Խմբագրական

Մայիս 23, 2011 01:30

«Նախաձեռնողական» տնտեսական քաղաքականություն

«Նախաձեռնողական» տնտեսական քաղաքականություն

Այն որ 2008ի նախագահական «ընտրություններից» հետո ձևավորված Կառավարությունն անարդյունավետ է գործել՝ համոզվում ենք անցած երեք տարիների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությանը ծանոթանալով։

Պաշտոնապես արձանագրված ցուցանիշները և երկրում տիրող վիճակը համամեմատելով Սերժ Սարգսյանի տված խոստումների ու Տիգրան Սարգսյանի ներկայացրած ծրագրի, դրանում ամրագրված թվերի հետ՝ գալիս ես այն եզրակացության, որ «անարդյունավետություն» գնահատականը մեղմ է հնչում։

Այսպես. 2008–ի ապրիլի 28–ի N 380-Ա որոշմամբ (տե՛ս http://www.gov.am/files/docs/82.pdf) ընդունված կառավարության գործունեության ծրագրով գործադիր իշխանությունը խոստացել էր.

. ՀՆԱ տարեկան 8-10 տոկոս իրական աճ,

. Աղքատության էական հաղթահարում՝ արդյունքում ապահովելով 11,2 տոկոսից ցածր ընդհանուր աղքատություն և 1,6 տոկոսից ցածր ծայրահեղ աղքատության մակարդակ,

. Ցածր գնաճի քաղաքականության պահպանման ապահովում. գնաճը, ըստ խոստման, տատանվելու էր տարեկան 2,5 - 5,5 տոկոսի սահմաններում։ Կառավարությունը տնտեսական զարգացման հաջողությունների կարևոր նախապայմաններից էր համարել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հուսալի և կանխատեսելի դրամավարկային քաղաքականության իրականացումը։

Սրանք խոստումների այն չնչին մասն է, որը Տիգրան Սարգսյանը պետք է իրականացներ, չհաշված նյուվասյուկիստական ծրագրերը (Դիլիջանը՝ միջազգային ֆինանսական կենտրոն, Ջերմուկը՝ առողջարանային կենտրոն, Գյումրին՝ տեխնոպարկ կամ, ըստ էկոնոմիկայի նախարարության կայքէջում տեղադրված նկարների, նույնիսկ ծովափնյա քաղաք դարձնելու տեսքով), որոնց մասին այսօր իշխանությունները «մոռացել» են։

Այժմ եկեք տեսնենք, թե ինչ ունենք իրականում։

Համախառն ներքին արդյունք

2009 թվականին, ըստ պաշտոնական ցուցանիշների, ՀՀ–ում արձանագրվել է ՀՆԱ 14,4 տոկոս անկում։ Այսինքն՝ կառավարությունն իր տված խոստումից շեղվել է առնվազն 22,4 տոկոսով, ինչը, համաձայնեք, ոչ թե շեղում է, այլ խայտառակ տապալում։ Եվ անգամ ՀՆԱ նման անկման պայմաններում արձանագրվել է ՀՆԱ ինդեքս–դեֆլյատորի 1,5 և սպառողական գների ինդեքսի 3,4 տոկոսանոց աճ։ Այսինքն՝ գները փոքր չափով, բայց այնուամենայնիվ աճել են, ինչը հազվադեպ է պատահում տնտեսական դեպրեսիայի, այն է՝ վճարունակ պահանջարկի անկման մեջ գտնվող երկրների դեպքում. տնտեսագիտության տեսությունից հայտնի դրույթ է։

Մակրոտնտեսական գրեթե բոլոր ցուցանիշներով 2009–ին ունեցել ենք բացասական արդյունքներ, բացառությամբ մանրածախ առևտրի և ծառայությունների ծավալի (առանց առևտրի), որոնց մասով համապատասխանաբար գրանցվել է 1 և 1,3 տոկոսանոց չնչին աճ։

Կտրուկ նվազել էր արտաքին առևտրաշրջանառությունը՝ 27 տոկոսով, ընդ որում՝ արտահանման ծավալների կրճատումը կազմել էր 34 տոկոս (տե՛ս http://armstat.am/file/article/sv_12_09a_03.pdf

2010 թվականին տնտեսական անկման միտումները շարունակվեցին (տե՛ս http://armstat.am/file/article/sv_12_10a_03.pdf)։ Ճիշտ է գրանցվեց ՀՆԱ 2,6 տոկոս աճ (շուկայական գներով) և մակրոտնտեսական մի շարք ուղղությունների (արդյունաբերություն, էլեկտրաէներգիայի արտադրություն, արտաքին առևտրաշրջանառություն և այլն), սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՆԱ ինդեքս–դեֆլյատորը կազմել է 110,2, իսկ սպառողական գների ինդեքսը՝ 108,2 տոկոս, ապա պետք է արձանագրել, որ տնտեսական աճը եղել է անվանական, իսկ արտաքին առևտրաշրջանառության մեծացումը հիմնականում պայմանավորված է եղել միջազգային շուկայում պղնձի և մոլիբդենի գների աճով։ Այլ խոսքերով՝ 2010–ին ոչ թե տնտեսության ծավալներն են մեծացել, այլ գներն են աճել, ինչը վիճակագրորեն բերել է մակրոցուցանիշների աճի ապահովմանը։ 2010–ի «հիթը» գյուղատնտեսության երկնիշ անկումն էր։

Այս տարին, բնականաբար, դեռ չի ամփոփվել և հնարավոր չէ վերջնական գնահատական տալ, բայց առկա բարձր գնաճը (սպառողական գների ինդեքսն այս տարվա հունվար–մարտ ժամանակահատվածում նախորդ տարվա նույն փուլի համեմատ ավել է 11,5 տոկոսով), վարվող տնտեսական քաղաքականությունը և մակրոտնտեսական ցուցանիշների միտումները թույլ են տալիս կանխատեսել, որ այս տարի ևս վիճակն էականորեն չի տարբերվի նախորդ երկու տարիներից և կրկին չի ապահովվելու Տիգրան Սարգսյանի Կառավարության ձևավորման սկզբում խոստացված ՀՆԱ 8-10 % իրական աճը։

Հավանաբար խուսափելով տնտեսական քաղաքականության վիճակագրական տխուր պատկերն ամեն ամիս ցույց տալու տհաճ պրոցեդուրայից՝ Կառավարությունը որոշակի փոփոխություն է մտցրել վիճակագրական տվյալների ներկայացման ձևի մեջ. հիմա ոչ թե համեմատում են կոնկրետ ժամանակահատվածների ՀՆԱ ցուցանիշները նախորդ տարվա հետ, այլ տալիս են տնտեսական ակտիվության ցուցանիշը, ինչը հնարավորություն է տալիս թվային մանիպուլյացիաներով զբաղվել և աճ ցույց տալ։

Աղքատության մակարդակ

Ըստ պաշտոնական տվյալների՝ ՀՀ–ում աղքատության ցուցանիշն այժմ կազմում է շուրջ 35%, որը մոտ 12 տոկոսով ավել է Տիգրան Սարգսյանի ձևավորած կառավարության սկզբնական փուլում արձանագրված ցուցանիշից, իսկ ծայրահեղ աղքատների թվի ավելացումն այս երեք տարիների ընթացքում չափվում է անգամներով։

Ինչպես արդեն վերևում նշվել էր՝ Կառավարությունը խոստացել էր աղքատության շարունակական կրճատում՝ արդյունքում ապահովելով 11,2 տոկոսից ցածր ընդհանուր աղքատություն և 1,6 տոկոսից ցածր ծայրահեղ աղքատության մակարդակ։

Այժմյան դինամիկան ճիշտ հակառակն է և ակնհայտ է, որ գործադիրը չի կատարել ու եթե շարունակի այս կազմով գործել մինչև խորհրդարանական հաջորդ ընտրությունները, ապա չի կատարելու իր այս խոստումը ևս։

«Կանխատեսելի» դրամավարկային քաղաքականությունը և 2009–ի մարտի 3–ը

Գնաճի մասին արդեն մի փոքր խոսեցինք։ Այժմ եկեք դիտարկենք, թե որքանով է, ինչպես խոստացվել էր, հուսալի և կանխատեսելի եղել Սերժ Սարգսյանի գլխավորած թիմի դրամավարկային քաղաքականությունը և, մասնավորապես, փոխարժեքային քաղաքականությունը, որն էական ազդեցություն ունի ինչպես ապրանքների և ծառայությունների գնագոյացման, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտների ու սպառողների վարքագծի վրա։

Իշխանությունները շուրջ մեկ տարի, փաստացի, վարում էին ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն, ինչը օրենքի կոպիտ խախտում էր։ 2008-2009 թթ ընթացքում 1 դոլարի դիմաց 305 դրամի պահպանումը ՀՀ–ի վրա արժեցավ ավելի քան 700 միլիոն դոլարի պահուստային միջոցների վատնում։

Չնայած այն հանագամանքին, որ այդպես երկար հնարավոր չէր լինելու փոխարժեքը պահել և ի սկզբանե սխալ էր լողացողի փոխարեն ֆիքսված քաղաքականություն վարելը՝ այդուհանդերձ ԿԲ ներկայացուցիչներն ու Տիգրան Սարգսյանն այդ ընթացքում պարբերաբար հայտարարում էին, թե մտահոգվելու կարիք չկա և 305 դրամը նորմալ փոխարժեք է։ Ավելին, Տ. Սարգսյանը ելույթ էր ունենում և խորհուրդ տալիս բնակչությանը խնայողությունները պահել ՀՀ դրամով և չվախենալ փոխարժեքի կտրուկ տատանումներից։ Իսկ թե ինչ եղավ հետո՝ բոլորիս է հայտնի։

2009–ի մարտի 3–ին ԿԲ նախագահը հայտարարեց, թե անցնում են լողացող փոխարժեքի քաղաքականության, որից հետո դրամը դոլարի հանդեպ մեկ օրվա ընթացքում արժեզրկվեց շուրջ 25 տոկոսով՝ ազդելով գների մակարդակի վրա և խուճապ առաջացնելով շուկայում։

Ահա ձեզ հուսալի և կանխատեսելի դրամավարկային քաղաքականության վառ օրինակ։ Նման հուսալիության արդյունքում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու դրամապանակի պարունակությունը դատարկվեց այնպես, ինչպես կդատարկվեր եթե գրպանահատը զբաղվեր դրանով։

«Նանոտեխնոլոգը»

Հասկանալի է, որ Կառավարության այս ձախողումների հիմնական պատասխանատուները Սերժ Սարգսյանն ու իր «գործիք» Տիգրան Սարգսյանն են, այսինքն՝ ՀՀ–ում ձևավորված կլանա–օլիգարխիկ համակարգի այսօրվա պարագլուխները։

ԱԺ 2007–ի ընտրությունների քարոզչական փուլում Հայաստանը նանոտեխնոլոգիաների երկիր դարձնելու խոստում տված Ս. Սարգսյանը հիմա չի խոսում այդ մասին այնպես, ինչպես «Արմենիկումի» մասին։ Նախագահական «ընտրություններից» հետո նա արդեն մի քանի այլ՝ ոչ պակաս «արմենիկումային» խոստումներ տվեց։

Սկզբում ասում էին, թե Սարգսյանի մեկ կոչով դրսի մեծահարուստ հայերը շտապելու են բաժանվել իրենց փողերից և մոտ կես միլիարդ դոլարի ներդրումներ են անելու Հայաստանում։ Այդ բլեֆը շատ արագ պայթեց։ Եթե իրական ներդրում էլ եղավ, ապա խոսքը օտարալեզու հանրակրթական դպրոցներ ներդնելու հակապետական քայլն էր։

Դրսի հայերի փող բերելու խոստումը դեռ իրականություն չդարձած՝ Սարգսյանը նոր խոսքով հանդես եկավ։ Նա 2008–ի հոկտեմբերի 2–ին ուղերձով դիմեց ԱԺ–ին ու խոստացավ, թե.

  1. առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանն սկսում է նոր ատոմակայան կառուցել,
  2. առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան–Հայաստան երկաթուղի կառուցվել,
  3. առաջիկա ամիսների ընթացքում համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու։

Այս խոստումներից հետո Սարգսյանը, դիմելով ԱԺ–ում հավաքվածներին ավելացրեց. «Հարցնում եք՝ կկարողանա՞նք, պատասխանում եմ, որ կկարողանանք»։

Կարծում եմ, որ մեկնաբանություններն ավելորդ են, քանի որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է գնահատել, թե որքանո՞վ է կարողացել Սերժ Սարգսյանը կյանքի կոչել իր խոստումները։

Ահա այսպիսի «արդյունավետ» կառավարիչների հետ գործ ունենք։

Պատասխանատվությունից խուսափելու պահը

Վկայակոչելով Կառավարության տված խոստումները և իրական կյանքում տնտեսության մեջ արձանագրված զգալի շեղումները՝ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հանդես էր եկել գրավոր հարցապնդմամբ՝ բարձրացնելով ՀՀ Կառավարության պատասխանատվության հարցը։

Օրերս Սերժ Սարգսյանի թիմակիցները պատասխանել են այդ հարցապնդմանը, որից պարզ է դառնում, որ ըստ իրենց՝ անցած երեք տարիներին ՀՀ–ում արձանագրված տնտեսական հետընթացն ունեցել է երկու հիմնական պատճառ՝ 1. 2001-2008 թվականներին Հայաստանում վարվող տնտեսական քաղաքականությունն ու այդ քաղաքականության արդյունքում ստեղծված համակարգը և 2. միջազգային ճգնաժամը։ Այսինքն՝ ստացվում է, որ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը նախորդ իշխանությունների օրոք արմատական ընդդիմություն են եղել նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 2000-2007 թթ. Վարչապետ, ՀՀԿ այն ժամանակվա ղեկավար Անդրանիկ Մարգարյանին, քոչարյանական կառավարման շրջանի կարկառուն ներկայացուցիչ և այդ ընթացքում պաշտպանության նախարար ու վարչապետ աշխատած Սերժ Սարգսյանին և 1998–ից մինչև 2008 թվականները Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը վարող Տիգրան Սարգսյանին, և միայն 2008–ի մարտի 1–ի գնով մի կերպ վերցնելով իշխանությունը նշյալ մարդկանցից՝ վերջապես կարողացել են իրենց ուզած քաղաքականությունը վարել։ Այդքանից հետո Սերժ Սարգսյանին մնում է միայն դուրս գալ փողոց և Լևոն Տեր–Պետրոսյանի հետ միասին պահանջել պաշտոնաթող Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը։

Սա շատ հետաքրքիր մոտեցում է, մանավանդ Սերժ Սարգսյանի՝ «Մոսկովսկիե նովոստի» թերթին վերջերս տված հարցազրույցի ֆոնին։ Հարցազրույց, որտեղ Սարգսյանը մասնավորապես ասում է. «Ղեկավարների մոտ միշտ կա նախորդներին քննադատելու գայթակղություն։ Ինչպես ասում են՝ «յուրաքանչյուրն իրեն ստրատեգ է համարում՝ մարտին նայելով կողքից»։ Ես երկիրը ղեկավարում եմ 2008 թվականից և առաջին իսկ օրվանից խուսափել եմ նմանատիպ մոտեցումից։ Քննադատել նախորդներին՝ նշանակում է սեփական ուսերից պատասխանատվությունը գցել ուրիշների ուսերին։ Դա ճիշտ չէ»։

Այս դեպքում էլ կարծում եմ, որ Ս. Սարգսյանի խոսքի ու գործի մեկնաբանության կարիք չկա։ Իսկ թե որքանո՞վ է հիմնավորված Կառավարության պատասխանը ՀՅԴ հարցապնդմանը և կարողացե՞լ է արդյոք Տիգրան Սարգսյանը ապացուցել, որ երկրի տնտեսության գահավիժման հիմնական պատճառը ոչ թե իր ու իր ղեկավարի վարած «մեկ օլիգարխի տնտեսության» ստեղծմանը միտված քաղաքականությունն է, այլ նախորդների կառավարումն ու արտաքին ֆորս–մաժորը՝ առավել հանգամանալից կներկայացնեմ հաջորդ հոդվածում։ Այժմ նշեմ միայն երկու կետ, որով, ըստ էության, պատասխանած կլինեմ այդ հարցերին։

Կառավարության 2008–ին ներկայացված ծրագրում կարդում ենք. «Նախորդ տարիներին արձանագրված տնտեսական աճի բարձր տեմպերը երկրի հետագա զարգացման և բնակչության կենսամակարդակի զգալի բարձրացման համար լավ հիմքեր են ստեղծել։ ... 2001-2007 թվականներին Հայաստանում տնտեսական աճի տեմպերը (միջինը՝ 13 տոկոս) ամենաբարձրերից են աշխարհում, ինչը հնարավորություն է ընձեռել այդ ժամանակահատվածում կրկնապատկելու մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը: Կառավարությունը կշարունակի մակրոտնտեսական կայունությանը և տնտեսական աճի կայուն տեմպերի պահպանմանը նպաստող՝ վերջին տարիներին վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը»։ Եվ ընդհանրապես, Կառավարության ծրագրում բազմաթիվ տեղեր հղումներ կան նախկին տնտեսական քաղաքականության վրա և հավաստիացում, որ այդ դրականը շարունակվելու է։ Իսկ ահա ի պատասխան ՀՅԴ հարցապնդման՝ Կառավարությունից գրում են. «Տնտեսական ճգնաժամը բավականին խորը խոցեց մեր տնտեսությանը, ստեղծելով ավելի մեծ սոցիալական խնդիրներ և կառավարության համար զգալի մարտահրավերներ՝ իրավիճակը շտկելու հարցում։ ... Բնականաբար այս առումով կարևոր հարց է, թե մինչճգնաժամային ինչ տնտեսական կառուցվածք էր ժառանգված։ Աշխարհի պատմական իրականության մեջ հնարավոր չէ հիշատակել մեկ դեպք, երբ ճգնաժամերը պատճառ լինեին (երևի ուզեցել էին ասել՝ հետևանք լինեին – Ա. Թ.) տվյալ երկրի ճգնաժամային տարվա քաղաքականությանը։ Սովորաբար տնտեսական անկումներն ու դրա հետևանքով կտրուկ սրացող սոցիալական խնդիրներն արդյունք են լինում երկրների նախորդ տարիների ընթացքում կուտակած տնտեսական ոչ արդյունավետ համակարգային խնդիրների»։

Համադրելով Կառավարության կողմից երեք տարի առաջ և այսօր արված ձևակերպումները ու տնտեսությանը վերաբերող գնահատականները՝ կարող ենք համապատասխան եզրակացություններ անել։ Սա ծանր ժառանգության մասով Կառավարության արդարացումներին ի պատասխան։

Ինչ վերաբերում է միջազգային տնտեսական ճգնաժամով պայմանավորված հայաստանյան ճգնաժամին և այդ մասով Կառավարության արդարացումներին, ապա ինձ մնում է միայն հիշեցնել, որ Տիգրան Սարգսյանը բազմիցս հայտարարում էր, թե միջազգային ֆինանսա–տնտեսական ճգնաժամը կշրջանցի Հայաստանը, և դեռ ավելին՝ մեր երկիրը կօգտվի այդ ճգնաժամից։ «Օգտվեցինք»։

Անդրանիկ Թևանյան

շարունակելի

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: