Խմբագրական

Հունիս 05, 2011 15:05

Ի՞նչը կամ ո՞վ նպաստեց «երկխոսության» կայացմանը

Ի՞նչը կամ ո՞վ նպաստեց «երկխոսության» կայացմանը

Իշխանության հետ սպասվելիք գործարքի թեմային անդրադառնալով՝ Լևոն Տեր–Պետրոսյանը մանրամասն ներկայացրեց, թե որոնք էին «երկխոսությանը» նպաստող գործոնները (համաժողովրդական նպատակասլաց պայքար, արաբական աշխարհի իրադարձությունների հետեւանքով միջազգային հանրության մտայնության փոփոխություն, Ղարաբաղյան հակամարտության զարգացումներ, սոցիալական բողոքի հաճախակիացած ցույցեր, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի ծանրության գիտակցություն, ինչպես նաեւ բազմաթիվ այլ երկրորդական դրդապատճառների զուգակցում)։ Դրանք, իհարկե, ազդել ու նպաստել էին «երկխոսության» դռնակի բացման վրա, բայց եթե ՀԱԿ առաջնորդը մինչև վերջ անկեղծ լիներ, ապա ներկաներին պետք է ասեր, որ ամենահիմնական գործոնը, որը փաստացի միավորել է իրեն ու Սերժ Սարգսյանին և նպաստել «երկխոսությանը»՝ Ռոբերտ Քոչարյանի գործոնն է։

Էլ ավելի անկեղծ լինելու պարագայում՝ ՀԱԿ առաջնորդը պետք է ասեր, որ ինքն իշխանության հետ «երկխոսել» վերջացրել է ամիսներ առաջ, երբ Սարգսյանի ու իր համար ընդհանուր վտանգ էր առաջացել, և իրենք այդ օրերին համաձայնության եկան  ներքաղաքական «ստատուս–քվոն» պահելու հարցում, այն է՝ Սարգսյանի իշխանության վերարտադրություն և տերպետրոսյանական թիմի տիտղոսային ընդդիմության  կարգավիճակի ապահովում։ Ու որքան ակտիվանա Ռոբերտ Քոչարյանը, այնքան Սարգսյան–Տեր–Պետրոսյան տանդեմը կխորացնի իր համագործակցությունը՝ «a la» 2008ի նմուշի Սարգսյան–Գեղամյան համագործակցության։ Դատելով ամենից՝ ՀՀ 1–ին ու 3–րդ նախագահներին խորը մերձեցում է սպասվում և Տեր–Պետրոսյանի գեղամյանացումը շուտով ակնհայտ կդառնա անգամ զոմբիների համար (հատկապես նախընտրական փուլում)։

Խնդիրն այն չէ, որ Լ. Տեր–Պետրոսյանը, փաստացի, դարձել է Սարգսյանի նորաթուխ հաճախորդը՝ նպատակ ունենալով մի քանի մանդատ կամ պաշտոն ստանալ։ Ստեղծված իրավիճակում այդ պաշտոնն ու մանդատը ածանցյալ հարցեր են, որոնք միգուցե շատ են հետաքրքրում առաջին նախագահի աթոռապաշտ նեղ շրջապատին, բայց երկրորդական են Տեր–Պետրոսյանի համար, քանի որ վերջինս, պաթոլոգիկ փառասեր ու աթոռապաշտ լինելով հանդերձ, հասկանում է, որ նախ պետք է մտածել անձնական անվտանգության, ապա նոր միայն պաշտոնի ու մանդատի մասին։

Ի՞նչ  ծրագրով է առաջնորդվում Տեր–Պետրոսյանը

Եվ այսպես. ՀԱԿ առաջնորդի առավելագույն ծրագիրը իշխանափոխությունն էր, որին նա այլևս չի հավատում, բայց հիմա ստիպված է ինքն իրեն ու դիմացիններին համոզել դրանում, որպեսզի կարողանա զանգված հավաքել, մնալ հարթակի վրա և ապահովել սեփական անվտանգությունը, իսկ հետագայում էլ, որպես համապատասխան սրտի մխիթարանք, արդեն դառնալ Սարգսյանի հաստիքային ընդդիմություն։ Այսինքն՝ Տեր–Պետրոսյանն այս պահին առաջնորդվում է իր նվազագույն ծրագրով, այն է՝ Քոչարյանի դեմ պայքարով. Տեր–Պետրոսյանն ուրիշ ճար չունի։

Ըստ այդմ՝ յուրօրինակ գործարք Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր–Պետրոսյանի միջև արդեն իսկ կայացել է, և այդ ամենը վկայող շատ խոսուն ապացույցներ կան։

Ե՞րբ կայացավ գործարքը

Բանն այն է, որ ամբողջությամբ տապալվելով թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական (հատկապես՝ տնտեսական) իր բոլոր նախաձեռնություններում՝ Սերժ Սարգսյանը խորացրեց իշխանության վերին օղակի նկատմամբ վստահության դեֆիցիտը ոչ միայն հասարակության, այլ նաև պետական կառավարման համակարգի ներսում։ Այդ ամենին զուգահեռ՝ ՀՀԿ–ի նկատմամբ «Բարգավաճ Հայաստանը» օր–օրի հզորանում էր, ինչի մասին վկայում էին նաև իշխանական հարցումները։ Այլ խոսքերով՝ Սարգսյանն իր «ֆուտբոլային» դիվանագիտության անփառունակ վախճանով և խայտառակ տնտեսական քաղաքականությամբ դելեգիտիմիզացիայի ենթարկվեց իշխանական լայն շրջանակների մոտ, ինչը Հայաստանի տիպի երկրների համար ավելի վտանգավոր է պետության գլխի համար, քան հանրային լեգիտիմության պակասը (հիշենք Տեր–Պետրոսյանին 1998–ին):

Սարգսյանը տեսնում էր, որ պետական բյուրոկրատիայի հիմնական մասի, ուժային կառույցների բարձր ու միջին օղակների և բիզնեսի լայն շրջանակների մոտ իր անկման ֆոնին բավական բարձր վարկանիշ է պահպանում ու ի դեմս ԲՀԿ–ի՝ նաև ուժեղանում Հայաստանի 2–րդ նախագահը։

Վիճակը ժամանակավորապես փրկելու և իշխանական լծակները գոնե մինչև խորհրդարանական ընտրությունները մի կերպ պահելու համար՝ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը շտապեցին կոալիցիոն նոր հուշագրի ստորագրում պարտադրել ԲՀԿ–ին՝ շատ լավ հասկանալով, որ գրեթե զրոյական վարկանիշ ունեցող Սարգսյանին սատարող որևէ փաստաթուղթ ստորագրելով՝ Գագիկ Ծառուկյանը որոշակի հարվածներ կստանա իր շարքերի ու հանրության որոշակի շերտերի կողմից։ Նոր հուշագրի ստորագրումով հնարավոր կլիներ նաև գոնե մի պահ կանգնեցնել ԲՀԿ–ի առաջխաղացումն ու ժամանակ շահել։

Եթե հիշում եք, սկզբնական փուլում սարգսյանականներին չէր հաջողվում պլանն այդ իրագործել՝ չնայած այն հանգամանքին, որ գործի էին դրվել քաղաքական դաշտի բոլոր տիպի հաճախորդներն ու ծախու մամուլը։

ԲՀԿ–ի համագումարում ֆիասկոյի ենթարկվելով՝ Սերժ Սարգսյանին այլ բան չէր մնում, քան դիմել առաջին նախագահի ու նրա թիմի օգնությանը և հիշել, որ Տեր–Պետրոսյանը վաղուց երազում է «երկխոսել» իր հետ՝ որպես հիմք ընդունելով Եղիազար Այնթապցու և էջմիածնական միաբանների համագործակցության մոդելը։

Ահա այդ պահին էլ «կոնտրագենտների» միջև կնքվեց գործարքը, որը տեղավորվում է «դու՝ ինձ, ես՝ քեզ» տրամաբանության մեջ։ Արդյունքում՝ ներիշխանական լարվածության փուլում «Սեր–ժի՛կ, հեռացի՛ր» գոռացող զանգվածին առաջնորդող Տեր–Պետրոսյանն անցավ Սերժ Սարգսյանի կողմը և իր խնամու (ով, ի դեպ, այսօր «երկխոսության» պատրաստ ՀԱԿ պատվիրակության կազմում է) շուրթերով հայտարարեց, թե դեմ է իշխանական համակարգի ապակայունացմանը («ընդդիմությունը» հենց այդպես էլ լինում է՝ դառնում է ներիշխանական կայունության երաշխիքը), ստանձնեց Սարգսյանի PR–ն անողի դերը (Շահնազարյանը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը լիակատար վայելում է Արևմուտքի և, մասնավորապես, ԱՄՆ աջակցությունը) և փաստացի ցույց տվեց, որ ընտրել է «Գա–գի՛կ, հեռացի՛ր» կարգախոսը՝ ի դեմս Ծառուկյանի տեսնելով Քոչարյանի ուժեղացման գործոններից մեկին։

Այդպիսով՝ Տեր–Պետրոսյանը հրապարակավ խոստովանեց, որ Սարգսյան–Քոչարյան ուղղակի կամ անուղղակի հակամարտության դեպքում ինքը կանգնում է և կկանգնի Սարգսյանի կողքին՝ վերածվելով վերջինիս հանրային հենարանի և վարվելով ճիշտ այնպես, ինչպես Գեղամյանն ու մյուսները 2008–ի ընտրական փուլում։

Պատահական չէ, որ Տեր–Պետրոսյանը մինչև օրս ծպտուն անգամ չի հանել կոալիցիոն այն հուշագրի վերաբերյալ, որով Սարգսյանը վերարտադրվելու խնդիր է դրել, այնինչ արտահերթ ընտրություն և իշխանափոխություն պահանջող ուժը պետք է, որ գոնե իրեն չեզոք պահեր Սարգսյան–Ծառուկյան հակասության և ներիշխանական ապակայունացման փուլում։ Բա էլ իշխանական բուրգն ինչպե՞ս ես պատրաստվում կազմաքանդել, երբ բուրգի՝ ինքն իրեն կազմաքանդվելու փուլում հանդես ես գալիս քո իսկ կողմից «ավազակապետական» որակված համակարգի կայունության օգտին։

Պատվերով թամաշայի առանձնահատկությունները

Վերը նշվածից ելնելով՝ կարող ենք ասել, որ ՀԱԿ–ն այժմ առաջնորդվում է «Եթե մենք չենք գալիս իշխանության, ապա ավելի լավ է Սարգսյանը մնա, քան թե Քոչարյանը վերադառնա» կարգախոսով, ու որպեսզի ծրագիրն այդ հաջողվի՝ անհրաժեշտություն  է առաջացել կեղծ հակադրությունների տեսարաններ ապահովել և արտահերթ ընտրություններ պահանջելով՝ «Հիմա» տենչացող զանգվածի էմոցիան գողանալ։

Նկատենք, որ Տեր–Պետրոսյանի կողմից սա բավական սթափ հաշվարկ է։ Ինքը հասկանում է, որ չի կարող իշխանությունը վերցնել, բայց, պատկերավոր ասած, տուն գնալ էլ չի կարող, քանի որ իշխանափոխության այլ սցենարների պարագայում իր համար կարող է ավելի վատ լինել, քան Սարգսյանի համար, և այդ իսկ պատճառով էլ ստիպված է իր շարքերին ծառայեցնել «Սեր–ժի՛կ, մը–նա՛» ծրագրի իրականացմանը։ Կամ այլ խոսքերով՝ Տեր–Պետրոսյանը, հանգամանքների բերումով և իր կղերապահպանողական էությունից ելնելով, հանրության իրեն ենթակա հեղափոխական հատվածի էներգիան փորձում է ծառայեցնել հակահեղափոխությանը։

Այս ամենի արդյունքում ունենում ենք հետևյալ պատկերը. Ռոբերտ Քոչարյանի մասով Սարգսյանն ու Տեր–Պետրոսյանն առնվազն մարտավարական գործընկերներ են, քանի որ երկուսն էլ ձախողված ու ամենքն իր մասով պարտված գործիչներ են։  Երկուսին էլ միավորում է ընդհանուր վախն ու թիրախը։ Մեկն առանց մյուսի դատապարտված է, բայց երկուսի շարքերն էլ դա չեն ընկալում ու չեն կարող ընկալել և այստեղ է, որ ակնհայտ է դառնում սիամական երկվորյակների վերածված սերժա–լևոնական զույգի համատեղ դատապարտվածությունը և քաղաքական լուսանցքում հայտնվելու անխուսափելիությունը։

Ճիշտ է, Սարգսյանն ու Տեր–Պետրոսյանը կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումը «համատեղ ջանք» ծրագրի շրջանակներում հաջողացրեցին ու կարճաժամկետում հաղթանակ տարան, սակայն դա պյուռոսյան հաղթանակ էր, քանի որ ժամանակն այժմ աշխատում է երկուսի դեմ։ 2012ի հերթական խորհրդարանական ու դրան հաջորդող նախագահական ընտրությունների ժամանակ նրանք «կվայելեն» իրենց տարած «հաղթանակի» պտուղները և կհայտվեն շախմատի կոտրած տախտակի կամ ֆուտբոլի փսկած գնդակի առաջ։

. . .

Ամփոփենք. դեռևս այս տարվա փետրվարին կայացած գործարքով՝ իշխանություններին հաջողվեց ՀԱԿ–ի օգնությամբ խուսափել արաբական երկրներից եկող հեղափոխական ալիքից ու պահպանել աթոռները, ինչի դիմաց հիմա նրանք վարձահատույց են լինում Տեր–Պետրոսյանին՝ կատարելով վերջինիս «պահանջները» և հնարավոր բոլոր միջոցներով նպաստելով «ՀԱԿ–ը միակ ընդդիմությունն է» թեզի տարածմանը։ Իսկ թե ինչ է հիմա ճամարտակում «երկխոսության» ու գործարքի թեմայով հաճախորդացման ուղին բռնած ՀԱԿ առաջնորդը՝ գործընթացներից տեղյակ մարդկանց համար արդեն երրորդական նշանակություն ունի և նախատեսված է «վկաների» տոնուսը բարձր պահելու համար։

Տեր–Պետրոսյանի հանրահավաքային ասածներն ընդամենը բառեր են, բառեր, բառեր ...

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ Սերժա–լևոնական «հակամարտությունը», թերևս, կմտնի քաղաքագիտության դասագրքերի մեջ որպես մառազմի դրսևորում և իր «նախաձեռնողական» բնույթով  կգերազանցի անգամ «ֆուտբոլային» անհեթեթ դիվանագիտությանը։  

Տեսե՛ք. կողմերից մեկն ասում է, թե արի «երկխոսեմ» քեզ հետ, որ դու հրաժարական տաս ու արտահերթ ընտրություն նշանակես, իսկ մյուս կողմն էլ, թե վա՜յ, էս ի՜նչ լավ բան ասեցիր, ես էլ հա ուզում էի հրաժարական տալ, բայց չգիտեի, թե ինչպես և ում օգնությամբ։ Դե հիմա եկ «երկխոսե՛նք»։ Իհարկե, բառացի այդպես չեն ասում, բայց նման մի բան է ստացվում։

Շարունակեմ. մեկն ասում է, թե ես քեզ ոչնչացնելու եմ, ա՛յ մոնղոլ–թաթարական համակարգի պարագլուխ, իսկ մյուսն էլ, թե՝ բա ու՞ր էիր այսքան ժամանակ. մենք էլ մեզ ոչնչացնող էինք ման գալիս, բայց չէինք գտնում։ Ու սկսվում է ողջագուրման հոգեցունց տեսարանի մատուցումը։

Բայց «ամենաէրոտիկն» այն է, երբ մի կողմն ասում է, թե դու կարող ես շարունակել ինձ ապազգային համարել, իսկ ես քեզ՝ ավազակապետ, բայց ոչինչ, ե՛կ այս գիշեր մենք «երկխոսենք» մի՜ն–չե՜վ լու՜յս ...

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: