Տնտեսական

01.06.2011 13:20


Հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 9% գնաճ

Հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 9% գնաճ

Հունիսի 1-ին «Գնագոյացում և գնաճ վերջին հնգամսյակում» թեմայի շուրջ խոսելիս ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը «Հենարան» ակումբում ասել է, որ 13 պարենային ապրանքախմբերից 7–ում գնաճ է արձանագրվել։ Աճել են մասնավորապես մսի, կաթի, ձեթի, կակաոյի և հրուշակեղենի գները։ Նվազել են ձկան, պղպեղի, աղի ու մի քանի այլ ապրանքատեսակների գները։

Նա ընդգծել է, որ հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 9% գնաճ. պարենային ապրանքների գնաճը կազմել է 16,2%, ոչ պարենային ապրանքներինը՝ 2,4%, իսկ ծառայությունների սակագներն աճել են 2,5%–ով։

Պարենային ապրանքախմբերից առավել գնաճ է արձանագրվել հացամթերքի ոլորտում՝ 16,9%, կաթնամթերքի՝ 22,4%, բանջարեղենի ու կարտոֆիլի՝ 35,4%, մրգի՝ 19,9%, ձվի գներն աճել են 20,5%–ով, մսամթերքինը՝ 9%–ով։ Գնանկում արձանագրվել է ընդամենը մեկ պարենային ապրանքախմբում, այլ մթերքներում (հիմնականում աղի ազդեցության շնորհիվ)՝ ընդամենը 0,6%–ով։

Կուտակային գնաճը նախորդ տարվա հունվար–մայիսի համեմատ կազմել է 10,2%, որի թվում պարենային ապրանքների գնաճը կազմել է 16,5%, ոչ պարենային ապրանքներինը՝ 3,1%,  իսկ ծառայությունների սակագներն աճել են 5,4%–ով։

Նա տեղեկացրել է, որ վերջին ամսում աննշան գնաճ է արձանագրվել՝ ընդամենը 0,4%, սակայն պարենային որոշ ապրանքների գծով էական գնաճ ու գնանկում կա։

Մասնավորապես շաքարավազի գինը մեկ ամսվա կտրվածքով աճել է 0,4–3,7%–ով, կենդանական, բուսական յուղի ապրանքախմբում արձանագրված գնաճը՝ հալած յուղ՝ 4,2%, արևածաղկի յուղ՝ 0,7%, կարագ՝ 0,9% գնաճ։

Մրգի ապրանքախմբում նախորդ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է 19,9% գնաճ։ Էական գնաճ արձանագրվել է տանձի, նարնջի, խաղողի, մանդարինի գծով։ Նվազել են ելակի, ադամաթզի և կիտրոնի գները։

Բանջարեղեն–կարտոֆիլ ապրանքախմբում արձանագրվել է 35,4% գնաճ, իսկ ապրիլ ամսվա համեմատ՝ 2,1% գնանկում։

Վերջին մեկ ամսում էական գնանկում է ունեցել վարունգը՝ 61,6%, գլուխ սոխը՝ 18,9%, խառը կանաչեղենը՝ 11,1%, սմբուկը՝ 7,6%, լոլիկը՝ 5,8% և կանաչ պղպեղը՝ 3,3%։ Դրան զուգընթաց սխտորի գինն աճել է 7,7%–ով, գազարինը՝ 8,1%–ով, կաղամբինը՝ 10,9%–ով, կարտոֆիլինը՝ 17,1%–ով և ճակնդեղինը՝ 36,6%–ով։

Ոչ պարենային ապրանքախմբի 0,5% գնաճը հիմնականում պայմանավորվել է բենզինի ու դիզելային վառելիքի գնաճով՝ համապատասխանաբար 5,2% և 4,2%–ով։ 2010թ. մայիսի համեմատ բենզինի գինն աճել է 13,7%–ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 21,6%–ով։

Ծառայությունների հատվածում մեկ ամսվա կտրվածքով արձանագրվել է 0,1% գների նվազում, ինչը պայմանավորվել է հանգստի կազմակերպման ծառայությունների 3,2%, բնակարանային կոմունալ ծառայության՝ 0,5% նվազումներով։

Բուժսպասարկման ծառայության սակագները մեկ ամսում աճել են 0,1%–ով, հանրային սննդինը՝ 0,1%–ով, իրավական, բանկային ծառայություններինը՝ 0,6%–ով, տրանսպորտի ոլորտում՝ 0,9%–ով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը