Հարցազրույց

09.04.2009 17:45


Ստեփան Գրիգորյան.

Ստեփան Գրիգորյան.

Հարցազրույց  քաղաքագետ  Ստեփան Գրիգորյանի հետ

-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում, ինչպե՞ս  եք գնահատում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը Թուրքիա։

-Այս պահին մենք անհրաժեշտ ինֆորմացիա չունենք։ Այն բավականին սակավ է և չի անցնում պաշտոնական հայտարարություններից այն կողմ։ Պարզ է մեկ բան. ԱՄՆ դիրքորոշումը անփոփոխ մնաց։ Միացյալ նահանգները կողմնակից են, որ հայ-թուրքական սահմանը արագ բացվի։ Հենց այս համատեքստում էր խոսում Օբաման։ Իսկ Գյուլի այն հայտարարությունը, թե առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման,  սահմանի բացման հարցում դժնար թե կողմերը գան ընդհանուր հայտարարի, նշանակում է, որ ԼՂ հիմնահարցը, այնուամենայնիվ, բանակցային սեղանին կա։ Ճիշտ է ոչ այն ձևով, ինչպես որ դա մեկ տարի առաջ էր, սակայն Արցախի հարցը կրկին շրջանառվում է։

-Թուրքիայի վարչապետը ևս հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի, քանի դեռ չի վերականգնվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ստացվում է, որ թուրքական կողմը սահմանի բացման բանակցություններում, այնուհանդերձ նախապայմաններ դնում է։

-Ցանկացած դեպքում կարելի է ասել, որ Թուրքիան նախապայմաններ դնում է։ Եթե Թուրքիան սահմանի բացումը, այսպես, թե այնպես կապում է ղարաբաղյան հակամարտության կամ  Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, ապա դա նշանակում է, որ նախապայմաններ կան։ Սակայն պետք է մեկ բան հասկանալ. վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների ձևավորման հարցում պատրաստ էր ինչ-որ առաջընթացի։ Բայց՝  կարո՞ղ է արդյոք Թուրքիան առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու բացի սահմանը։ Այս հարցին ես դժվարանում եմ պատասխանել։ Իմ կարծիքով, ճիշտ ճանապարհը նա է, որ տարանջատվեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը՝ հայ-ադրբեջանականից։ Երրորդ պետություններով մեր հարաբերությունները Թուրքիայի հետ չպետք է կապվեն։ Այստեղ մենք ոչնչով Թուրքիային օգնել չենք կարող, քանի որ սա արդեն Թուրքիայի և Ադրբեջանի խնդիրն է։ Միանշանակ Ադրբեջանի կողմից ճնշումը Թուրքիայի վրա զգալի է և մեծ։ Եվ դժվար է ասել, թե որքանով Թուրքիային կհաջողվի ձերբազատվել Ադրբեջանի, գնալով ուժեղացող, ճնշումներից։

-Երկկողմ հարաբերությունների ձևավորման հարցում, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի դիրքորոշումն ու վարած քաղաքականությունը։

-Գտնում եմ, որ շատ տեղին էին մեր նախաձեռնությունները՝ Թուրքիայի հետ գնալ երկխոսության։ Այն քաղաքական դիրքորոշումը, որը պետության և մեր երկրի ղեկավարի կողմից դրսևորվում է՝  ես գնահատում եմ դրական։ Բանակցությունների մի մասը հրապարակային չէ, մյուս մասից մենք ինֆորմացիա ունենք։ Եվ մեզ հասանելի տեղեկատվությունից կարելի է դատել, որ այս հարցում Հայաստանի դիրքորոշումը կառուցողական է։ Օրինակ, ես դրական եմ գնահատում այն, որ մենք չենք բարձրացնում ցեղասպանության փաստը, որպես նախապայման։ Հասկանալի է, որ ի վերջո փաստն այդ պետք է ճանաչվի, բայց քաղաքական օրակարգում, այս պահին, այդ խնդիրը առաջնահերթ չէ։ Ես կարծում եմ, որ սահմանի բացումն ու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը առաջնային գերխնդիր է։

-Իսկ եթե իրավիճակը չփոխվի, այդ դեպքու՞մ էլ Հայաստանի  դիրքորոշումը կարելի է հաջողված համարել։ Խոսքը, մասնավորապես, «ֆուտբոլային դիվանագիտության» մասին է։

-Այո։ Եթե մենք ուզում ենք տարածաշրջանում հաստատել կայունություն, ապա պարզ է, որ սահմանը պետք է բացվի։ Մյուս հարցերը կլուծվեն։ Ես կասկած չունեմ, որ  այս դեպքում, շատ կարճ ժամանակում կավելանան այն ուժերը, որոնք կողմ են Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Ասեմ ձեզ, որ այս հարցում, դինամիկան այսօր էլ տեսանելի է։ Ուրեմն. եթե մենք ուզում ենք, որ լինի առաջընթաց մենք պետք է առանց նախապայմանների առաջ շարժվենք։ Եվ որքանով որ հասկանում եմ, Հայաստանի իշխանությունները հենց այս գծի վրա են։ Մնաց, որ Թուրքիան էլ, անտեսելով Ադրբեջանի ճնշումը, իր մեջ ուժ գտնի ազատվելու նախապայմաններով բանակցելու սխալ քաղաքալանությունից։

-Ի՞նչ եք կարծում, ապրիլի 24-ի իր ուղերձում, Բարաք Օբաման կարտասանի՞ ցեղասպանություն բառը, և  ի՞նչ զարգացումներ են հնարավոր «այոյի» և «ոչի» դեպքում։

-Իմ կարծիքով երկու սցենար կա։ Եթե թուրքական իշխանությունների հետ Օբամայի բանակցությունները ԱՄՆ-ի համար ցանակալի արդյունք են տվել, ապա ԱՄՆ նախագահը չի արտասանի ցեղասպանություն բառը։

-Ո՞րն է ցանկալի արդյունքը։

-Մի քանի հարց կա։ Իրաքյան խնդրում Թուրքիայի մասնակցության ձևաչափի հստակեցում, Իրան-Թուրքիա հարաբերությունների ջերմացում, Ռուսաստանի հետ Թուրքիայի ռազմական համագործակցության խորացում, Սև ծովի հետ կապված Թուրքիան հաշվի կառնի՞ ԱՄՆ դիրքորոշումը, թե ոչ և այլն։ Այս դեպքում, եթե ԱՄՆ-ին բավարարի Թուրքիայի դիրքորոշումը, ապա մենք շատ արագ այդ մասին կիմանանք։ Մի քանի օրից լինելու է հայությանն ուղված ԱՄՆ նախագահի ուղերձը։ Եթե նրանում չասվի ցեղասպանություն բառը, ապա ԱՄՆ-ը  բավարարված է Թուրքիայի հետ բանակցություններով։ Իսկ չարտասանալու պատճառաբանումը կլինի հետևյալը. այժմ նկատվում է հայ-թուրքական հարաբերությունների մերձեցում և ի՞նչ իմաստ ունի այս հարցը այսօր սրել։ Ավելի քիչ հավանական է երկրորդ տարբերակը. ԱՄՆ-ին չեն բավարարել Թուրքիայի հետ վերջին բանակցությունների արդյունքները։ Իսկ դա կնշանակի որ ԱՄՆ նախագահը կօգտագործի ցեղասպանություն բառը, քանի որ Թուրքիան չարդարացրեց ԱՄՆ-ի սպասելիքները և այս դեպքում Օբաման կկատարի հայությանը տված իր խոստումը։ Երկու  դեպքում էլ դժվար է ասել թե ի՞նչ զարգացումներ են հնարավոր։ Դա կախված է լինելու, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացներից։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը