Մեկնաբանություն

19.05.2011 17:10


Սերժի «տղաները»

Սերժի «տղաները»

Դատելով տեղի ունեցող որոշ գործընթացներից՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, անկախ իր կամքից, անուղղակիորեն վերածվում է մամուլի որոշակի միջոցների և  մի շարք հոդվածագիր–գռդոնչիների բարեկամի կամ հովանավորի։ Խոսքս այն մամուլի միջոցների ու գռդոնչիների մասին է, որոնց ընդունված է լևոնական համարել, որոնք, սակայն, վաղուց «ազատ, բայց սերժատու» են ու իրենց օրվա հացը վաստակում են Սերժ Սարգսյանի համար դատարկ դհոլություն անելով՝ հավակնելով թիվ մեկ ժողգործիքի դափնիներին։

Բանն այն է, որ նշյալ «լևոնականներն» ակտիվանում են այն ժամանակ, երբ Քոչարյանը հարցազրույց է տալիս ու քննադատում Սերժ Սարգսյանին, և երբ Բաղրամյան 26–ից նույն պահին հերթական «ֆա՛ս» հրահանգն է գալիս. Սարգսյանն իրեն հատուկ ոճով թաքնվում է «լևոնականների» հետևում ու հարձակվում իր երբեմնի ընկերոջ վրա։

Նախագահականից եկած հրահանգի հետ, բնականաբար, նաև «կոռմ» են ուղարկում «լևոնականներին», որոնց ավելի ճիշտ կլինի Սերժի «տղաներ» անվանել։ Վերջիններս  այնքան են ուրախանում պատվերների առատությունից, որ մի պահ կորցնում են զգոնությունն ու «տարբեր» լրատվամիջոցներում, տարբեր անվան տակ նույնաբովանդակ և գրեթե նույն բառերով տեքստեր են ծախում պատվիրատուների վրա՝ դրանով իսկ ինքնաբացահայտվելով և, միևնույն ժամանակ, բացահայտելով նախագահականի PR–շիկների աշխատանքային սխեմաները, նրանց մտքի «թռիչքը» և օգտագործվող լրատվամիջոցների ցանկը։ Սա էլ հենց խոսում է «ըմբոստ»  լրագրողների գռդոնչիական էության մասին։

Սերժի «տղաների» համար հիմա իդեալական ժամանակներ են. իրենց տիտղոսային «վոժդը»՝ Լևոն Տեր–Պետրոսյանը, «երկխոսում» է  իրենց կոռմատուի հետ, ինչը «լեգիտիմացնում» է մանր ժուլիկությամբ և լրագրողական գռդոնչիությամբ զբաղվողների գործունեությունը։ Արդյունքում Սերժի «տղաները» հաղթահարում են սեփական ֆինանսատնտեսական ճգնաժամը՝ փորձելով հա՛մ հաճույք ստանալ, հա՛մ կույս մնալ։ Լևոնի շվաքի տակ թուղթ մրոտելով նրանք Ֆորմալ առումով ընդդիմադիր են ներկայանում, բայց քանի որ նույն Լևոնը բռնել է «միաբանացման» ուղին, ուստի նրանք էլ իրենց փայ «միաբանությունն» են անում ու երկրորդ նախագահի դեմ աշխատելով գոհացնում են և՛ այսօրվա նախագահին, և՛ այսօրվա ՀԱԿ–ական «ընդդիմության» առաջնորդին։ Հետևաբար՝ Սերժի «տղաների» համար Քոչարյանի հարցազրույցը սպասված իրադարձություն է, ինչը հնարավորություն է տալիս ինքնադրսևորվել ու փաղաքշանքների արժանանալ նախագահական նստավայրից։

Սերժալևոնական տիրույթի գրչակներն, ըստ այդմ, երկու մոր կաթ ուտողի կարգավիճակում են հայտնվել. զուտ ձևականորեն ցույց են տալիս, թե Տեր–Պետրոսյանին են պաշտպանում, այնինչ՝ Սերժի փաստաբանությունն են անում մի չտեսնված էնտուզիազմով։

Ստեղծված իրավիճակը գնահատելով՝ կարող ենք ասել, որ Սերժի «տղաներն» այս փուլում «զակազի» պակաս չեն ունենալու, և, հետևաբար, պետք է ուրախ լինեն, որ Քոչարյանը կա ու իր գոյությամբ ապահովում է ծպտյալ սերժականների կերակրման աղբյուրը, թեկուզև անկախ իր կամքից։

«Երկխոսության» կիսաբաց դուռը, կարելի է ասել, ցանկալի վիճակ է մանր ժուլիկների համար, և նրանք, թող զարմանալի չթվա, ուզում են, որ այդ կիսաբաց վիճակը երկար մնա, որպեսզի իրենք խաղալու «լուֆտ» ունենան, այլապես եթե դուռն ամբողջությամբ բացվի, ու Լևոնը վերջնականապես հայտնվի այնտեղ, որտեղ արթուրբաղդասարյաններն են, ապա այդ դեպքում Սերժի «տղաների» գինը, հասկանալի պատճառներով, կտրուկ կընկնի՝ մի քանի հազար դրամից դառնալով մի քանի հարյուր դրամ, որից հետո ժուլիկների համար կգա ընդամենն ուսին խրախուսող թփթփոցներ ստանալու փուլը, իսկ կարճ ժամանակ անց այդ թփթփոցներն էլ չեն լինի, ու այդ մարդիկ պարզապես սովից կվնգստան՝ փորձելով բախտ որոնել այլ տիրույթներում, ինչպես որ մի ժամանակ անում էին։ Թե ինչ կլինի դրանից հետո, կարծում եմ՝ պարզ է։ Բայց քանի դեռ նման վիճակ չկա, ապա խորհուրդս Սերժի «տղաներին». աշխատեք փող հետ գցել, որպեսզի սպասվող դժնդակ ժամանակներում կարողանաք գոնե  սեփական լափն ապահովել։ «Բարի» ախորժակ։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Հոդվածին կից նկարում պատկերված է միջին վիճակագրական Սերժի «տղայի» մոտավոր տեսքը։

Հ. Գ.–2։ Հոդվածը գրելիս մի հին անեկդոտ հիշեցի։ Անգլիացի լորդի պատուհանի տակ մեծ աղմուկ է տիրում։ Լորդը կանչում է իր աշխատակցին ու հարցնում. «Այս ի՞նչ աղմուկ է»։ «Պոռնիկներն են, սը՛ր»,–պատասխանում է աշխատակիցը։ «Բա ինչու՞ են աղմկում»,–շարունակում է հետաքրքրվել լորդը։ «Պոռնիկները պահանջում են իրենց վճարը»,– ասում է աշխատակիցը։ «Իսկ ինչ է, նրանց հետ կենակցել ու չե՞ն վճարել»,– հետաքրքրվում է լորդը, ինչին ի պատասխան աշխատակիցն ասում է, թե վճարել են։ «Բա այդ դեպքում ինչու՞ են աղմկում»,–զարմանում է լորդը։ «Պոռնիկներ են, սը՛ր»,– նկատում է աշխատակիցը։

Այս խորագրի վերջին նյութերը