Լրահոս

09.04.2009 14:37


Գյումրեցիները դժգոհում են կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից

Միայն հարկային տեսչության պաշտոնական տվյալներով՝ Գյումրիում իրենց գործունեությունը դաթարեցրել է մոտ 200 տնտեսվարող:

Գյումրիի կենտրոնում գործող սննդի օբյեկտներից մեկի ներկայացուցիչը նշեց, որ անցյալ տարվա համեմատությամբ՝ իրենց հաճախորդները կրճատվել են մոտ 50 տոկոսով: Պատճառը, ըստ նրա, փողի ծավալի կրճատումն է. «Եթե մի քանի ամիս առաջ, գալիս էին մեզ մոտ՝ ցերեկվա ժամերին ճաշելու, ապա հիմա հաճախորդների գերակշիռ մասը բավարարվում է թեյով, իսկ երեկոները հազվադեպ են գալիս հաց ուտելու»,- նշել է նա:

Եթե նման տեմպերով շարունակվի, տնտեսվարողները հավաստիացնում են, որ ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը:

Ճգնաժամի ազդեցությունն իրենց վրա առավելագույնս զգում են էլեկտրատեխնիկայի խանութները: Դրանցից մեկի վաճառող Վահեն հիմնական պատճառը համարում է այն հանգամանքը, որ բանկերը դադարեցրել են ապառիկ գնումների համար վարկերի տրամադրումը. «Բանկերը վարկեր չեն տալիս, ժողովրդի ձեռն էլ փող չկա, ո՞նց ապրանք առնեն»,- հռետորական հարցադրում  է անում Վահեն:

Գյումրիի կենտրոնում գտնվող հագուստի 2 շուկաններում արդեն 50 տաղավար փակվել է. «Մարդիկ սննկանում են, ՀԴՄ-ները տանում, հանձնում և դուրս են գալիս անհատ ձեռներեցի կարգավիճակից, էլ հնարավոր չէ, ձեռք չի տալիս»,- դժգոհեց շուկայում առևտրով զբաղվող Վոլոդիան:

Վաճառականների հիմնական դժգոհությունը կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից է:

«Փոխանակ բանկերի հետ պայմանվորվեն, գործարարների համար շահավետ վարկային ծրագրեր մտցնեն, տոկոսները կրճատեն՝ սրանք հարկերով մեզ խեղդում են։ Չեն կարո՞ղ բանկերի հետ պայմանվորվել ու գոնե որոշ ժամանկով սառեցնեն էդ անտեր հարկերը, մինչև «կռիզիսից» դուրս գանք»,- իրենց նկատմաբ կառավարության վարած քաղաքակնությունից բողոքեց մի տարեց վաճառական:

 Դերենիկ Մալխասյան

Գյումրի

 

Այս խորագրի վերջին նյութերը