Խմբագրական

29.05.2011 23:12


«Նախաձեռնողական» տնտեսական քաղաքականություն – 2

«Նախաձեռնողական» տնտեսական քաղաքականություն – 2

սկիզբը՝ տե՛ս

ՀՅԴ–ի հարցապնդման շուրջ քննարկումներն ԱԺ–ում ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի գլխավորած թիմի տնտեսական քաղաքականությունը ձախողված է համարում նաև պատգամավորական մեծամասնությունը, որի ներկայացուցիչներն իրենց ելույթներով ու գնահատականներով փաստացի բացասական որակեցին գործադիրի վարած կուրսը՝ ընդամենը 13 դեմ ձայն տալով Կառավարությանն անվստահություն հայտնելու դաշնակցականների առաջարկին։ Եվ դա այն դեպքում, երբ քվեարկության ժամանակ ներկա էին բազմաթիվ հանրապետականներ և իշխող կոալիցիայի անդամ մյուս կուսակցությունների ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ վերջին երեք տարիների ընթացքում մեզ մոտ արձանագրված սոցիալ–տնտեսական կյանքի հետընթացը Կառավարությունը բացատրել էր ոչ իրենից կախված գործոնների ազդեցությամբ։

«Հիմնական ազդեցությունը սոցիալ–տնտեսական ցուցանիշների վրա եղել է ճգնաժամը և նախկինից ժառանգված արտաքին ցնցումների նկատմամբ խիստ զգայուն տնտեսական համակարգը, ինչպես նաև ոչ արդյունավետ սոցիալական ենթակառուցվածքները, որոնց շտկմանը ձեռնամուխ է եղել Կառավարությունը»,– ՀՅԴ–ի հարցապնդմանն ի պատասխան նշել էին գործադիրից՝ փորձելով հիմնավորել, թե ինչու չէին կատարվել ու կատարվում 2008–ին տված խոստումները։

Ճիշտ է, իրենց բանավոր խոսքերում և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Տիգրան Սարգսյանը հերքեցին, թե իրենք այսօրվա տնտեսական վիճակի հիմնական պատճառներից են համարում նախորդից մնացած ծանր ժառանգությունն ու հավաստիացրեցին, որ շարունակում են նախկին գիծը, բայց դա արդեն երկերեսանիություն անելու պես մի բան էր, քանի որ սևով սպիտակի վրա նրանք այլ բան էին ասել։

Այժմ եկեք մի փոքր մանրամասն դիտարկենք Կառավարության պատասխանը ՀՅԴ հարցապնդմանը՝ առաջնորդվելով այն մոտեցմամբ, որ իշխող զույգի իրական տեսակետներն ամրագրված են իրենց գրավո՛ր խոսքում։

«Ուժեղ» դրամը և խոցելի տնտեսական համակարգը

Կառավարությունն իր «Ես մեղավոր չեմ, այլ վատ ժառանգություն եմ ստացել» մոտեցման մեջ նշում է, որ 2001-2008 թվականներին մեր տնտեսության ոչ արտահանելի հատվածը երկրում ստեղծվող ավելացված արժեքի կառուցվածքում գնալով մեծացել է՝ 42,9 տոկոսից հասնելով 60,6 տոկոսի։ Այլ խոսքերով՝ նշյալ ժամանակահատվածում արտահանման տեսակարար կշիռը ՀՆԱ կառուցվածում նվազել է։

«Ակնհայտ է, որ նման տնտեսական կառուցվածքով տնտեսությունն ավելի խոցելի պետք է լիներ արտաքին շոկերից։ Ակնհայտ է նաև, որ մինչև ճգնաժամը նշված ութ տարիներին ձեռքբերված կառուցվածքը հնարավոր չէ վերափոխել երկու տարիների ընթացքում։ Հետևաբար, սոցիալ–տնտեսական ցուցանիշների ապահովման տեսանկյունից կարևոր է, թե ինչպիսի մեկնարկային իրավիճակից ես սկսում»,– սեփական ձախողումների համար արդարացումներ էին գտել, իրենց դարդերը թղթին էին հանձնել ու Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների ընթացքում կուտակած բացասական լիցքերն էին դուրս տվել այդ ժամանակահատվածում պետական համակարգի գորշ կարդինալի կարգավիճակ ունեցող պաշտպանության նախարար, իսկ դրանից հետո վարչապետ աշխատած Սերժ Սարգսյանն ու ՀՀ Կենտրոնական բանկը նույն այդ տարիներին ղեկավարած Տիգրան Սարգսյանը։

Այն որ անկախ Հայաստանի տնտեսությունն իր ձևավորման սկզբից բազում համակարգային խնդիրներ է կուտակել՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ և հասկանալի է, որ այդ խնդիրների չլուծման դեպքում, անկախ արտաքին տնտեսական կոնյունկտուրայից, մեզանում ճգնաժամերը պարբերական բնույթ կկրեն։ Բայց քանի որ Կառավարությունը կոնկրետ ցուցանիշներ և երևույթներ է մատնանշել, որոնք պատճառ են դարձել իր ձախողման (տնտեսության ոչ արտահանելի հատվածի շարունակական ավելացումը), ուստի եկեք տեսնենք, թե ինչն ինչոց է։

Այո՛, տնտեսության ոչ արտահանելի հատվածը 2001-2008 թվականներին պաշտոնական ցուցանիշներով աճել է, բայց դա պայմանավորված է եղել ոչ այնքան տնտեսության մեջ առկա կառուցվածքային խնդրով, որքան ԿԲ–ի կողմից վարվող դրամավարկային ու, մասնավորապես, փոխարժեքային քաղաքականությամբ։

Բանն այն է, որ 2002 թվականից մինչև 2008 թվականը ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ շարունակաբար արժևորվել է՝ 582 դրամից իջնելով մինչև 300 դրամի սահմանները՝ զգալի հարված հասցնելով մեր տնտեսության արտահանելի հատվածին ու նպաստելով երկրի ավելացված արժեքի կառուցվածքում ոչ արտահանելի մասի ավելացմանն ու առավելապես ներմուծող տնտեսություն ունենալուն, ինչի մասին այսօր խոսում է նաև Կառավարությունը։

Եթե հիշում եք, այն տարիներին ԿԲ ղեկավար Տիգրան Սարգսյանն, ի պատասխան մասնագետների քննադատության, ամեն կերպ պաշտպանում էր «ուժեղ» դրամի քաղաքականությունն ու դա համարում մեծ ձեռքբերում։ Իսկ հիմա, ահա, եկել է վարչապետ դարձած Տ. Սարգսյանի 1998-2008 թթ. ԿԲ նախագահ Տ. Սարգսյանի դեմ պայքարելու և դեմագոգիայով զբաղվելու ժամանակը։

Ի դեպ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն Տիգրան Սարգսյանը հանդիսանում է Հայաստանի տնտեսության մեջ ներգրավված ներմուծող շրջանակների հետ սերտորեն առնչվող սուբյեկտ՝ կարող ենք ենթադրել, որ «ուժեղ» դրամի քաղաքականությանն այսօրվա վարչապետը կողմ է եղել ոչ առանց անձնական ու խմբակային շահագրգռվածության։ Չէ՞ որ Սերժ Սարգսյանի շրջապատը ներկայացնող տնտեսվարող սուբյեկտների մեծ մասը (Բարսեղ Բեգլարյան, Սամվել Ալեքսանյան և այլն) հիմնականում ներմուծողներ են, իսկ դա նշանակում է, որ Կառավարության կողմից այդքան քննադատելի 2001-2008 թվականները կապիտալի գերկուտակման երանելի ժամանակներ են եղել ՀՀ այսօրվա նախագահի ու իր բիզնես թիմի համար, և հիմա պարզապես չարժե կոկորդիլոսի արցունքներ թափել ու ասել, թե վատ ժառանգություն ենք ստացել։ Համենայդեպս «Սարգսյան & CO»–ն վատ ժառանգություն չի ստացել. սա ի միջի այլոց։

Ավելորդ չէ նաև նշելը, որ 2008–ի մարտի 1–ի գնով իշխանության եկած Սերժ Սարգսյանն ու իր վարչապետ Տիգրան Սարգսյանը, ովքեր սեփական տապալումները սկսել են բացատրել վատ ժառանգությամբ, նախորդ իշխանությունից որպես բյուջետային պրոֆիցիտ ստացան մի քանի տարիների ընթացքում կուտակված մոտ 90 միլիարդ դրամ, որն ամբողջությամբ, կոպիտ ասած, մսխեցին 2009–ին՝ «հաջողացնելով» նույնիսկ այդպիսի մեկնարկային պայմաններում այդ տարի ստանալ 14,4 տոկոսանոց ՀՆԱ անկում։

Արտաքին ու ներքին Ճգնաժամը

2009–ին Տիգրան Սարգսյանը շատ էր սիրում կրկնել, որ ճգնաժամը մեզ կշրջանցի։ Նա այդ մասին խոսում էր նույնիսկ այն ժամանակ, երբ ճգնաժամն արդեն իսկ առկա էր Հայաստանում ու դա չնկատելը կա՛մ դիլետանտության, կա՛մ ջայլամային քաղաքականության հետևանք էր։

Այժմ մեք տեսնում ենք, որ ճգնաժամը պարզապես փրկօղակ է դարձել Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան ձախողված զույգի համար. բոլոր խնդիրները, այսպես ասած, դուրս են գրվում ճգնաժամի վրա, և վերջ։

Այն, որ ճգնաժամը ազդել է մեր տնտեսության վրա՝ անվիճելի է։ Սակայն հարկ է պարզել, թե ի՞նչ չափով է այն ազդել, արդյոք այդ ազդեցությունը կարո՞ղ էր մեր տնտեսության անկման հիմնական պատճառներից դառնալ և որքանո՞վ է արդյունավետ եղել Կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը։

Միջազգային ֆինանսա–տնտեսական ճգնաժամը Հայաստանի վրա ազդեց ուղղակի և անուղղակի ձևով։

Ուղղակին առնչվում էր միջազգային շուկայում պղնձի ու մոլիբդենի գների անկմանը, ու քանի որ ՀՀ–ն տարադրամային մեծ հոսքեր էր ունենում նշյալ հումքատեսակներն արտահանելով՝ ուստի միջազգային գնանկումն անմիջապես հարվածեց մեզ։

Անուղղակի ձևով մեր տնտեսությունն իր վրա զգաց միջազգային տնտեսական ճգնաժամի հետևանքները երբ անկում ապրեցին նաև նավթի միջազգային գները։ «Սև ոսկու» կտրուկ էժանացումը հանգեցրեց ռուսական տնտեսության անկմանը։ Նավթադոլարների հոսքի նվազեցումը ՌԴ տնտեսության մեջ բերեց շինարարության ոլորտի ստագնացիային, ինչը բացասաբար անդրադարձավ նաև ՀՀ–ից արտագնա աշխատանքի մեկնած ու ՌԴ շինարարական բիզնեսում ներգրավված մեր բազում քաղաքացիների վրա։ Արդյունքում՝ դրսից ՀՀ ուղարկվող մասնավոր դրամական միջոցները պակասեցին՝ պատճառ դառնալով մեր սպառողական շուկայի պասիվացմանը։

Կառավարությունը, հղում անելով պաշտոնական վիճակագրությանը, այժմ նշում է, որ 2009–ին մոտ 30 տոկոսով նվազել էին մասնավոր տրանսֆերտները և գործոնային եկամուտները, որոնք էլ պատճառ դարձան երկրում համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության ու տնտեսական աշխուժության անկման։

Այդ ամենն իհարկե ճիշտ է, և արտաքին գործոնները չէին կարող չազդել մեր տնտեսության վրա, սակայն դա համարել այսօրվա վիճակի հիմնական պատճառներից մեկը՝ սխալ է, և ահա թե ինչու։

Տեսե՛ք. Կառավարությունն իր հակաճգնաժամային քաղաքականության շրջանակներում դրսից ստացվող ֆինանսական միջոցների պակասեցումը փոխարինեց մեծածավալ վարկային միջոցներ ներգրավելով։ Ինչպես հայտնի է, արտաքին պարտքը 2010–ի սկզբում արդեն կրկնապատկվել էր, իսկ 2011–ի վերջում նախատեսվում է ՀՀ անկախության առաջին 17 տարիների ընթացքում կուտակած համախառն արտաքին պարտքի համեմատ եռապատկել այն՝ հասցնելով շուրջ 4,2 միլիարդ դոլարի, որը կազմում է երկրի ՀՆԱ–ի ավելի քան 40 տոկոսը։ Ասել է թե՝ մեզանում առկա տնտեսական վիճակը բացատրել միջազգային ճգնաժամով նույնպես չի դիմանում ոչ մի քննադատության, քանի որ արտաքին գործոններով պայմանավորված ֆինանսական հոսքերի պակասեցումը կոմպենսացվել է պետական պարտքի ավելացման միջոցով ձեռքբերված գումարներով։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը ոչ միայն չի զրկվել արտաքին ֆինանսական ներարկումներից, այլ դեռ մի բան էլ հավելյալ միջոցներ է ստացել, քանի որ վերցված վարկերի չափը մի քանի անգամ գերազանցում է այն գումարի չափը, որը պակասել էր միջազգային ճգնաժամի ուղղակի և անուղղակի ազդեցության հետևանքով։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ վարկային միջոցները, մեղմ ասած, արդյունավետ չեն օգտագործվել և Կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը նույնպես տապալվել է։ Այսինքն՝ այն պնդումները, թե մենք չենք մեղավոր, այլ արտաքին ճգնաժամն է խանգարել և դրա համար էլ խոստացված ծրագրերն ու ցուցանիշները չեն ապահովվել՝ պարզունակ քարոզչություն է և պատասխանատվությունից խուսափելու փորձ։

Ո՞րն է ներկա վիճակի բուն պատճառը

Անշուշտ, մենք ունենք համակարգային խնդիրներ (իշխանության և բիզնեսի սերտաճում, մրցակցային դաշտի խաթարված վիճակ և այլն), որոնք այսօր չեն առաջացել և որոնք մշտապես կարող են պատճառ դառնալ տնտեսական անկումների, բայց խնդիրն այն է, որ փոխարենը դրանք լուծելու՝ Սերժ Սարգսյանի թիմն այս երեք տարիների ընթացքում գնում է երկու–երեք տասնյակ ընտանիքների վրա հիմնված կլանա–օլիգարխիկ համակարգը ոչ թե բացելու և մրցակցային տնտեսական համակարգ ձևավորելու, այլ առկա համակարգն է՛լ ավելի կենտրոնացնելու ճանապարհով՝ ձգտելով կառուցել «մեկ օլիգարխի տնտեսություն», որն ավելի հակաժողովրդավարական ու հակապետական է, քան այն ինչ եղել է մինչև այժմ։

Սերժ Սարգսյանի երազածը «Հայկական թուրքմենբաշիզմն» է, որին հասնելու համար որդեգրվեց «մեծ բյուջեի» քաղաքականություն, ինչն էլ այն հիմնական պատճառներից է, որը բերեց 2008-2011 թվականներին արձանագրված բացասական տնտեսական ցուցանիշներին։

Պետական «մեծ բյուջեն» այն գործիքն է, որն ապահովում է «լեգալ կոռուպցիա», քանի որ ծախսային մասի գրեթե անվերահսկելի կառավարումը հնարավորություն է տալիս Սերժ Սարգսյանին վերաուղղորդել երկրում առկա ֆինանսական հոսքերը՝ նպատակ հետապնդելով նաև սեփականության վերաբաշխում իրականացնել։ Ահա ա՛յդ քաղաքականությունը բերեց տնտեսական կոլապսի, որն արտահայտվեց ՀՆԱ երկնիշ անկմամբ, երկնիշ գնաճով, աղքատության ավելացմամբ, բիզնես միջավայրի վատացմամբ, արտագաղթի աճով, կապիտալի արտահոսքով և հասարակության լայն շրջանակների մոտ բացասական սպասումներով։ Սրան գումարվեցին նաև արտաքին ու ներքին գործոնները, որոնց մասին խոսում է Կառավարությունը և ստացանք այն, ինչն այսօր առկա է։ Բայց կրկնեմ. ընթացիկ տնտեսական վիճակի հիմնական պատճառը վերջին երեք տարիներին վարվող տնտեսական քաղաքականությունն է, որը սկզբում հարվածեց փոքր ու միջին բիզնեսին, իսկ այժմ անտանելի է դառնում նաև խոշոր բիզնեսի համար։ Արդյունքում՝ տուժում են բոլորը, շահում է Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը։

Որպեսզի ամեն ինչ ավելի պարզ դառնա՝ դիմենք թվերի լեզվին։

Այսպես. 2007 թվականին ՀՀ պետբյուջեի ծախսային մասը կազմում էր 1,7 միլիարդ դոլար։ ԱԺ վերջին ընտրություններում վերցնելով խորհրդարանի հսկիչ փաթեթը՝ Սերժ Սարգսյանը գնաց բյուջեի ծախսային մասը 2008–ի համար շուրջ 800 միլիոն դոլարով ավելացնելու ճանապարհով։ Այսինքն՝ 2008–ի բյուջեի ծախսային մասը դարձավ 2,5 միլիարդ դոլար, որը նաև քարոզչական ատրիբուտ էր դարձել նախագահական ընտրությունների ժամանակ։ Իսկ ահա 2009–ին արդեն պլանավորվեց ծախսեր իրականացնել 3,2 միլիարդ դոլարին համարժեք դրամի չափ (1 ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքն այն ժամանակ 305 դրամն էր)։

Այսպիսով՝ երեք տարվա ընթացքում բյուջեի ծախսային մասն ավելացավ գրեթե կրկնակի չափով։ Եվ դա այն դեպքում, երբ տնտեսության մեջ որակական փոփոխություններ չէին եղել և ՀՆԱ–ն էլ այդ համամասնությամբ չէր աճել։ Արդյունքում՝ պետական բյուջեի ծախսային մասի տեսակարար կշիռը ՀՆԱ կառուցվածում էականորեն մեծացավ։ Դա իր հերթին նշանակում էր, որ պետությունն ի դեմս իշխանության գնում է տնտեսական «կարկանդակի» կտրուկ վերաձևման՝ ի վնաս մասնավոր հատվածի և հօգուտ պետության կամ ավելի ճիշտ՝ պետբյուջեն տնօրինողների։ Բնական է, որ այս պայմաններում բիզնեսը հայտնվելու էր բյուջետային մամլիչի տակ ու քամվելու էր, ինչի ականատեսն ենք այսօր։ Ասել է թե՝ իշխանությունները «նախաձեռնողական» են եղել ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին քաղաքական առումով և երկու դեպքում էլ երկրի անվտանգությանը հասցրել են լրջագույն հարվածներ։

Նկատենք, որ Կառավարության պլանավորած հարկային ճնշումները բերեցին երկու հիմնական հետևանքների՝

  1. Բիզնեսը զրկվեց որոշակի շրջանառու միջոցներից, ինչը բացասաբար անդրադարձավ ներդրումային միջավայրի վրա, որի արդյունքում բազում բիզնեսներ պարզապես փակվեցին (հատկապես փոքրերը) կամ դադարեցրեցին իրենց բիզնեսի զարգացման ծրագրերը,
  2. Հարկերի փաստացի ավելացումն ազդեց գների մակարդակի բարձրացման վրա, ինչն արդեն բացասաբար անդրադարձավ բնակչության սպառողական վարքագծի վրա՝ իր հերթին կրկին հարվածելով բիզնեսին։

Կառավարությունը ճիշտ կաներ, եթե ՀՅԴ հարցապնդմանն ի պատասխան ա՛յս խնդիրներին անդրադառնար և ընդուներ, որ ի՛ր վարած քաղաքականությունն է պատճառը, որ տնտեսության ընթացիկ ցուցանիշները միջազգային մակարդակով ու բացասական առումով ռեկորդային են։ Սակայն պարզ է, որ նրանք դա չեն անի քանի դեռ հասարակությունն իր պահանջները չի ներկայացրել և չի գնացել համակարգային փոփոխությունների։ Դա արդեն քաղաքական խնդիր է, որը կարող են լուծել միայն հայաստանակենտրոն ուժերը։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը