Խմբագրական

Հունիս 19, 2011 17:29

Նախաձեռնողական «երկխոսություն»

Նախաձեռնողական «երկխոսություն»

Իր ընդդիմախոսներին (իրականում՝ հերթական հաճախորդներին) հոգեմաշ սպասման մեջ պահելուց հետո Սերժ Սարգսյանը վերջապես արձագանքեց նրանց՝ պատվիրակությունների մասնակցությամբ արտահերթ ընտրությունների շուրջ «երկխոսելու» առաջարկին։ Նախագահի խոսքում որևէ նոր բան, որը չէր ասվել Էդուարդ Շարմազանովի, Գալուստ Սահակյանի, Կարեն Կարապետյանի, Ռազմիկ Զոհրաբյանի, Գագիկ Մելիքյանի կամ Ս. Սարգսյանի գաղափարակից այլ ընկերների կողմից, չկար։

Եթե հակիրճ գնահատելու լինենք ՀԱԿ–ին ուղղված Սարգսյանի հայտարարությունը, ապա այն երկու բառից և մեկ շաղկապից կազմված «Շնորհակալություն և ցտեսություն» պարզ նախադասությունն է, բայց քանի որ ոմանց համար այս ամենը  տեսանելի և հասկանալի չէ, ուստի «կբացենք» նրա խոսքը։

«Երկխոսության» մեղրամիսն ավարտվեց

Սարգսյանն, ամփոփելով իշխանական դաշտից մինչև այդ ներկայացված մոտեցումները, ասաց, որ  պատվիրակություններով բանակցելու ՀԱԿ–ի առաջարկած ձևաչափը միանշանակ մերժվում է («Երկխոսությունը բանակցությունների վերածելու փորձերն ուղղակի անընդունելի են»)։ Մերժվում է նաև նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգով քննարկումներ կազմակերպելու առաջարկը  («Կարծում եմ, եթե կողմերը կարողանան խուսափել մեկքայլանի, լավ չկշռադատված առաջարկներով միմյանց և գործընթացը փակուղի տանելու գայթակղությունից, ապա հնարավոր կլինի հաստատուն կերպով առաջ գնալ և շատ ավելի մեծ օգուտներ բերել մեր ժողովրդին ու մեր երկրին: Այս տեսանկյունից ամենակարևոր սկզբունքը հստակ է. վերջնագրերն անթույլատրելի են, վերջնագրերի լեզվով միմյանց հետ խոսելը` ոչ մի տեղ տանող գործելաոճ»։)։ Իսկ եթե Տեր–Պետրոսյանն, ի դեմս իր հինգ հոգանոց պատվիրակության, ամեն դեպքում ուզում է «երկխոսված» լինել (փաստացի՝ թամաշայով զբաղվել), ապա Սարգսյանը նրան առաջարկում է գնալ համապատասխան հասցեներով ու բավարարվել՝ համապատասխան մարդկանց հետ շփվելով (փաստացի՝ «գյալաջի» անելով)։ Վերջ։  

Նկատենք, որ Սարգսյանն իր խոսքում, մեծ հաշվով, ավարտված համարեց Տեր–Պետրոսյանի հետ սիլի–բիլի անելու փուլը և, ինչպես ընդունված է նման դեպքերում, վերջում շնորհակալություն հայտնեց համագործակցության համար՝ օգտագործելով «Ես դրական եմ գնահատում ՀԱԿ–ի հետ վերջին ամիսների մեր աշխատանքը և հույս ունեմ, որ երկուստեք հասկացվածություն կա այն մասին, որ սկսված գործընթացը պետք է համատեղ ուժերով պահպանել ու առաջ տանել» ձևակերպումը։

Ինչպես հայտնի է՝ նման ձևով շնորհակալություն են հայտնում թոշակի ուղարկվողին, աշխատանքից հեռացվողին կամ ինչ–ինչ ծառայություններ մատուցած ու իր այդ գործն ավարտած մեկին՝ զուտ քաղաքավարությունից ելնելով։

Մեկ բան ակնհայտ է. երբ երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը լիովին ձախողած Սերժ Սարգսյանը դրական է գնահատում ՀԱԿ–ի հետ վերջին ամիսների համատեղ աշխատանքը, ապա դրանից բխում է, որ տերպետրոսյանական «ընդդիմությունը» համագործակցել է իշխանության հետ ոչ թե Հայաստանի առջև ծառացած խնդիրները լուծելու, այլ միայն Սարգսյանի իշխանության պահպանմանը նպաստելու և դրա դիմաց «պահանջների» կատարման տեսքով որոշակի փոխհատուցում ստանալու հարցում։ Այլապես եթե իշխանություն–ՀԱԿ համատեղ աշխատանքը վերաբերեր հանրային շահին, ապա ժողովրդի մեծամասնությանը տեսանելի կլինեին  «երկխոսության»  դրական արդյունքները։ Այնինչ՝ մենք ընդամենն ականատեսը դարձանք Տեր–Պետրոսյանի օգնությամբ Սերժ Սարգսյանի դիրքերի թեկուզև ժամանակավոր, բայց այդուհանդերձ՝ ամրապնդմանը (կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման փուլում), ինչպես նաև «համատեղ ջանք» ծրագրի շրջանակներում հեղափոխական ալիքի մարմանը (խոսքս փետրվար–մարտ ամիսների մասին է՝ մարտի 17–ին արձանագրված լարվածության գագաթնակետով հանդերձ)։

Ահա՛ այն ծառայությունները, որոնց մատուցման դիմաց դրական գնահատականի արժանացավ ՀԱԿ առաջնորդն ու այժմ, իր աթոռապահպանման խնդիրը լուծած համարելով, Սարգսյանը ցտեսություն է ասում Տեր–Պետրոսյանին։ Այդքան բան։

Հասկացողին՝ մեկ, չհասկացողին՝ հազար ու մեկ

Սարգսյանը խոսեց, և ՀԱԿ–ի բոլոր «պահանջների» մասով տրվեցին շատ կոնկրետ պատասխաններ։ Ասվեց այն, ինչը սպասվում էր։

Առնվազն քաղաքականապես անմեղսունակ պետք է լինել այլ պատասխանի սպասելու և հավատալու համար, թե Սերժ Սարգսյանը կատարում էր ՀԱԿ–ի երեք «պահանջները», որպեսզի դրանից հետո անմիջապես բանակցի իր հրաժարականի ու արտահերթ ընտրությունների շուրջ։

Ինչպես ցույց տվեցին վերջին երկու շաբաթվա իրադարձությունները՝ նման հեքիաթների հավատացողներ կային ու, երևի, դեռ էլի կան. անհավանական է, բայց փաստ։

Սարգսյանի ձևակերպումները շատ հստակ էին ու հասկանալի, բայց պարզվում է՝ ՀԱԿ–ի մի քանի հոգանոց վերնախավը ՀՀԿ «ճկուն» ղեկավարի հայտարարությունում անհստակություններ և բազմիմաստություններ է տեսել։ Ստացվում է, որ, ըստ Տեր–Պետրոսյանի, Սարգսյանն այնքան խորը միտք է արտահայտել, որ միանգամից դժվար է ըմբռնելը։

Փաստորեն՝ Սարգսյանի հղած տեքստը յուրօրինակ սեպագիր արձանագրության կամ որևէ մեռած լեզվով ասվածի պես մի բան է դարձել Մատենադարանում երկար տարիներ աշխատած Լևոն Տեր–Պետրոսյանի ու իրեն երկրպագող թիմի համար։ Եվ, ահա, վերծանելու համար այդ «սեպագիր արձանագրությունը» կամ հասկանալու համար «մեռած լեզվով» արված հայտարարությունը՝ «ընդդիմադիրները» համակոնգրեսական քննարկումներ են կազմակերպելու կառույցներում՝ «Սերժ Սարգսյանի հայտարարությունը և Կոնգրեսը» խորագրի ներքո։ Շատ զվարճալի տեսարան է սպասվում։

«Դուզ» խոսքն էշին են ասում

Մինչ ՀԱԿ–ն իր կառույցներում կքննարկի Սերժ Սարգսյանի «բազմիմաստ» ու  «անհստակ» հայտարարությունը, և կփորձի հասկանալ նրա «բարդագույն» ձևակերպումները՝ տեսնենք, թե բացի վերը առանձնացված հիմնական շեշտադրումներից՝ ուրիշ էլ ինչ կար «ֆուտբոլասեր» նախագահի խոսքում։

Եվ այսպես.

1. «երկխոսությանը» սկիզբ է դրել Սարգսյանը՝ իր «նախաձեռնողական» ձեռքը մեկնելով «էջմիածնական միաբաններին» և, դատելով ամենից, «հակառակ» ճամբարից «արժանապատվորեն» սեղմել են իրենց մեկնած ձեռքը ճիշտ այնպես, ինչպես  երեք տարի առաջ վարվել էր Արթուր Բաղդասարյանը,

2. «երկխոսությունը», հակառակ դրա «կիսաբաց կամ բաց դռների» տեսության կողմնակիցների պնդումների, առկա է արդեն մի քանի ամիս և նրանք, ովքեր հայտարարում էին, թե «երկխոսությունը» նոր է կայանալու, փաստացի, խաբում էին հանրությանը,

3. «երկխոսիստ» Սարգսյանը այսուհետև Տեր–Պետրոսյանի երեսն անգամ տեսնել չի ուզում, քանի որ վերջինիս օգնությամբ իր դիրքերն ամրապնդելուց հետո՝ ավարտված է համարում նրա հետ մերձեցման փուլը, և դա է պատճառը, որ «նախաձեռնողական» նախագահը Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի և Կարեն Կարապետյանի «հեռախոսահամարներն» է փոխանցում ՀԱԿ առաջնորդին՝ փաստացի «ցրելով»  նրան,

4. «երկխոսելով» Արթուր Բաղդասարյանի հետ՝ Սերժ Սարգսյանը 2008–ին ՕԵԿ առաջնորդին փողոցից բերեց կաբինետ՝ նշանակելով Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ԱԽՔ, իսկ ահա Տեր–Պետրոսյանին «երկխոսացնելուց» հետո նրան որևէ կաբինետ դեռևս չեն տալիս և թողնում են փողոցում՝ նշանակելով Ազատության հրապարակում քարոզող՝ ԱՀՔ,

5. «երկխոսողների» հետ Սարգսյանը վարվեց ճիշտ այնպես, ինչպես իր հետ վարվել էին թուրքերը՝ օգտվելով դիմացինի «նախաձեռնողականությունից»։

Ի՞նչ կանի Լևոն Տեր–Պետրոսյանը

Տեր–Պետրոսյանը, հավանաբար, չէր սպասում, որ Սարգսյանն իր հետ այսպես կոպիտ կվարվի։ ՀԱԿ առաջնորդն, անշու՛շտ, շատ լավ գիտեր, որ Սարգսյանը չի ընդունում արտահերթ ընտրությունների գաղափարը, բայց նմանատիպ օրակարգ առաջարկելով իշխանություններին՝ նա   ընդամենը շարքերին պահելու  խնդիր էր լուծում, սակայն «Եղիազարը» բարդ վիճակի մեջ դրեց Տեր–Պետրոսյանին՝ ցույց տալով, որ չի պատրաստվում տուն–տունիկ խաղալ, քանի որ «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման պլաններ ունեցող թիմի համար չկան ու չեն կարող լինել գործընկերներ, այլ կան միայն հաճախորդներ կամ հակառակորդներ։ Հետո ի՞նչ, որ Տեր–Պետրոսյանն այս ընթացքում բազում ծառայություններ էր մատուցել Սարգսյանին։ Դա ոչ մի նշանակություն չունի Գյուլի հետ հաց կերած ու նրանից ահագին բան սովորած Սարգսյանի համար։ Հաճախորդը մնում է հաճախորդ՝ լինի դա Սերժ Սարգսյանի, Արթուր Բաղդասարյանի, Արտաշես Գեղամյանի կամ Լևոն Տեր–Պետրոսյանի տեսքով։ Իսկ հաճախորդների հետ իրավահավասարության սկզբունքով, ինչպես դժվար չէ գլխի ընկնելը, բանակցությունների սեղանի շուրջ չեն նստում ո՛չ թուրքերը, ո՛չ էլ «ֆուտբոլասերները»։

Տեր–Պետրոսյանն ընտրեց «երկխոսության» ճանապարն ու ստացավ այն, ինչին արժանի էր։ Փորձը ցույց է տվել, որ ներքաղաքական մրցապայքարում Սերժ Սարգսյանի սիրած հաշիվը «1-0»–ն է, երբ միայն ինքն է շահում, իսկ իր հետ «երկխոսողը» վերածվում է զրոյի (Արթուր Բաղդասարյանին ու մնացած «երկխոսվածներին» հարցրեք, կասեն)։ Այնպես որ Տեր–Պետրոսյանին հիմա մնում է միայն «ջրբաժանը», այն է՝ գնալ «երկխոսության» իրեն հոգեհարազատ «միաբանական» ճանապարհով ու շարքերին ուրախությամբ տեղեկացնել, թե իբր Սարգսյանն ընդունել է «ժողովրդի» առաջարկը։ Այդօրինակ դեմագոգիայով զբաղվելու հնարավորությունն ունենալու համար իշխանությունը Տեր–Պետրոսյանին երկու, այսպես կոչված, փրկօղակ է նետել։

«Եթե ՀԱԿ-ին մեր ժողովրդի հոգսերի և մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների շարքում սոսկ ընտրություններն են հետաքրքրում, ապա ԱԺ նախագահը պատրաստ է անձամբ ընդունել ներկայացուցիչների այդ քաղաքական կառույցի ղեկավար կազմից և լսել նրանց»,– նշում է Սերժ Սարգսյանը։

Ուշադրությու՛ն դարձրեք. Հովիկ Աբրահամյանն ընդամենը լսելու է ՀԱԿ–ի՝ ընտրությունների (այլ ոչ թե արտահերթ ընտրությունների) թեմայով «պահանջները»։ Նույն կենտրոնից կառավարվող լևոնական, սերժական, ինչպես նաև «անկախ», բայց, վերջին հաշվով, «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցներն այդ ամենը, չեմ կասկածում, հանրությանը կներկայացնեն որպես արտահերթի օրակարգով ընթացող բանակցություններ. հա՛մ «երկխոսողները» գոհ կլինեն, հա՛մ զոմբիները՝ բավարարված։

ՀԱԿ–ին նետված երկրորդ «փրկօղակը» Սարգսյանի խոսքի հետևյալ հատվածն է. «Իսկ եթե անընդունելի բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարևորագույն հարցերի լայն շրջանակում և ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ»։

Այս ձևակերպումն էլ հնարավորություն կտա Տեր–Պետրոսյանին հայտարարել, թե իշխանությունը համաձայնել է պատվիրակություն կազմել ու բանակցել իրենց հետ՝ հետևաբար իրենց այդ «պահանջը» ևս կատարվել է։ Այսինքն՝ Տեր–Պետրոսյանը հունիսի 30–ին ու դրանից հետո կգնա «սահմանադրական» ճանապարհով, և կփորձի 2012ի հերթական ընտրությունների ժամանակ լուծել կուսակցությունների դաշինքների համար սահմանված 7 տոկոսանոց շեմը հաղթահարելու ՀԱԿ–ի համար բարդագույն խնդիրը։

. . .

Ամփոփենք. քաղաքական վերջին զարգացումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Սարգսյան–Տեր–Պետրոսյան «երկխոսությունը» սկսվել էր առնվազն ամիսներ առաջ, բայց այժմ Սարգսյանը, քաղաքական վայրիվերումներից ապահովագրված զգալով իրեն, բացահայտում է այդ ամենը և փաստացի հրաժեշտ է տալիս իր «միաբաններին», բայց կիսափակ է թողնում «երկխոսության» դուռը՝ պետք եղած դեպքում նրանց կրկին օգտագործելու նպատակով։

Տեր–Պետրոսյանին այլ բան չի մնում, քան ընդունել «Եղիազարի» առաջ քաշած խաղի կանոնը և առայժմ մնալ փողոցում՝ ներքին հույս փայփայելով, որ  Ղարաբաղի հարցում մեզ համար անցանկալի սցենարներն իր համար ճանապարհ կբացեն։ Դա է պատճառը, որ ՀԱԿ–ի բազմատեսակ ներկայացուցիչների հայցքներն ուղղված են դեպի Կազան. մարդիկ սրտատրոփ սպասում են Ղարաբաղը ծախված տեսնելուն։

Սա՛ է ընթացիկ ներքաղաքական վիճակի գնահատականը։

Փաստորեն՝ ապաշնորհ և անարդյունավետ իշխանությանը հաջողվում է պահել իր դիրքերն ու համակարգը տանել է՛լ ավելի մենաշնորհայնացման՝ բացառապես հինգերորդ շարասյան դերակատարում ունեցող տիտղոսային ընդդիմության շնորհիվ։ Ուստի՝ պետք է ամեն ինչ անել՝ ներքին կյանքի այս «ստատուս քվոն» փոխելու համար, և այդ հարցում իրար հետ պետք է ազգային ճակատ կազմեն սերժալևոնական «երկխոսության» նեղ շրջանակից դուրս գտնվող անխտիր բոլոր հայաստանակենտրոն ուժերն ու քաղաքականապես ակտիվ անհատները՝ որպես թիրախ ունենալով գործող համակարգն ու այդ համակարգի «պահապան–հրեշտակների» վերածված «երկխոսագանգերին», իսկ որպես նպատակ ունենալով՝ խորհրդարանական կառավարման համակարգ նախատեսող Նոր Սահմանադրությամբ Նոր Հայաստանի կառուցումը։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: