Տնտեսական

06.06.2011 14:55


Հրաչ Բերբերյան. «Նախագահի հրամաններն այդպես էլ մնում են անկատար»

Հրաչ Բերբերյան. «Նախագահի հրամաններն այդպես էլ մնում են անկատար»

Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը, Հայաստանում այս տարի ծիրանի բերքատվությունը կկազմի 25-30%, խնձորինը՝ 50%, իսկ դեղձինը՝ մոտ 70%:

Անդրադառնալով ոռոգման ջրի խնդիրներին՝ Հ. Բերբերյանն ասել է, որ գյուղացու համար այն մատչելի դարձնելու միակ եղանակը միջնորդ կազմակերպությունների ծառայություններից հրաժարվելն է:

–Որպես միջնորդ կարող է հանդիսանալ թեկուզ գյուղապետարանը: Թող գյուղապետարանը բաշխի և հաշվարկի ջուրը, այդ դեպքում գյուղացու համար այն կարժենա ընդհամենը 4,5 դրամ,- նշել է նա ու հավելել, որ խնդիրներն առաջանում են այն պատճառով, որ համապատասխան մարմինները թերի են աշխատում։

Մասնագետի պնդմամբ՝ բոլոր այս խնդիրները ստեղծվում են համապատասխան մարմինների թերի աշխատելու հետևանքով: –Նախագահի հրամաններն այդպես էլ մնում են անկատար. հեռուստատեսությամբ հայտարարություններ են արվում և վերջ,– ասել է նա ու առաջարկել հանձնաժողով ստեղծել, որը կհետևի այդ հանձնարարականների իրականացմանը։

Անդրադառնալով վնասատուների հարցին՝ Հրաչ Բերբերյանն ասել է, որ կրծողների դեմ պայքարը Հայաստանում անարդյունավետ է։ Այս կապակցությամբ նա նշել է, որ Ագրարագյուղացիական ասոցիացիան ներկրել է և արդեն փորձարկել նոր  DUO-RAT միջոցները, որոնք կենսաբանական հիմք ունեն։ Դրանք վանիլային հոտ ունեն ու չեն վախեցնում կրծողներին, որոնք սատկում են այն ուտելուց 2 ժամ հետո՝ ջրազրկումից։ Հրաչ Բերբերյանը նաև մտահոգություն է հայտնել մորեխների վերաբերյալ։

Նա նաև տեղեկացրել է, որ Վարդենիսի և Մասիսի շրջաններում անասունների մոտ ի հայտ եկած հիվանդությունների դեպքերը ճիշտ ժամանակին պատվաստումներ չկատարելու հետևանք են։

Հրաչ Բերբերյանը նշել է, որ կառավարության որոշմամբ այս տարվա մայիսի 10-ին պետական պատվերով պետք է սկսվեին 8 ուղղությամբ անասնաբուժական միջոցառումներ, մինչդեռ կենդանիների պատվաստանյութը ներկրվել է միայն մայիսի 23-ին:

–Հանրապետություն է ներկրվել մոտ 380 հազ դոզա դաբաղի պատվաստանյութ, որից միայն մի մասը կիրառվել է սահմանամերձ գոտիներում, իսկ մոտ 180 հազ դոզա մնացել է պահեստներում և չի կիրառվել: Թե ինչի են սպասել և ում են սպասել, հայտնի չէ,– տարակուսել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը