Հարցազրույց

06.04.2011 17:09


Արսեն Գրիգորյան(Մրո)

Արսեն Գրիգորյան(Մրո)

Հարցազրույց երգիչ, ժողովրդական արտիստ Արսեն Գրիգորյանի (Մրո) հետ

–«Տաշիր–2011» մրցանակաբաշխության մասին ի՞նչ կարծիք ունեք։ Ինչպե՞ս եք գնահատում հայ հասարակության չքավորության ֆոնին նման ճոխությունը, երգիչներին բնակարաններ և թանկարժեք մեքենաներ նվիրելը։

–Չեմ նայել, բայց լսել եմ, որ նվիրատվություններ են եղել և այլն։ Բայց ես կարծում եմ, որ վատ բան չէ, երբ նվիրատվություններ են լինում, արտիստներին, երգիչներին պարգևատրում են։ Միևնույն ժամանակ հասկանում եմ, որ դրանից մարդիկ կարող են վրդովվել՝ ելնելով այսօրվա մեր ընդհանուր սոցիալական վիճակից։ Կարծում եմ, որ կարելի է նաև ուրիշ դիտանկյունից նայել, այսինքն ոչ թե նայել՝ ինչո՞ւ է այդպիսի բան եղել, այլ կուզենայի, որ ավելի ընդհանրական լիներ այս ամեն ինչը, այսինքն՝ հասարակության նկատմամբ ուշադրությունը։ Այլ ոչ թե՝ հարևանս խորոված պետք է չուտի, քանի որ ես չեմ ուտում։ Այդպես չէ։ Թող ինքն էլ ուտի, ես էլ ուտեմ։

–Չե՞ք կարծում, որ նախ պետք է ժողովրդին ուշադրություն դարձնել, օգնել, հետո նոր աստղ կոչվածներին։

–Ձեր տրամաբանությունն ուրիշ տեսակ է, իմ տրամաբանությունն ուրիշ է։ Ես կարծում եմ, որ վատ բան չէ, որ նվիրատվություններ են անում, պետք չէ այդքան աղմուկ բարձրացնել։ Ուղղակի ես կուզենամ նաև, որ այդ ամեն ինչն ընդհանրական լինի, որովհետև կան մարդիկ, ովքեր օգնության կարիք ունեն, կան գյուղեր, որոնք առանձնապես լավ վիճակում չեն, նույն ազատագրված տարածքներում կան գյուղեր, որոնք ուշադրության կարիք ունեն՝ և՛ նյութական, և՛ բարոյական ուշադրության։ Բայց այս երևույթի հանդեպ ես բացասական վերաբերմունք չունեմ։ Ես ուրախ եմ, որ որոշ արտիստներ, երգիչներ ինչ–որ կերպ ուշադրության են արժանացել։ Բայց էլի եմ ասում, եթե հարցը վերաբերում է ընդհանուր վրդովմունքին, դժգոհությանը, դա էլ է հասկանալի։

–Այս օրերին մի շարք նախաձեռնությունների հեղինակներ, անդամներ «Տաշիր–2011»–ի ժամանակ բնակարան նվեր ստացած երգիչներին կոչ են անում դրանք նվիրել կարիքավոր ընտանիքներին։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ կոչին և կարծում եք նրանք պե՞տք է արձագանքեն։

–Արձագանքելու մասին ես չեմ կարող ոչ մի բան ասել, բայց որ այդպիսի կոչ կա, նորմալ երևույթ է, որ կարող են մարդիկ կոչ անեն։ Իսկ ինչ վերաբերում է, թե ի՞նչ պատասխան կլինի, դա արդեն հենց արտիստների գործն է։ Միգուցե իրենք էլ դրա կարիքն ունեն։

–Փաստորեն նորմալ եք վերաբերվում այդ կոչերին...

–Ես մի քիչ ուրիշ տեսակ եմ մտածում։ Եթե մարդիկ այսօր կոչ են արել «Ֆեյսբուք»–ով կամ ուրիշ կայքերով, ես գտնում եմ, որ իրենց հոգու ցանկությունն է, որ դիմում են արտիստներին։ Բայց պատասխանը ես՛ չպետք է տամ։ Մի բան էլ ասեմ՝ հաստատ որոշ երգիչներ կային, ովքեր իրենց աշխատանքով հաստատ վաստակել են, նրանց հուզել է ժողովրդի սոցիալական վիճակը, միշտ էլ նվիրվածությամբ ինչ–որ մի բան արել են։ Պետք է մենք ուրախանանք ուրիշի հաջողությամբ։ Նվիրատվություն է եղել, չի՛ կարելի ինչ–որ բաների վերածել։ Նվիրատվություն է եղել, լա՛վ է։ Թող իրենք էլ ստանան, թող ուրիշներն էլ ստանան։

–Իսկ դուք ինչո՞ւ չէիք մասնակցում այդ մրցանակաբաշխությանը։

–Ինձ չեն հրավիրել։

–Ինչո՞ւ։

–Իրենց պետք է հարցնեք։

–Բայց չե՞ք վիրավորվում, որ ձեզ չեն հրավիրել, բնակարան, մեքենա չեն տվել։

–Ո՛չ։

–Ստացողներից քի՞չ ավանդ ունեք երգարվեստում։

–Ես չգիտեմ, ես դրա մասին չեմ մտածել։ Ես անում եմ իմ գործը։ Ես շատ ուրախ եմ, որ ընդամենը մի քանի օր առաջ Վակունիս գյուղում էինք՝ վերաբնակեցված գյուղ է, ընդամենը 100 հայ է ապրում այնտեղ, 14–15 ընտանիք։ Գնացել էինք այնտեղ ընկերներով՝ ես, Մակիչը Մկրտչյանը, Լեյլան Սարիբեկյանը, Դավիթը Ամալյանը։ Մեր նախաձեռնությամբ գնացինք և այդ ժողովրդին մի շատ գեղեցիկ համերգ պարգևեցինք։ Միևնույն ժամանակ, իմանալով այդ նախաձեռնության մասին, ընկերներիցս մեկը՝ Սարդար Ադամյանն ասաց՝ ես մի ամբողջ դասարանի կահավորանք եմ նվեր տալիս և տարանք մեզ հետ։ Մյուս ընկերս՝ «Մանչո գրուպ»–ի տերը՝ Վանիկը Մոսոյան, ասաց, որ ես ինչքան պետք է կոնֆետ, շոկոլադ և թխվածքեղեն կտամ։ Մի 200կգ տարել ենք։ Մյուս ընկերս տրանսպորտը հոգաց, մյուսը՝ բարձարխոսների հարցը և այլն։ Մի խոսքով, ես իմ գործով եմ զբաղվում։ Ես որևէ դժգոհություն չունեմ։ Ես գոհ եմ իմ կյանքից և գոհ եմ ժողովրդի վերաբերմունքից իմ հանդեպ, ու ես անում եմ այն, ինչին ես հավատում եմ։ Ես սիրում եմ իմ ժողովրդին և աշխատում եմ ինչ–որ չափով իմ ծառայությունը մատուցել իմ ժողովրդին։ Մնացած բաներին ես չեմ նայում։ Էդ նեղացկոտությունն ինձ համար տեղ չունի։ Աստված տա բոլորին թող հասնեն։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը