Մեկնաբանություն

05.06.2011 23:33


Գործարք և տեսարաններ

Գործարք և տեսարաններ

Պետք է արժանին մատուցել Լևոն Տեր–Պետրոսյանին, ով մայիսի 31–ին  բավական անկեղծացավ՝ հայտարարելով, թե իր համար տաբուներ չկան  և իշխանության հետ սպասվելիք «երկխոսությունը», այո, գործարք կարելի է որակել։

«Վերջին հաշվով, ցանկացած բանակցություն կամ երկխոսություն գործարք է, որը բխում է կա՛մ երկու կողմերի մասնավոր, կա՛մ էլ հասարակությունների ու պետությունների ընդհանրական շահերից»,– ասաց ՀԱԿ առաջնորդը՝ սպասվող «երկխոսության» արդյունքում ակնկալվող  գործարքը, բնականաբար, ներկայացնելով հանրային ու պետական շահի լույսի ներքո։

Ուշագրավ է, որ գործարքից խոսել չուզող և այդ թեմայով կարծիքներ հայտնողների   մեջ չարամիտների ման եկող Տեր–Պետրոսյանը գործարքի թեմային հատկացրեց իր ժամուկեսանոց ելույթի մի զգալի մասը՝ դրանով իսկ ակամայից խոստովանելով, որ կոմպլեքսավորվել է տարածված խոսակցությունների մասով ու փորձում է արդարանալ։

Թե որքանով է սերժա–լևոնական գործարքը առնչվում և առնչվելու հանրային ու պետական շահին՝ ամեն մարդ կարող է դատել իր մտավոր կարողություններից ու բարոյական հատկանիշներից ելնելով։

Նկատենք, որ մինչև այժմ Սերժ Սարգսյանի հետ գործարքներ են կնքել այնպիսի «ականավոր» գործիչներ, ինչպիսիք են՝ Արթուր Բաղդասարյանը, Արտաշես Գեղամյանը, Վիկտոր Դալլաքյանը, Մանվել Գրիգորյանը և այլք, ովքեր ՀՀԿ «ճկուն» ղեկավարի հետ «երկխոսելուց» առաջ տերպետրոսյանական ոճի կամ տեղ–տեղ նույնիսկ ավելի կոշտ բառապաշարով էին հիշում Սարգսյանին։ Զարմանալի զուգադիպությամբ՝ Ս. Սարգսյանի հաճախորդը դառնալուց հետո բոլոր այդ մարդիկ իրենց քայլը հիմնավորում էին բացառապես «պետական շահով» առաջնորդվելու ցանկությամբ։

Տեր–Պետրոսյանինը մի քիչ ավելի ծանր դեպք է լինելու, քանի որ նա, նույն այդ «պետական շահից» ելնելով, ներս է մտնում «երկխոսության» բացված դռնով՝ 10 զոհերի և հարյուրավոր վիրավորների բեռն ուսին («թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»)։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը