Կարծիք

08.06.2011 16:28


«Երկխոսությունից» քշվածները

«Երկխոսությունից» քշվածները

Թունիսում եւ Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությունները, Եմենում եւ Լիբիայում, ինչպես նաեւ Սիրիայում տեղի ունեցող արյունալի իրադարձությունները Սերժ Սարգսյանի թիմին, կարծես թե ոչինչ չեն հուշում: Նրանք մտադիր են շարունակել առաջ շարժվել նույն գործելաոճով:

Եթե ամիսներ առաջ վարչախմբի ներկայացուցիչները դեռ մտավախություն ունեին, որ թունիսյան կամ եգիպտական դեպքերը կկրկնվեն նաեւ Հայաստանում, ապա այժմ, երբ ՀԱԿ առաջնորդները հայտարարեցին, թե կանգնած են պետության կայունության հիմքերում եւ շեշտեցին, թե ոչ մի դեպքում թույլ չեն իրադարձությունները շարժվեն հեղափոխական ճանապարհով, եւ առավել եւս, երբ ՀԱԿ առաջնորդները կիսաբաց դռներով սողոսկեցին ավազակապետութան ներկայացուցիչների հետ «երկխոսելու» համար, Սերժ Սարգսյանին եւ նրա մերձավոր շրջապատին թվաց, թե ամեն ինչ այնքան հրաշալի է, որ կարելի է նույնիսկ մի լավ զվարճանալ եւ անգամ ստորացնել իրենց հսկայական ծառայություն մատուցած Հայ ազգային կոնգրեսին:

Անշուշտ, առաջնորդվելով իրենց իսկ շահերից՝ նրանք փորձում են հանրության առավել միամիտ շերտերին համոզել, թե ՀԱԿ-ն ամենահզոր եւ ամենաուժեղ ընդդիմությունն է, բայց ոտնատակ չտալով ավազակապետության բարի ավանդույթները, չեն մոռանում նաեւ ՀԱԿ-ին ցույց տալ իր ներկայիս տեղը:

ՀԱԿ ղեկավարները ոգեւորված հինգ հոգանոց պատվիրակություն կազմեցին ավազակապետության ներկայացոիցիչների հետ բանակցելու համար, բայց արի ու տես, որ վարչախումբը «երկխոսությունը» բոլորովին այլ կերպ է պատկերացնում: Ստեղծված իրավիճակից սարսափած ՀԱԿ-ականները որոշեցին հերթական զիջումներին գնալ եւ անգամ շեշտեցին, թե ո՞վ է ասում, որ երկխոսության միակ թեման լինելու է արտահերթ ընտրությունների հարցը, ավելին, անգամ նշեցին, թե այդ հարցը կարող է եւ չքննարկվել, սակայն դաժան Սերժ Սարգսյանն այդպես էլ իր պատվիրակությունը չկազմեց:

Սերժ Սարգսյանն իր աշխատակազմի ղեկավարներին խնդրեց, որ խաբված եւ խայտառակ եղած կոնգրեսականներին բացատրեն, որ «երկխոսությունը» բանագնացների հանդիպումները չեն, սակայն ՀԱԿ-ում կրկին սպասում են, թե Սերժ Սարգսյանը իրենց չի թողնի այսքան ծանր վիճակում եւ օգնության ձեռք մեկնելով բանակցող խումբ կձեւավորի: Նրանք նույնիսկ մի փոքր վախվորած սպառնում են հեղափոխական իրադարձություններով կամ ասում են, թե շախ ենք տվել եւ հակառակորդը ստիպված է քայլ անել, բայց եւ միաժամանակ համեստաբար շեշտում են, թե ո՞վ է ասել, որ մենք ձգտում ենք Ազգային ժողովում մեծամասնություն կազմել: Ահա այսպիսի «մռու» պատմություն, որը հաստատ շարունակություն է ունենալու:

Երբ սկսնակները շախմատ են խաղում, հաճախ կողմերից մեկին թվում է, թե ինքը շահած դիրք ունի, քանի որ մրցակցին շախ է տվել, բայց երբ մոտենում է մրցավարը, բացատրում է, որ շախ չէին կարող տալ, քանի որ իրենք պետք է ազատվեն շախից կամ անգամ արդեն մատ են եղել: Հիմա հենց այս դեպքն է: Իսկ որ ՀԱԿ-ն իր առաջնորդով մատ է եղել, արդեն պարզ է շատ շատերի համար:

Այժմ արդեն կարեւոր չէ, թե ինչի էր ձգտում Տեր-Պետրոսյանը, ինչու որոշեց հեղաշրջում իրականացնել ՀՀՇ-ում, ինչու որոշեց մի կողմ դնել բուրգի կազմաքանդումը եւ սատարել նույն այդ բուրգին՝ ձգտելով «երկխոսել» ավազակապետության ներկայացուցիչների հետ: Կարեւորն այն է, որ նա ծանր պարտություն կրեց, հայտնվելով բավական տհաճ իրավիճակում: Որքան էլ Սերժ Սարգսյանը ձգտի բարձրացնել նրա վարկանիշը, որքան էլ խոսակցություններ տարածվեն, թե հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանն է  Սերժ Սարգսյանին ասում, թե նա ինչ պետք է անի, որքան լուրեր տարածեն, թե «երկխոսության» կնքահայրը Վաշինգտոնն է, միեւնույնն է, Լեւոն Տեր-Պետրոսյանը ծանր պարտություն է կրել, նրա հետ եւ նրանք, ովքեր կանգնեցին ՀԱԿ առաջնորդի կողքին եւ շտապեցին «երկխոսել», հույս ունենալով, որ այդ «երկխոսության» արդյունքում իրենք պատգամավոր կդառնան: Նման ձգտում ունեցողներին բացարձակ չի հետաքրքրում, որ այդ «երկխոսության» արդյունքում Հայաստանը կարող է ծանր կորուստներ կրել: Նրանց բոլորովին այլ բան է հետաքրքրում:

Ավելացնենք, որ կոնգրեսականները վերջին օրերին ինքնադրսեւորվելու հրաշալի հնարավորություն ստացան: Հասկանալի պատճառներով այժմ նրանք նույնիսկ չեն կարողանում լիաթոք քննադատել անգամ Տիգրան Սարգսյանին եւ գրեթե պարապուրդի էին մատնվել, սպասելով Սերժ Սարգսյանի պատասխանին: Իրավիճակը փոխվեց, երբ դաշնակցական Վահան Հովհաննիսյանը մի քանի թույլիկ հայտարարություններ արեց, փորձելով իր վերաբերմունքը հայտնել Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Հիմա կոնգրեսականները` մեծից փոքր լծվել են դաշնակցականներին եւ Վահան Հովհաննիսյանին սուր քննադատելով: Այդպես երևի ավելի ապահով է։

Հենց այս պատկերն էլ մեկ անգամ եւս հուշում է, որ օդի եւ ջրի նման անհրաժեշտություն է որակապես նոր քաղաքական ուժի ի հայտ գալը: Առանց այդ ուժի մենք գնալով ավելի ծանր եւ վատ իրավիճակում կհայտնվենք եւ ամենացավալին այն կլինի, որ կսովորենք ճահճի հոտին եւ չենք էլ նկատի, թե ինչպես ենք թունավորվում եւ ավելի խրվում ճահճի մեջ: Բարեբախտաբար, այսօր նոր քաղաքական ուժի ձեւավորման համար բավական նպաստավոր իրավիճակ է եւ ամեն ինչ գնում է նրան, որ առողջ ուժերը, զբաղեցնելով քաղաքական դաշտը, այնտեղից դուրս կմղեն այն ուժերին, որոնց համար մարդը որեւէ արժեք չի ներկայացնում, իսկ Հայաստանն էլ խոպան է փող աշխատելու համար:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը