Մեկնաբանություն

21.05.2011 16:02


Բնական մենաշնորհներ և արհեստական խնդիրներ

Բնական մենաշնորհներ և արհեստական խնդիրներ

Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսական համակարգը սերտաճած է իշխանության հետ և կան արհեստական մենաշնորհներ, ինչը բերում է մրցակցային խաղի կանոնների ու շուկայական հարաբերությունների աղճատմանը։

Հայաստանում գործում է կլանա–օլիգարխիկ համակարգ, իսկ իրական օլիգարխները իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներն են՝ Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։ Իսկ սա էլ իր հերթին բացառում է ազատ մրցակցությունը, որքան էլ, որ ոմանք տերտերական առոգանությամբ ճառեր արտասանեն շուկայական տնտեսություն կառուցելու մասին։

Ազատ մրցակցության բացակայությունը հանգեցնում է նրան, որ փոքր ու միջին բիզնեսը հնարավորություն չի ունենում զարգանալու, իսկ երկիրը չի կարողանում իրական առաջընթաց ապահովել։ Արդյունքում ստանում ենք այսօրվա վիճակը. աղքատության ավելացում, տնտեսական անկում, գների աճ և մարդկանց ու կապիտալի արտահոսք։

Մեր տնտեսության զարգացմանը խոչընդոտող գործոններից է նաև բնական մենաշնորհների դաշտում տիրող իրավիճակը։ Խոսքը մասնավորապես վերաբերում է գազի ոլորտին։ Այստեղ մենք ունենք մոնոպոլ բարձր գներ և սպասարկման ցածր որակ։ Անհասկանալի է, թե ինչո՞ւ է մեր պետությունը սահմանի վրա ձեռքբերած գազը գրեթե կրկնակի թանկ վաճառում սպառողին։ Հայռուսգազարդը վերածվել է մոնստր կազմակերպության, որի հետ մեր ժողովուրդը շփվում է թանկ վարձավճարները մուծելու ժամանակ և որի աշխատանքները, մեծ հաշվով, փակ են ու վերահսկելի չեն։ Հայռուսագազարդի ղեկավար Կարեն Կարապետյանն էլ այս ամենի համար պատասխան տալու փոխարեն դարձավ Երևանի քաղաքապետ ու ոտքը «գազին» դրած՝ «դրայվ» է զգում նախագահական նստավայրի զգոն հայացքի ներքո։

Վերջերս գազի գնի հետ կապված իշխանությունները մի հաղորդագրություն տարածեցին, ըստ որի այն չէր թանկանալու սպառողի համար։ Ենթադրվում է, որ Ռուսաստանը թանկացրել էր մեզ մատակարարվող գազի գինը, բայց ՀՀ իշխանությունները, մտահոգություն ունենանոլով սոցիալական հնարավոր լարումների հետ կապված, սպառողի համար գինը չէին բարձրացրել։ Ստացվում է, որ սպառողներին տրվող գազի գինը չփոխվեց Հայռուսգազարդի ու որոշ մարդկանց շահույթի մի փոքր պակասեցման հաշվին, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ դրանից առաջ գազի վաճառքը գերշահույթ է ապահովել համապատասխան սուբյեկտներին ու հիմա էլ շարունակում է ապահովել։ Այ սա արդեն խնդիր է։ Հետևաբար՝ բնական մենաշնորհները պետք է հստակ կարգավորման ենթարկվեն։ Անհրաժեշտ է օրենսդրորեն սահմանափակել շահույթի նորման, իսկ սակագները հաստատող համապատասխան հանձնաժողովն էլ պետք է թափանցիկ աշխատի և խնդիրն ունենա հանրային շահերը, այլ ոչ թե մենաշնորհատերերի ու իր նեղ շահերը պաշտպանել։

Լավագույն մոտեցումներից կլիներ նաև ռուսական գազին այլընտրանք ունենալը, սակայն Իրան–Հայաստան գազատարը, ցավոք, չի կատարում իր այդ դերը։ Եթե Սերժ Սարգսյանը մի կողմից հայտարարում է, թե պետք է մրցունակ արտադրանք ունենալ, բայց մյուս կողմից էլ նույն բնական մենաշնորհների կողմից սահմանվող գները բերում են մեզանում արտադրված ինքնարժեքի թանկացմանը, ապա ստացվում է, որ նախագահը խոսում է խոսելու համար, կամ էլ լավ չի պատկերացնում իրական վիճակը։

Իսկ վիճակը հետևյալն է. երկրում կան արհեստական մենաշնորհներ, ինչպես նաև բնական մենաշնորհներ, որոնց անվերահսկելի և անարդյունավետ աշխատանքը ոչ պակաս է վնաս հասցնում ՀՀ–ին, քան արտաքին թշնամու կողմից զինադադարի պարբերական խախտումը։ Վիճակը բարդանում է նրանով, որ այդ արհեստական ու բնական մենաշնորհները, մեծ հաշվով, սերտաճած են նախագահական նստավայրի ու գործադիր իշխանության հետ։  Սրանք խնդիրներ են, որոնք հրատապ լուծումներ են պահանջում։ Նյուվասյուկիստական ծրագրերով ու գործիչներով առաջընթաց դժվար է ակնկալել։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը