Տնտեսական

13.05.2011 14:35


2010թ.–ին 2.1% տնտեսական աճ գրեթե բոլոր ճյուղերում, բացառությամբ գյուղատնտեսության

2010թ.–ին 2.1% տնտեսական աճ գրեթե բոլոր ճյուղերում, բացառությամբ գյուղատնտեսության

Մայիսի 13–ին ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ 2010թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Այսպիսով, 2010 թվականի փաստացի տվյալների ամփոփումը ցույց տվեց, որ տարվա ընթացքում արձանագրվել է տնտեսության աստիճանական վերականգնում, ինչը հիմնականում պայմանավորված էր թե´ համաշխարհային տնտեսության վերականգնմամբ, և թե´ ՀՀ կառավարության նախորդ տարվա ընթացքում իրականացրած հակաճգնաժամային ակտիվ գործողություններով: 2010թ. փաստացի տնտեսական աճի տեմպը գերազանցել է տարվա պետական բյուջեի նախագծի և 2011-2013թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի շրջանակներում կանխատեսված ցուցանիշները: 2010թ. գրանցվել է 2.1% տնտեսական աճ, որն արձանագրվել է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում, բացառությամբ գյուղատնտեսության: 2010 թվականին համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 3461.9 մլրդ դրամ, ընդ որում իրական ՀՆԱ-ն աճել է 2.1%-ով, 9.2% դեֆլյատորի պայմաններում: Պետք է նշել, որ տնտեսության բոլոր ճյուղերում, բացառությամբ գյուղատնտեսության, գրանցվել են աճի ցուցանիշներ: Տեղի է ունեցել արտաքին առևտրաշրջանառության աճ, հատկապես գրանցելով արտահանման բարձր աճ` 42.4%: Տնտեսության վերականգնմամբ և գյուղատնտեսության ճյուղի զարգացումներով պայմանավորված` 2010 թվականին գրանցվել է համեմատաբար բարձր` 8.2% միջին գնաճ, որի միայն 3.6 տոկոսային կետն ապահովվել է ընդամենը 6 ապրանքատեսակների և ծառայությունների գծով (կարտոֆիլ, տավարի միս, շաքարավազ, բենզին, բնակչությանը մատակարարվող գազ և հիվանդանո¬ցային ծառայություններ): Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է նաև պետական բյուջեի եկամուտների անվանական շուրջ 13.1% աճ, իսկ ծախսերի գծով աճը կազմել է 2.7%, արդյունքում հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն ամբողջական պահանջարկի վրա եղել է զսպող:

ՀՀ 2010թ. պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է 30.8 մլրդ դրամով (4.2%-ով) և կազմել շուրջ 773 մլրդ դրամ, որից 725.4 մլրդ դրամը` սեփական եկամուտների, 47.6 մլրդ դրամը` պաշտոնական դրամաշնորհների գծով: 2010թ. համաշխարհային տնտեսական աճը դրական ազդեցություն է ունեցել նաև ՀՀ տնտեսության վրա, որի արդյունքում արձանագրվել է եկամուտների ծավալների աճ: 2010 թվականի փաստացի եկամուտները կազմել են շուրջ 780.5 մլրդ դրամ, որոնք նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են 90.4 մլրդ դրամով կամ 13.1% ով, իսկ ծրագրային ցուցանիշը` 1% ով, այն դեպքում, երբ պաշտոնական դրամաշնորհների կանխատեսված մակարդակն ապահովվել է ընդամենը 64.3%-ով կամ կանխատեսվածից պակաս է ստացվել 17 մլրդ դրամ: Հարկային եկամուտները (ներառյալ` պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները) և այլ եկամուտները գերազանցել են ճշտված ծրագրային ցուցանիշները համապատասխանաբար 2%-ով և 27.3%-ով: Հաշվետու տարում ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի եկամուտների հարաբերակցությունը կազմել է 22.5%, որը 0.3 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը և 0.6 տոկոսային կետով զիջել է կանխատեսված ցուցանիշը:

Ինչ վերաբերում է 2010թ. պետական բյուջեի ծախսերին, ապա ՀՀ պետական բյուջեի ծախսերի ծրագիրն ավելացվել է 40.8 մլրդ դրամով (4.4%-ով) և կազմել շուրջ 976.3 մլրդ դրամ: ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի ծախսերի կատարողականը կազմել է 97.7% կամ 954.3 մլրդ դրամ: Շեղումը մասամբ պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի ցածր կատարողականով, առանց որոնց ծախսերի կատարողականը կազմում է 99%: 2010 թվականին նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ի անվանական մեծության 11.6% աճի պայմաններում ՀՀ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 2.7%-ով, ինչը հանգեցրել է ՀՆԱ-ի նկատմամբ ծախսերի հարաբերակցության նվազմանը. այն կազմել է 27.6%` պետական բյուջեի մասին օրենքում կանխատեսված 29.1%-ի և 2009 թվականի 29.9%-ի դիմաց:

ՀՀ 2010թ. պետական բյուջեն կատարվել է շուրջ 173.9 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով ճշտված ծրագրով նախատեսված 203.3 մլրդ դրամի 85.5%-ը: Նշենք, որ 2009 թվականին ՀՀ պետական բյուջեն կատարվել էր 239.1 մլրդ դրամ պակասուրդով, այսինքն` 2009 թվականի համեմատ պակասուրդի մեծությունը նվազել է 27.3%-ով: Պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը 2010 թվականին կազմել է 5%` բյուջեում կանխատեսված 6%-ի և 2009 թվականի 7.7%-ի դիմաց:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը