Մեկնաբանություն

04.05.2011 18:22


«Մոնղոլ–թաթարները» կծախե՞ն Ղարաբաղը

«Մոնղոլ–թաթարները» կծախե՞ն Ղարաբաղը

2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր–Պետրոսյանը միմյանց հասցեին ինչեր ասես, որ չէին ասում։ Հայ ժողովուրդն ականատեսը դարձավ «է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն» որակումները հիշեցնող փոխադարձ վիրավորանքների։

«Հեղափոխական» այն օրերին Տեր–Պետրոսյանն իշխող ուժերի վարած քաղաքականությունը համեմատում էր մոնղոլ–թաթարական արշավանքների հետ, իսկ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե առաջին նախագահն ուզում է նորից բազմել աթոռին, որպեսզի երեք տարում ծախի Ղարաբաղը։

Հիմա այս երկու գործիչների միջև հրապարակային դաշտում, պատկերավոր ասած, «քիրվայության միամսյակ» է սկսվել, և կողմերը ռևերանսներ են անում միմյանց. Սարգսյանը գովում է տերպետրոսյանական «ընդդիմությանը», իսկ Տեր–Պետրոսյանն էլ, կատարելով օրվա նախագահի մամլո խոսնակի դերը, հանրահավաքի ժամանակ մեջբերումներ է անում Սարգսյանի խոսքերից ու փառք տալիս Աստծուն, երբ հավաքվածները գոհունակություն են հայտնում ՀՀԿ «ճկուն» ղեկավարի քայլերի կապակցությամբ։

Այժմ, Տեր–Պետրոսյանի ասած, «երկխոսության» դուռը եթե ոչ լրիվ բաց, ապա կիսաբաց է, և ենթադրվում է, որ մի օր այն կբացվի ամբողջությամբ, ու «սիրահարները» կնստեն դեմ դիմաց կամ կողք կողքի, ինչպես մի ժամանակ արեցին Սարգսյանն ու Թուրքիայի նախագահ Գյուլը։

Երբ դա տեղի ունենա՝ կլինի քաղաքական թատրոնի եզրափակիչ ակտը։ «Հակամարտող» կողմերն, այդպիսով, հրապարակային տեսք կտան իրենց վաղուցվա «երկխոսությանը», բայց դա արդեն հետաքրքիր չէ։ Շատ ավելի հետաքրքիր է, թե ինչի՞ շուրջ են «երկխոսելու» նախկին ախոյանները և ի՞նչ են փոխզիջելու։

Դատելով այն բանից, որ և՛ Սարգսյանը, և՛ Տեր–Պետրոսյանը 2008–ին հրապարակայնորեն հնչեցրած կարծիքները և գնահատականները չեն փոխել՝ կարելի է ենթադրել, որ նրանց «երկխոսության» թեման լինելու է Ղարաբաղը ծախելը, որի շուրջ համատեղ ջանքեր են պարտավորվելու ներդնել «մոնղոլ–թաթարները» և «միաբանները»։  Ուրիշ բան սպասել այդ «երկխոսությունից» հնարավոր չէ, քանի որ ո՛չ Սարգսյանն է հայտարարել, թե սխալվել է, երբ երեք տարի առաջ Տեր–Պետրոսյանին «Ղարաբաղ ծախող» է որակել, ո՛չ էլ Տեր–Պետրոսյանն է ներողություն խնդրել Սարգսյանից՝ նրա արածն ու արվելիքը մոնղոլ–թաթարական արշավանքի հետ համեմատելու համար։ Եթե ես սխալվում եմ և «երկխոսությունը» կայանալու է բացառապես Հայաստանի պայծառ ապագան համատեղ կառուցելու թեմայով, ապա   ճիշտ կլինի, որ կայանալիք «երկխոսությունից» առաջ կողմերը հրապարակավ հրաժարվեն միմյանց տված գնահատականներից, այլապես անհարմար բան է ստացվում և հազար ու մի ենթադրություններ կարելի է անել։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը