաջարկել է տարին մեկ անգամ դրամ–դոլար հարաբերակցության ճշգրտում կատարել, քանի որ դրանք պայմանագրով շարունակական բնույթ են կրում։ Նա նաև ընդգծել է, որ «Հայռուսգազարդ» ընկերությունը մոնոպոլ դիրք ունեցող է, հետևաբար պետության կողմից վերահսկողությունը պետք է շատ մեծ լինի։

Ես միանշանակ համաձայն եմ, որ ուսումնասիրության կարիք կա, բայց որտե՞ղ։ Կարծում եմ, մենք պետք է պահանջենք կառավարությունից  որոշ օղակներ ստեղծել։ Նախ պետք է կառավարությունից պահանջենք,– ասել է նա։

Ամենակարևորը՝ կառավարության ներկայացուցչի կողմից հնչեցվեց, որ երկիրը պետք է իր բնակիչներին վճարունակ դարձնի։ Եթե մարդիկ կարողանան վճարել, այս բոլոր հարցերն այսքան սուր չեն կանգնի,– ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով հանձնաժողովի ստեղծումը կվերականգնի նաև հասարակության հավատը։

Արմեն Ռուստամյանի կարծիքով տեղի ունեցած լսումներն ավելի ամրապնդեցին հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության գաղափարը։ Նա նշել է, որ Հայռուսգազարդը մենաշնորհային ընկերություն է, հետևաբար դրա գործունեությունը պետք է կարգավորվի էներգետիկայի մասին օրենքով, օրինակ, պետք է սահմանվի սակագնային առաստաղ, հավասարակշռվի սպառողի և մատակարարի շահերը և այլ։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ընդգծել է, որ անկախ ամեն ինչից, ինքը կողմ է հանձնաժողովի ստեղծմանը, եթե իր գործընկերները տեսնում են դրա անհրաժեշտությունը։

Ամփոփիչ ելույթով հանդես է եկել էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ու նշել, որ լսումները բավական կարևոր ու արդյունավետ էին։

Այն, որ գազը 180 դոլարով է վաճառվում Հայաստանին ՝ակնհայտ է, որ դրա արդյունքում գազը պետք է տեղափոխվի, բաշխվի և բնակիչը պետք է ստանա ու դրան էլ գումարվի կատարված աշխատանքների համար որոշ գումարներ, սա էլ է ակնհայտ։ Խնդիրը վերաբերում է նրան՝ ինչքանո՞վ են այդ գները արտահայտում այն աշխատանքը, որն ավելացվում է այդ գներին։ Հիմնականում բարձրացված բոլոր հարցերը վերաբերում էին սրան,– ասել է Ա.Մովսիսյանը։

Նա ընդգծել է, որ բարձրացված հարցերով զբաղվում են թե՛ կառավարությունում, թե՛ այլ տեղերում, հետևաբար առանձին հանձնաժողով ստեղծելու կարիք չկա։

Իմ կարծիքով, ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու խնդիրը չկա ուղղակի, իմ կարծիքն է դա, կառավարության կարծիքն է դա,– ընդգծել է նախարարը և հավելել, որ առաջարկություններ լսելու պատրաստակամություն իրենք ունեն։

Նրա խոսքերով, կողքից լսողի մոտ տպավորություն է ստեղծվում, թե կառավարությունը փորձում է այնպիսի քաղաքականություն վարել, որ գազի գինը բարձրանա, եկամուտներն իջնեն, սակայն որևէ կառավարություն դա չի ցանկանում։

ՀՀ Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը փակելով քննարկումը՝ ասել է, որ չնայած քննարկման ընթացքում կարծքիները կիսվեցին և շատ հարցեր առաջացան, այդուհանդերձ առանձին հանձնաժողովի ստեղծումը  անհրաժեշտություն չէ և բարձրացված հարցերից շատերը կարող են քննարկվել հենց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։

Հ.Գ. Եթե լսումների սկզբում ԱԺ 334–րդ սենյակը լեփ–լեցուն էր, ապա լսումների ավարտին պատկերը բոլորովին այլ էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը