Կարծիք

16.04.2009 21:22


Հայկական «լեգենդի» արմատները

Հայկական «լեգենդի» արմատները

(Մաս 3)

 Որո՞նք են մեր  ժողովրդի պետական մտածողության թույլ զարգացման պատմական պատճառները

 Դեռ 11-14-րդ դարերի բուռն ու փոթորկալից իրադարձությունները Հայաստանում իրենց խորը, անջնջելի կնիքը թողեցին հայերի վրա: Մեկը մյուսին հետևող քաղաքական ցնցումները, Բագրատունյաց և Կիլիկիայի հայկական թագավորությունների կորուստները, քոչվորական ցեղերի ավերիչ արշավանքներն ու երկարատև տիրապետությունը, հայ ժողովրդի հարկադրված զանգվածային արտաքաղթը և օտար ցեղերի վերաբնակեցումը Հայաստանում՝ մեծ ազդեցություն թողեցին հայերի ինքնագիտակցության վրա:

Այդ պայմաններում ազգային ազատագրական միտքը հիմնականում եփվում էր ոչ թե աշխարհիկ իշխանական տոհմերի, այլ հայ հոգևորականների շրջանում: Բացատրությունը շատ պարզ էր. մեր ազնվատոհմերի շերտը մեծ մասամբ այդ ժամանակաշրջանում արդեն բացակայում էր, քանզի օտար նվաճողների առաջին խնդիրը հենց մեր ազնվատոհմերի քայքայումն էր համարվում: Օրինակ՝ արաբական տիրապետության ընթացքում միայն արաբ զորավար Կասըմին 705 թ.-ին  խաբեությամբ իր մոտ հրավիրեց 1200 հայ ազնվատոհմիկների, փակեց նրանց Նախճավանի և Խրամի եկեղեցիներում, ապա բոլորին ողջակիզեց: Այդ ոճրագործությամբ արաբները ծանր հարված հասցրին հայոց ռազմաքաղաքական ուժերին: Պատմագիր Ղևոնդի խոսքերով' երկիրը թափուր մնաց նախարարների տոհմից:  Իսկ դա մեր ռազմաքաղաքական վերնախավի ոչնչացման գործընթացի քայլերից մեկն էր:  

Ցավոք, մեր պատմության մեջ եղել են նաև պարզ պետական դավաճանության դեպքեր. մասնավորապես՝ Հովհաննես-Սմբատ թագավորի և Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի արարքներին այլ բնորոշում չի կարելի տալ:  Վերջինս Բյուզանդիայի կայսր Վասիլ 2-ի հետ կնքեց մի համաձայնագիր-կտակ, որով Հովհաննես-Սմբատի մահից հետո, նրա տիրույթները' Անի մայրաքաղաքով հանդերձ, անցնելու էին Բյուզանդիային; Փաստացի, կաթողիկոսը մեր պետականությունը ուղղակիորեն վաճառեց Բյուզանդիային։ Եվ իզուր չէր, որ հայ պատմիչ Արիստակես Լաստիվերցին Պետրոս Գետադարձի արարքը համարում էր ավելի զազրելի, քան հուդայի դավաճանությունը:   

Հետագայում արդեն հայ հոգևոր միջավայրը մեր բոլոր ողբերգությունները  փորձում էր բացատրել հայերի գործած և չգործած զանազան ու բազում մեղքերով, աստվածային բարկությամբ: Եկեղեցու տեսակետով, քոչվոր ցեղերի արշավանքներն ու տիրապետությունը Հայաստանում, հայերի ցրվելն աշխարհով մեկ՝ հետևանք էր երկնային պատժի, քանզի յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր ժողովուրդ պետք է պատասխան տար իր արարքների համար: Ահա նմանատիպ եկեղեցական միջավայրում է, որ ծնվում է ազատագրական մտքի յուրօրինակ լեգենդը:  Այդ ազատագրական լեգենդի առաջին դրսևորումները վերագրվում են դեռ 4- րդ դարում գործող Ներսես Մեծ կաթողիկոսին (Ներսես Ա Պարթևին), որն, իբր, մահվան մահճում գուշակել էր ոչ միայն հայկական պետականության կործանումը, այլև Հայաստանում օտար ամենադաժան տիրապետությունների հաստատումը և հայերի աշխարհով մեկ ցրվելը: Տեսիլի համաձայն՝ Հայաստանը կարող էր ազատագրվել միայն երկար տարիներ անց, սակայն, սեփական ուժերով, առանց արտաքին քրիստոնյա հզոր պետության՝ դա հնարավոր չէր:

Այսպիսով, «մեղավոր» ժողովուրդ լինելու մտածողությունը, բնականաբար, իր հերթին ծնում էր սեփական ուժերի նկատմամբ անվստահության բարդույթ: Այստեղից էլ ծագում էր, ինչպես հուշում էր հնամենի լեգենդը, աստվածային կամեցողությամբ որևէ արտաքին քրիստոնյա հզոր ազգի օգնությամբ ազատագրվելու համոզումը: Հոգևոր-եկեղեցական միջավայրում առաջացած այս ազատագրական լեգենդը՝ իր հետագա դերը կատարեց հայերի համայնքային մտածողության վրա: Այսպիսով, մի քանի հարյուր տարի հայերը ապրում էին հետևյալ արժեհամակարգով.

  • պետք է հնազանդ ապրել օտար մահմեդական տիրապետությունների տակ, մինչև որ Աստված կամենա' մի հզոր քրիստոնյա երկիր գա և ազատագրի Հայաստանը,
  • մինչ հեռավոր ազատագրումը, պետք է հնազանդվել օտարի իշխանությանը և ապրել հանուն սեփական ընտանիքի և երեխաների լավ ապագայի,
  • հայ մարդու գլխավոր խնդիրը հայ մնալն է, իսկ իր գլխավոր սոցիալական նպատակը՝ հանուն իր ընտանիքի ամեն ինչ անելը:   

Այսպիսով, համայնքային կյանքով ապրող հայ մարդու գլխավոր նպատակը հայ մնալն էր և իր ընտանիքի բարգավաճումը: Հայ մարդու համար բոլոր հասարակական հարաբերությունները ածանցյալ բնույթ էին կրում: Պետությունը, օրենքները՝ դրանք կապ չունեին հայ մարդու միկրոաշխարհի հետ: Հայ մարդը շփվում էր օտար պետության հետ իր եկեղեցու միջոցով, իսկ եկեղեցին համարվում էր իր համայնքի պաշտպանը, որը համայնքի համեստ խնդրանքն էր փոխանցում սուլթանին կամ շահին: Այսպիսով, հայերը ապրում էին «Փոքր Մհերի  սինդրոմով»' սպասելով, թե ե՞րբ պետք է եկեղեցին, «տեր գտնի» քրիստոնեա աշխարհում՝ հայ ժողովրդին ազատագրելու համար:  

Սկզբում այդ փրկիչները Խաչակիրներն էին համարվում, հետո ազատագրական առաքելությունը դրվում էր Բյուզանդիայի վրա, հետո Հռոմի Պապի հերթը եկավ (երբ օգտագործվում էր այսպես կոչված  «դաշանց թղթի» գաղափարը): Հետո փրկիչներ դարձան ֆրանսիացիները, հետո' Վենետիկը, հետո' Բուրբոններն ու Հաբսբուրգները։ Չշրջանցեցինք նույնիսկ գերմանացիներին, իսկ վերջում եկավ Ռուսաստանի հերթը: Այս շարքում կարող ենք նշել նաև Վրաց թագավորներին և նույնիսկ կարա-կոյանլու թուրքմենական ցեղի տիրակալ Ջհանշահին:          

Եթե մինչև 17-րդ դար հայ ժողովրդին «տեր էր ման գալիս» եկեղեցին' իր բազմազթիվ «գաղտնի խորհրդաժողովներով», ապա 17-ից սկսած, այդ առաքելությունը իրենց վրա վերցրին առանձին «լուսավորչական» գործիչներ' Իսրայել Օրին, Հովսեփ Էմինը և այլն:

Պետք է նշել մի յուրահատկություն ևս: Արևմտահայերի և արևելահայերի մտածողությունները որոշ չափով տարբերվում էին: Բանն այն է, որ Արևմտյան Հայաստանում մեր իշխանական տոհմերի ոչնչացումը ավելի ամբողջական տեսք ուներ, քան արևելահայերի մոտ: Օրինակ, Արցախի ու Սյունիքի հայերը իրենց մեջ որոշակի մակարդակով պահպանել էին պետական մտածողության տարրերը, ի շնորհիվ այն բանի, որ պահպանվել էին ազնվատոհմ իշխանական ընտանիքների շառավիղները' մելիքները: Եվ իզուր չէր, որ հենց այս միջավայրում առաջացան Եսայի Հասան-Ջալալյան և Դավիթ Բեկ: Մինչդեռ Արևմտյան Հայաստանում իրավիճակը բոլորովին այլ էր: Օրինակ, երբ Հովսեփ Էմինը փորձում է ծանոթանալ արևմտահայերի վիճակի հետ, փորձում է լուսավորչական աշխատանքներ տանել այստեղ, ապա չի հանդիպում որևէ մեկին, ով համակրեր իր ծրագրերին: Նա չգտավ այն ուժը, որը կարող էր բարձրանալ պայքարի:      

Երվանդ Բոզոյան

քաղաքագետ

Հ.Գ.։Ամերիկյան փիլիսոփա Ջորջ Սանտայանան նշում էր, որ այն ժողովուրդը, որ չի վերլուծում իր անցյալի սխալները, դատապարտված է կրկնելու նույն սխալները:

Այս թեզի ճշմարտությունը ակնհայտ է, քանզի առանց մեր պատմական զարգացման տրամաբանությունը հասկանալու՝ չենք կարող նշմարել մեր ապագայի ուղիները:  

շարունակելի

Տես նաև

Ինչպե՞ս կառուցել ժամանակակից պետություն

Հայկական մտածողություն. բա՞ց, թե՞ փակ համակարգ

Այս խորագրի վերջին նյութերը