Մեկնաբանություն

14.04.2011 20:27


Наглость–второе счастье !

Наглость–второе счастье !

Ցանկացած նորմալ պետության պարագայում գործադիրի ղեկավարը կա՛մ հրաժարական կտար, կա՛մ նրան կհեռացնեին՝ եթե տնտեսության մեջ արձանագրվեին այնպիսի ցուցանիշներ, ինչպիսին առկա է Հայաստանում այս երեք տարիների ընթացքում և եթե կառավարությունն այնպես խաբած լիներ հասարակությանը, ինչպես խաբեցին մեզ բոլորիս «երկրորդ սերնդի տնաբույծ բարեշրջիչները»։ Բայց մերն ուրիշ է, և բոլոր առումներով ձախողված պաշտոնյան դեռ շարունակում է արդարանալ։

Երրորդ տարին անընդմեջ կառավարությունը, որի ղեկավարն է «միջազգայնագետ» Տիգրան Սարգսյանը, չի կատարում իր գլխավոր խոստումը՝ ՀՆԱ տարեկան աճի ապահովում շուրջ 9%–ի չափով։ Այդ ցուցանիշը խոստացվել էր 2008–ի մարտի 1–ից հետո ձևավորված կառավարության գործունեության ծրագրով։

Ինչպես հայտնի է 2009–ին ունեցանք 14,4 % տնտեսական անկում, իսկ 2010–ին՝ 2,6 % ՀՆԱ աճ, բայց այդ աճն անվանական էր, քանի որ արձանագրվեց երկնիշ ինֆլյացիա, ինչը նշանակում է, որ նախորդ տարի, ըստ էության,  կրկին անկում ենք գրանցել։

Այս տարվա ցուցանիշները դեռ ամփոփված չեն, բայց գների աճի բարձր տեմպը հուշում է, որ տարին ևս մեկ անգամ կփակենք ոչ ցանկալի ձևով։ Սրանք կոնկրետ փաստեր են ու պաշտոնական ցուցանիշներ, որոնց դեմ դատարկախոսությամբ հնարավոր չէ պատճառաբանություններ ներկայացնել։ Բայց արի ու տես, որ Տ. Սարգսյանը գոհ է իր աշխատանքից ու չի համարում, որ ձախողվել է։ Այստեղ են ասել՝ «Наглостьвторое счастье!»

–Ես հիշում եմ, որ 90–ականներին երկրի տնտեսության կործանման մասին ամեն օր խոսում էր Արշակ Սադոյանը, ով սիրում էր ասել, թե վաղը, մյուս օրը կործանվելու ենք,– տնտեսության մեջ արձանագրվող բացասական երևույթների մասին խոսողներին ու իրեն այդ ամենում մեղադրողներին հակադարձում է վարչապետը՝ ուզենալով ասել, որ միշտ էլ այդպես խոսվել է, բայց երկիրը դեռ կա։

Եթե վարչապետը նման ձևով է պատասխանում իր քննադատներին իր ցինիկությունից ելնելով, ապա դա դեռ մի կերպ հասկանալի է։ Ըստ այդմ՝ ստացվում է, որ  Տ. Սարգսյանը զգում է վիճակի լրջությունը, բայց այլ կերպ, քան իրեն համապատասխան ռետինե խողովակի տեղ դնելով քննադատության տակից դուրս գալը, չի պատկերացնում։ Իսկ եթե վարչապետն անկեղծորեն մտածում է, որ երկրի տնտեսության հետ ամեն ինչ կարգին է, ապա մենք գործ ունենք հանցավոր դիլետանտիզմի հետ, ինչն ավելի վտանգավոր է, քան ցինիզմը։

Ինչ վերաբերում է վերը բերված վարչապետական ձևակերպումներին, ապա նախ նկատենք, որ նրա հիշատակած 90–ականներին Արշակ Սադոյանն իր կուսակից ընկերն էր ու Տիգրան Սարգսյանը Սադոյանի հետ միասին էր խոսում երկրի կործանման մասին ու պահանջում Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականը։ Եթե այն օրերին Սադոյանի պահվածքը վարչապետն այսօր համարում է սխալ, ապա պետք է նաև հրապարակավ հայտարարի, որ ինքն էլ է սադոյանությամբ զբաղվել ու ընդդիմադիր գործչի կարգավիճակում պոպուլիզմով «աչոկ» հավաքել։ Ի դեպ, շատ տգեղ է նախկին կուսակցին ձեռառնոցիի տոնով հիշելը, մանավանդ որ Սադոյանի քննադատությունները կապիտալիզացնելով ու հակահհշականի  դիմակ  ունենալով է 1998–ի իշխանափոխությունից հետո Տիգրան Սարգսյանը «կպցրել» Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը։ Դա՝ մեկ։

Երկրորդը՝ Տ. Սարգսյանը, հավանաբար, երկրի կործանումը բառացի է պատկերացնում ու քանի որ ՀՀ–ն աշխարհի քաղաքական քարտեզի վրա կա՝ եզրակացնում է, որ ամեն ինչ լավ է։ Պաշտոնական վիճակագրությամբ արձանագրված երկնիշ տնտեսական անկումը, երկրի արտաքին պարտքի կրկնակի ավելացումն այս երեք տարիների ընթացքում, գնաճի բարձր տեմպը, գյուղատնտեսության ոլորտի վատացումը, աղքատության խորացումը և, վերջապես, արտագաղթի մտահոգիչ ցուցանիշները մի՞թե զարգացում են նշանակում, ինչպես որ փորձում է վիճակը ներկայացնել «բարեշրջիչը»։ Ուրշ էլ ի՞նչ ցուցանիշեր լինեին, որ միայն այդ ժամանակ խոսեինք կառավարության ձախողման ու երկրի տնտեսության կործանման մասին։

Հիմա քարոզվում են հարկային ու մաքսային համակարգի բարեփոխումները, արտահանման խթանումն ու դեմքով դեպի գյուղը շրջվելը։ Բայց այդ ամենից առաջ պետք է տնտեսական նորմալ համակարգ ստեղծել և հետո միայն մտածել բիզնեսից հարկ հավաքելու, ապրանքն արտահանելու, գյուղացուն իրական օգնություն ցույց տալու մասին։ Հարկը, արտահանումը և այլ նման բաները հետևանք պետք է լինեն տնտեսության աշխուժացման։

Տիգրան Սարգսյանի թիմը տնտեսության զարգացում ասելով սկզբնական փուլում պատկերացնում էր նյուվասյուկիստական ծրագրեր ժողովրդին ներկայացնելն ու մարդկանց աչքին թոզ փչելը։ Կառավարության հեքիաթասածի դերը, վարչապետից զատ, ստանձնել էր տխրահռչակ Ներսես Երիցյանը, ում գործը խոսելն ու չաշխատելն էր։

Երիցյանին ուղարկեցին «հորանց» տուն ու նրա տեղը «կրկին փորձիր» տարբերակով էկոնոմիկայի նախարարություն, բայց արդեն նախարարի կարգավիճակով, ուղարկեցին Տիգրան Դավթյանին, ում գործն էլ հիմա չխոսելն ու չաշխատելն է։ Երևի իշխանություններն էլ են հասկացել, որ իրենց սուտը վերջացել է, այլևս հավատացող չկա և դարձել են «չխոսկան»։

Փաստն այն է, որ պաշտոնյաներին «ռակիրովկա» են անում, բայց տնտեսության մեջ դրական տեղաշարժ չկա ու չկա։ Ու այդքանից հետո վարչապետը ուրախությամբ նկատում է, որ դեռ մնում է իր տեղում։

Պաշտոնին մնալը միակ ձեռքբերումն է, որն ունի Տ. Սարգսյանը, բայց դա ոչ թե լավ աշխատելու, այլ այն բանի շնորհիվ է, որ Սերժ Սարգսյանը դժվար թե կարողանա երկրորդ այդպիսի մեկին գտնել, ով զրոյական վարկանիշ ունի ԱԺ–ում, ցածր լեգիտիմությամբ է օժտված պետական կառավարման համակարգի լայն շրջանակների մոտ, հասկանալի պատճառներով՝ ընդունված չէ բիզնեսի բոլոր շերտերի կողմից։ Միայն այդպիսի քաղաքականապես ոչինչ չներկայացնող սուբյեկտն է ձեռնտու Սերժ Սարգսյանին որպես վարչապետ ու դրա համար էլ առայժմ Տիգրանը մնում է աթոռին, բայց հիմա նույնիսկ Ս. Սարգսյանն է հասկացել, որ նմանատիպ վարչապետ պահելն այլևս վտանգավոր է իր իշխանության համար։

Թերևս պաշտոնը կորցնելու վտանգը զգալով է, որ Տիգրան Սարգսյանն այժմ «մեյդան» է ընկել, հարցազրույցը–հարցազրույցի հետևից է տալիս ու դեմագոգիայով զբաղվում։ Բայց ժամանակն է, որ հասարակությունը համապատասխան գնահատական տա թաքնված այս իրական օլիգարխին և ուղարկի նրան «տերտերանոց»՝ «Բենթլիով»՝ Սամոյի մոտ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը