Քաղաքական

24.05.2011 11:08


Արամ Հարությունյան. «Մարտի 1–ի պատասխանատուն Լևոն Տեր–Պետրոսյանն է»

Արամ Հարությունյան. «Մարտի 1–ի պատասխանատուն Լևոն Տեր–Պետրոսյանն է»

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը վստահ է, որ Հայ ազգային կոնգրես–իշխանություններ երկխոսությունն Ազգային ժողովում Լևոն Տեր–Պետրոսյանի կարգավիճակի շուրջ է լինելու։

–ՀԱԿ–ը ժողովրդին խաբում է, քանի որ արդեն բազմիցս Հանրապետականը՝ տարբեր մարդկանց շուրթերով, հայտարարել է, որ արտահերթ նախադրյալներ չկան, և արտահերթ չի լինելու։ Եվ ակնհայտ է, որ Լևոն Տեր–Պետրոսյանի թիմը խաբում է ժողովրդին։ Ինչպես որ երեք տարի խաբել է, հիմա էլ է խաբում,–«7օր»–ին ասել է նա։

Արամ Հարությունյանը համոզված է նաև, որ ՀԱԿ–իշխանություն երկխոսության միջնորդը եղել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

–Լևոն Տեր–Պետրոսյանի 15 պահանջներից մեկը վարչապետի հրաժարականն էր։ Հիմա ի՞նչ տվեց կամ առաջարկեց վարչապետը Լևոն Տեր–Պետրոսյանին, որ այդ պահանջը վերացավ, և մոռացել են, որ, ի վերջո, ընդդիմության հիմնական դերը նաև սոցիալական խնդիրների բարձրացումն է, բայց այսօր ՀԱԿ–ը չի պահանջում վարչապետի հրաժարականը։ Իսկ ինչ վերաբերում է 3 պահանջներին, ապա դրանք նույնիսկ ծիծաղելի են, որովհետև, օրինակ, Ազատության հրապարակն արդեն բաց էր, իսկ եթե իրենք խոսքի ազատության մասին էին խոսում, ապա կարող էին «Ա1+»–ի մասին խոսել, ոչ թե Ազատության հրապարակի,–ընդգծել է Ա. Հարությունյանը։

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը հայտարարել է նաև, որ 2008–ի մարտի 1–ի պատասխանատուն Լևոն Տեր–Պետրոսյանն է։

–Ինքը գրգռեց ժողովրդին, ինքը ասաց՝ եթե մեկ զոհ պահանջվի, ապա դա ե՛ս կլինեմ, բայց ինքը, կոպիտ ասած, փախավ տուն, որովհետև ոչ ոք իրեն չէր պահում։ Ինքը պե՛տք է գնար Մյասնիկյանի արձանի մոտ, բայց չգնաց։ Այս իմաստով նա պատասխանատվություն է կրում։ Հիմա եթե իշխանությունը փոխել է իր կարծիքն այդ մասին, դա արդեն լուրջ խնդիր է, որովհետև այն զոհերը, որ եղան, չէին լինի, եթե այդ հանրահավաքների ժամանակ՝ հատկապես մարտի 1–ին, չգրգռեին ժողովրդին,–ավելացրել է Ա. Հարությունյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը