Խմբագրական

17.04.2011 14:56


Հեղափոխություն և հակահեղափոխություն – 5

Հեղափոխություն և հակահեղափոխություն – 5

Մարտի 17–ի հանրահավաքից սկսած հրաժարվելով բոլոր տիպի պահանջներից և թողնելով միայն երեք «պահանջ», քննադատության արժանացնելով այս ռեժիմին ընդդիմացող բոլոր ուժերին և Սերժ Սարգսյանին խնդրելով ներում շնորհել քաղբանտարկյալներին, «մոռանալով» մոնղոլ–թաթարական պիտակավորումների մասին ու «մոնղոլ–թաթարին» աղաչելով «երկխոսել»՝ Լևոն Տեր–Պետրոսյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ իր գործողությունների ծրագիրը տեղավորվում է բացառապես «Եղիազար Այնթապցին ու էջմիածնական միաբանները» մոդելի մեջ, որի շրջանակներում «Եղիազարին» առաջարկվում է կառավարել 10 տարի, իսկ փոխարենը հաստիքային «ընդդիմության» վերցնել «միաբաններին»։

Տեր–Պետրոսյանի ասածն, ըստ էության, այն է, թե «Ա՛յ Սերժ ջան, արի դու տասը տարի նախագահ աշխատիր, բայց մեզ էլ տար ԱԺ՝ որպես ընդդիմություն։ Ինչ նախաձեռնությամբ հանդես գաս թե՛ ներսում, թե՛ դրսում՝ կողջունենք։ Մանավանդ, որ անում ես այն, ինչ մենք էինք անելու՝ եթե իշխանության գայինք։ Որպես հավատարմության ապացույց էլ ընդունիր այս երեք տարիների իմ կեցվածքը, որը դրսևորվել է հետյալ կերպ.

  1. սատարել եմ «ֆուտբոլային» դիվանագիտությանդ,
  2. քննադատել եմ բոլոր ընդդիմախոսներիդ,
  3. օգնել եմ կոալիցիոն նոր հուշագիր ստորագրելը գլուխ բերելուն,
  4. մամուլիս միջոցներն ու խնամիս (դե ես, էլի) քո ու փեսայիդ տրամադրության տակ ենք եղել ու կանք երբ ցանկացել եք (Գագիկ Բեգլարյանի, Գագիկ Ծառուկյանի ու ձեր մյուս «յուրայինների» դեմ «համատեղ ջանք» հիշեցնող արշավը վկա),
  5. կատաղի պայքար եմ մղում Ռոբերտ Քոչարյանի դեմ,
  6. խոշոր բիզնեսին կուլակաթափ անելու հարցում քեզ հրապարակայնորեն աջակցել եմ ու էլի կաջակցեմ և այլն, և այլն, և այլն»։
Այսինքն՝ «միաբանների» կողմից կոչ է արվում «Եղիազարին» քաղաքական դաշտը բաժանել իրար մեջ և իրենց տալ մի քանի մանդատ՝ դրա դիմաց խոստանալով օժանդակել սարգսյանական «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը։

Ահա այսպիսի «արմատական» պայքար է մղում Տեր–Պետրոսյանն իր, ինչպես հանրահավաքներից մեկում էր արտահայտվել, ընկերոջ՝ Ս. Սարգսյանի դեմ։

Անպարկեշտ առաջարկ

Այժմ ներկայացնեմ Տեր–Պետրոսյանի «միաբանական» տխրահռչակ ելույթից մի ընդարձակ մեջբերում, որպեսզի պարզապես թարմացնենք մեր հիշողությունը և անցնենք սերժա–լևոնական «երկխոսության» մյուս նրբությունների դիտարկմանը։

«Ինձ համար անհասկանալի է հետեւյալ առեղծվածը։ Քանի կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտու­թյան կարգավորման հարցերում անհարկի զիջումների է գնում՝ օտարներից լեգի­տիմու­թյուն ստանալու նպատակով, ապա ի՞նչն է նրան խանգարում, այդչափ նվաստանալու փոխարեն, ցանկալի այդ լեգիտիմությունը խնդրել սեփական ժողովրդից եւ ստիպված չլինել այդպիսի զիջումներ կատարելու։ XVII դարում Թուրքիայում կար մի փառամոլ եւ իշխանատենչ հոգեւորական, Եղիազար Այնթապցի անունով, որը կաշառքի ու խարդավանքների միջոցով հաջողացրել էր հռչակվել թրքահայության կաթողիկոս, ահավոր վտանգի տակ դնելով Հայոց եկեղեցու եւ հայ ժողովրդի միասնությունը։ Այնժամ Էջմիածնի միաբանները ժողով են գումարում, եւ դիմելով նրան ասում. «Եղբայր, կաթողիկոս ես ուզում լինել, արի դարձիր Ամենայն հայոց կաթողիկոս, միայն թե ազգի գլխին փորձանք մի՛ բեր ու մի՛ պառակտիր մեր եկե­ղեցին»։ Եղիազարը համաձայնում է, տասը տարի (1681-1691 թթ.) հանգիստ գահակա­լում Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, եւ այդպիսով կանխվում է Հայոց եկեղեցուն սպառ­նացող աղետը։ Հայ ժողովրդի ողջ պատմության մեջ ազգային մտածողության ավելի լայնախոհ ու իմաստուն դրսեւորում, քան էջմիածնական միաբանների այս որոշումն է, ինձ հայտնի չէ։ Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին թվում, թե հայ ժողովուրդն ընդունակ չէ, հանուն ազգային նպատակների, եւս մեկ անգամ նման լայնախոհություն եւ իմաստնություն դրսեւորելու»,– նշել էր Տեր–Պետրոսյանը 2009–ի նոյեմբերի 11–ին, երբ փորձ էր անում միաբանական ոճով «երկխոսել» Սերժ Սարգսյանի հետ (տե՛ս՝ http://7or.am/archives/20734

Այսինքն՝ Սերժ Սարգսյանի հետ «երկխոսելու» առաջարկով Տեր–Պետրոսյանը ոչ թե հիմա է հանդես գալիս, ինչպես փորձում են ներկայացնել հանրությանը, այլ շուտվանից։ Ուրիշ հարց է, որ նախկինում Սարգսյանն ուշադրության չէր արժանացնում իր «մրցակցի» խնդրանքներն ու իշխանության կայունության երաշխիքը դառնալու պատրաստակամությունը։

Այս պահին իրավիճակը փոխվել է, և ՀՀԿ «ճկուն» առաջնորդն արդեն օգտագործում է Տեր–Պետրոսյանին որպես գործիք՝ իր դիրքերն ամրապնդելու, հասարակության հեղափոխական էներգիան ՀԱԿ առաջնորդի ձեռքերով մարելու և նեոբոլշևիկյան ծրագրերը կյանքի կոչելու համար։ Պատահական չէ, որ իշխանությունները հիմա ամեն կերպ աջակցում են, որպեսզի բողոքական էլեկտորատը կենտրոնանա մեկ տեղ ու միակ ընդդիմություն հռչակվի Տեր–Պետրոսյանը, քանի որ վերջինիս հետ կա գաղափարական ընդհանրություն և առնվազն մարտավարական շահերի նույնացում։ Շահեր, որոնք բացարձակապես կապ չունեն հանրային կյանքի բարելավման հետ, այլ ընդամենը ծառայում են քաղաքական ու տնտեսական դաշտի վերաձևմանը։

Ի դեպ, շահերի նմանատիպ համադրում եղավ նաև 2008–ին, երբ Սերժ Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը «երկխոսեցին»։ Թե ինչ եղավ դրանից հետո՝ հիշեցնելու կարիք չկա։

Արթուր Բաղդասարյանի էլեկտորալ դավաճանության և Ս. Սարգսյանի հետ ՕԵԿ առաջնորդի «արժանապատիվ գործարքի» հետ համեմատած՝ շատ ավելի անբարո և հակահասարակական բնույթ է կրում Տեր–Պետրոսյան–Սարգսյան «երկխոսությունը», քանի որ դրա հիմքում բացառապես նեղ խմբերի շահերի սպասարկումն է, իսկ մարտի 1–ի և քաղբանտարկյալների թեման՝ մանրադրամ ու քաղաքական «բազառի» առարկա։ Բաղդասարյանի դեպքում գոնե զոհեր, վիրավորներ ու քաղբանտարկյալներ չկային։

Անիմաստ եմ համարում անդրադառնալ Լ. Տեր–Պետրոսյանի՝ իշխանության հետ «երկխոսությունն» սկսելու երրորդ «պահանջին»՝ Ազատության հրապարակում հանրահավաքները թույլ տալուն։ Պարզապես ծիծաղելի է Ազատության հրապարակում հայտարարելը, թե թույլ տվեք այստեղ հանրահավաք անել։

Անդրանիկ Թևանյան

շարունակելի

Այս խորագրի վերջին նյութերը