Քաղաքական

21.05.2011 09:16


Լևոն Տեր–Պետրոսյանը միտումնավոր խեղաթյուրե՞լ է իրականությունը. մեկնաբանում է Պետրոս Մակեյանը

Լևոն Տեր–Պետրոսյանը միտումնավոր խեղաթյուրե՞լ է իրականությունը. մեկնաբանում է Պետրոս Մակեյանը Ելույթ ունենալով «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության 2010թ. ապրիլի 10-ին տեղի ունեցած 8-րդ համագումարում՝ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարել էր. http://tert.hraparak.am/hodvac.php?h_id=4829 Այս համագումարն էլ խորհրդանշական է։ «Ժողովրդավարական հայրենիքը» ստեղծվել է իմ դեմ ընդդիմություն դառնալու համար: Այդ ընդդիմությունն է,  որ այսօր հրաշալի համագործակցում է և՛ ինձ հետ, և՛ Կոնգրեսի մյուս կուսակցությունների հետ, այսինքն՝ այդ կուսակցությունը և մյուսները նույնպես գիտեն և՛ խիստ քննադատել, և՛ համագործակցել: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից «7օր»–ը հետաքրքրվել է՝ իրո՞ք ԺՀ–ն ստեղծվել է Լևոն Տեր–Պետրոսյանի դեմ ընդդիմություն դառնալու համար։ –Ո՛չ։ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը հիմնադրվել է 1998թ. մարտի 7–ին,–պատասխանել է Պետրոս Մակեյանը։ Նշենք, որ ԺՀ–ն իրոք ստեղծվել է այդ ժամանակ։ Իսկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն այդ պաշտոնից հրաժարական է ներկայացրել 1998թ. փետրվարի 3-ին՝ ԺՀ–ի ստեղծումից մոտ մեկ ամիս առաջ։ Հետևաբար, ԺՀ–ն չէր կարող ստեղծվել Լևոն Տեր–Պետրոսյանի դեմ ընդդիմություն դառնալու համար։ Այդ դեպքում ինչո՞ւ է նա վերնոշյալ հայտարարարությունն արել։ Այս հարցին ԺՀ նախագահ Պետրոս Մակեյանը պատասխանել է. –Ես չգիտեմ. նման հայտարարություն Լևոն Տեր–Պետրոսյանը մեր համագումարում, կարծում եմ, չի արել։ Դա ուղղակի կոնտեքստից դուրս է հանված։ Հայտարարություն արվել է, բայց երբ որ դա հանում ես կոնտեքստից, այդ դեպքում ստացվում է ուրիշ բան։ Սակայն երբ բառացի ներկայացրել ենք Լևոն Տեր–Պետրոսյանի խոսքերը, ԺՀ նախագահն ավելացրել է. –1997թ. «Հանրապետություն» միավորումից առանձնացվել է «Հայրենիք» պատգամավորական խումբը՝ Էդուարդ Եգորյանի գլխավորությամբ, որը հետագայում՝ 1998թ. մարտին, հիմնադրել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը։ Երևի նախագահը նկատի է ունեցել «Հայրենիք» պատգամավորական խմբի սկիզբը՝ 1997թ.։ Դա խումբն էր, ոչ թե կուսակցությունն էր։ Նկատենք, որ Լևոն Տեր–Պետրոսյանն իր խոսքում հստակ նշել էր հենց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության, ոչ թե «Հայրենիք» պատգամավորական խմբի անունը։ Ի դեպ, Է. Եգորյանը, ում այն ժամանակ միացել էին նաև այսօր ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը և Պետրոս Մակեյանը, ՀՀՇ–ից դուրս գալով՝ պայքարում էր Տեր–Պետրոսյանի գլխավորած համակարգի դեմ՝ այն անվանելով «նոմենկլատուրային կապիտալիզմ»։ Հետաքրքրականն այն է, որ ՀԱԿ–ին անդամակցում են կուսակցություններ, որոնք հենց Տեր–Պետրոսյանի իշխանական ռեժիմի և մասնավորապես 1996–ին տեղի ունեցած ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար էին ստեղծվել։ Այդպիսին էր նաև Ռ. Թորոսյանի «Մարդու իրավունքներ– 96» կուսակցությունը, որի անվանումն արդեն isk հուշում է, թե ինչի դեմ և ինչ առաքելությամբ է կուսակցությունը մտել քաղաքական դաշտ։ 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը