Կարծիք

20.06.2011 11:30


Պետրոս Գետադարձից մինչև բոլշևիզմ և Լևոն Տեր-Պետրոսյան. ինչպես է երկիր վաճառելու քաղաքականությունը ժառանգաբար փոխանցվել (մաս 2–րդ)

Պետրոս Գետադարձից մինչև բոլշևիզմ և Լևոն Տեր-Պետրոսյան. ինչպես է երկիր վաճառելու քաղաքականությունը ժառանգաբար փոխանցվել (մաս 2–րդ)

2. Հայ բոլշևիկներ

Առաջին հանրապետության երրորդ տարում, 1920թ. հայ բոլշևիկները սկսեցին կազմաքանդել հայկական պաշտպանությունը ագիտացիա տանելով, թե թուրքերն ու ադրբեջանցիները իրենց եղբայրներն են և թշնամին Հայաստանի բուրժուական իշխանությունը: Նրանք հիմնական աջակցությունը ստանում էին արդեն Սովետական Ադրբեջանից:

Բոլշևիկների ագիտացիայի պատճառով մի քանի անգամ քեմալական բանակը գերազանցող հայկական ուժերը չկռվեցին ու հանձնեցին Կարս բերդաքաղաքը:

1920թ. սեպտեմբերին երբ թուրքերը նոր սկում էին հարձակումը հայ բոլշևիկները իրենց շարքերին հետևյալ հրահանգն են տալիս.

Հույժ գաղտնի

Հայաստանի կոմունիստների(բոլշևիկների) Կենտրոնական կոմիտեն հրահանգում է կուսակցական բոլոր կազմակերպություններին, թե թիկունքում թե ռազմական գոտիներում և հատկապես Կարսի գարնիզոնը մեկնող բոլշևիկներին, անհատ զինվորների շրջանում և առանձին հավաքույթներում, եթե այդ հնարավոր է, ինչպես նաև գրավոր թռուցիկների միջոցով ծավալել լայն պրոպագանդա ընդդեմ պատերազմի, հիմնական խնդիր դարձնելով`

Առաջին,որ ներկա Թուրքիան այլևս նախկին սուլթանական Թուրքիան չէ և Հայաստանի հանդեպ ագրեսիվ նպատակներ չունի:

Երկրորդ , Քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի դաշնակից է և պայքարում է իր ազգային ազատության համար ընդդեմ իմպերիալիստական պետությունների` Անգլիայի, Ֆրանսիայի, Հունաստանի:

ԵրրորդՀանրապետական Հայաստանի հաղթանակը Թուրքիայի վրա այդ կնշանակի իմպերիալիզմի ուժեղացումը Մերձավոր Արևելքում և դրանով իսկ կվտանգի Հեղափոխության հաղթանակն Անդրկովկասում, իսկ ընդհակառակը, Հանրապետական Հայաստանի պարտությամբ կարագացվի ողջ Անդրկովկասի, ապա նաև Արևելքի խորհրդայնացումը:

ՉորրորդՀայ բոլշևիկ-կոմունիստների խնդիրը պետք է լինի` արագացնել Հանրապետական Հայաստանի պարտությունը, որով և կարագցվի Հայաստանի խորհրդայնացումը:

Այս նպատակի համար պետք է.

1. Կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով, այն է

ա. Կազմակերպել դասալքություն և ամեն կերպ խանգարել զորահավաքին

բ. Ռազմաճակատում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինվորների վրա, այլ, լքելով դիրքերը, վերադառնան թիկունք:

գ. Չենթարկվել սպաների հրամաններին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց:

2. Այս ամենի հետ ամենաէականն է հասկացնել Հանրապետական Հայաստանի զինվորներին, որ հաղթող թուրքական ասկյարը հեղափոխական ասկյար է, որը ոչ միայն իրեն թույլ չի տա որևէ բռնի գործողություն պարտված երկրի վերաբերյալ, չի վնասի ազգաբնակչությանը, այլև կօժանդակի աշխատավոր հայ ժողովրդին ազատվելու իմպերիալիստական գործակալ դաշնակցականների տիրապետությունից:

3. Նորից ու նորից բացատրել, որ դաշնակցականների տիրապետությունից ազատվելով, Հայաստանն անմիջապես կկապվի Խորհրդային Ռուսաստանի հետ, ընդմիշտ վերջջ կտրվի պատերազմին և սովի ու մշտական ընդհարումներից քայքայված երկիրը կլիանա Ռուսաստանի հացով և մասնակիցը կդառնա Համաշխարհային հեղափոխության մեծ գործին:

Գրությունը կարդալ սահմանփակ ժողովում և կարդալուց հետո անմիջապես այրել:

Հայաստանի կոմունսիտական բոլշևիկների կուսակցության կոմիտեի անդամներ Սարգիս Կասյան, Ասքանազ Մռավյան, Ավիս Նուրիջանյան, Շավարշ Ամիրխանյան, Դովլաթյան, Աշոտ Հովհաննիսյան:

Բաքու1920թ. սեպտեմբերի 20(Հայաստանի ազգային արխիվ, ֆ 1022),

Այս հանձնարարության կատարումը որպես նվիրական գործ ներկայացված է հայ ժողովրդի սիրելի ֆիլմում` «Նվագախմբի տղաներում», որ մինչև այժմ էլ չի իջնում հայկական հեռուստատեսությունների էկրաններից, իսկ հրահանգը գրողներից մեկի` Կասյանի անունով փողոցը ամենաբանուկներից է:

Եվս մի մեջբերում Ալեքսանդրապոլի բոլշևիկների կոմիտեի տարածած թռուցիկ-կոչից, երբ արդեն քեմալկան բանակը հասնում էր Ալեքսանդրապոլ.

Եկողները ոչ թե թալանչի ավազակներ են, այլ հայ գյուղացիների, զինվորների և բանվորների ընկեր թուրք աշխատավորներն են: Նրանք գալիս են ոչ թե ձեզ կոտորելու, այլ թալանչի դաշնակների ձեռքից ազատելու(տպագրվել է «ճակատամարտ» թերթի 1920թ. դեկտեմբերի 20ի համարում` «Ինչպես խաբեցին հայկական զորքը» նյութի մեջ):

Հենց այս ագիտացիայի զոհ դարձավ Հայաստանը, բանակը չկռվեց, երեք գեներալ, և մի ամբողջ գունդ` մոտ չորս հազար հոգի գերի ընկան և գնդապետ Մազմանովը անհուսությունից ինքնասպան եղավ: Այդ կապակցությամբ ժողովրդական երգ ստեղծվեց.

Կարաբաքիր փաշեն գրեց հրաման

Ղարսը դատարկեցեք մինչև Արդահան

Ղարսը դատարկեցեք մինչև Արդահան

Հայերն ինչ մարդիկ են, որ դառնան իշխան

Մազմանովը գրեց Քերզնբեկ փաշին

Օլթին կդատարկես մինչև ի ճաշին

Օլթին կդատարկես մինչև ի ճաշին

Եթե ոչ կջնջեմ մինչև Օմբաշին

Մազմանովը ըզգաց Ղարսի վտանգը

Կողքից քաշեց հանեց ատրճանակը

Կողքից քաշեց հանեց ատրճանակը

Եվ այսպես վերջ տվեց յուր ջահել հասակը

Մազմանովի դիակը բերին ըստանցին

Ախ անիծյալ հայերը թողին գնացին

Ախ հայեր հայեր ողջդ կոտորվեք

Մազմանովի դիակը գերի չթողնեք

Մազմանովի դիակը թուրքին չթողեք

Հայաստանի խորհդայնացումից հետո էլ հայ բոլշևիկները պատրաստ էին հայ ժողովրդին զոհել հանուն համաշխարհային հեղափոխության: Ահա ինչ են ասում Ասքանազ Մռավյանը և Գևորգ Աթարբեկյանը Հայկական ՍՍՀ արտասահմանյան գործերի կոմիսար Ալեքսանդր Բեկզադյանին. «Մենք ժամանակավոր ստիպված ենք զոհել հայ աշխատավորների շահերը հանուն համաշխարհային հեղափոխության շահերի: Հիշեք ընկերներ, մենք չենք պատրաստվում պատերազմել Հայաստանի համար ում հետ էլ լինի, հատկապես Քեմալի»(Геноцид армяан, ответственность Турции и обязательство мир. сообщества, Москва,2003):

Այս նույն մտայնությունը դեռ իշխում էր, երբ 1921թ. Կավբյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը տվեցին Ադրբեջանին: 1921թ. Հուլիսի 4-ին Կավբյուրոն որոշում է ընդունում Լեռնային Ղարաբաղը թողնել Հայաստանին, սակայն մեկ օր անց Ադրբեջանի ճնշմամբ`հուլիսի 5-ին Նազարեթյանը և Օրջոնեկիձեն հայց են հարուցում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պլենումի նախորդ որոշումը վերանայելու վերաբերյալ, և նոր նիստում որոշվում է «Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի ՍԽՀ-ի սահմաններում»:

Իհարկե, Հայաստանի կառավարությունը բողոքեց այդ որոշման դեմ, բայց ինչպես գրում է պատմաբան Վլադիմիր Ղազախեցյանը. «Չնայած բողոքին, այնուամենայնիվ պետք է նշել, որ Հայաստանի ղեկավարությունը, ինչպես հարկն է, և պետք է, տվյալ պահին չպայքարեց Լեռնային Ղարաբաղի համար, ինչպես դա արեց հարևան պետությունը»:

Իսկ չորս ամիս անց` հոկտեմբերի 13-ին հայ բոլշևիկները կնքում են թուքերի հետ Կարսի պայմանագիրը, որով Ադրբեջանին են հանձնում Նախիջևանը և ևս մեկ անգամ համաշխարհային հեղափոխությանը զոհում հայ ժողովրդի շահերը:

Հայ բոլշևիկներին չէր հետաքրքում ազգային շահը, նրանք համոզված էին, որ համաշխարհային հեղափոխությունը հես ա կլինի ու սահմանները կվերանան:

Ի՞նչն է պատճառը, որ և քանակով և ազդեցությամբ ամենաշատ բոլշևիկներ տված երկիրը ամենաշատը կորցրեց սովետական կարգերից:

Կարելի՞ է ենթադրել, որ ազգային շահերն անտեսելը հանուն համաշխարհային հեղափոխության, ազգային շահը բուրժուական նացիոնալիզմ որակելը բնորոշ էին ընդհանրապես բոլշևիկներին: Ոչ: Իրականում նույն դասակարգային պայքարի գաղափարներով առաջնորդվող ադրբեջանցի ու վրացի բոլշևիկները իրենց ազգային շահերն էին հետապնդում ու արդյունքում սովետականացումից հետո ավելի ընդարձակ երկրներ ստանում, ավելին, Հայաստանը հանուն դասակարգային պայքարի զիջում էր հայաբնակ տարածքներ, իսկ Ադրբեջանը և Վրաստանը այդ հայաբնակ տարածքները յուրացնում կրկին նույն դասակարգային պայքարի անունից:

Այսպիսով, հստակ երևում է տարբեր ազգերի բոլշևիկների տարբերությունը. հայ բոլշևիկները իրենց քաղաքականությամբ շատ ավելի մոտ էին հայ եկեղեցուն, քան կուսակից ադրբեջանցիներին ու վրացիներին: Բայց այդ մոտիկությունը չխանգարաեց հայ բոլշևիկներին Գրիգոր Մագիստրոսի պես «այլադավան» հայրենակիցներին ոչնչացնել` քանդել եկեղեցիները, խեղդել կաթողիկոսին, կացնահարել առաջին հանրապետության ղեկավարներին, աքսորել հայ սպաներին, գնդակահարել մտավորականներին:

3. Լևոնական ՀՀՇ

Թվում էր թե դասակարգային պայքարի խայծը մի անգամ կուլ տված ու այդ պայքարին երկիր զոհաբերած ժողովրդի մեջ այլևս նման աֆյոռա անցկացնելը անհնար կլինի:

Բայց` ոչ, անցյալ տարի Հայ ազգային կոնգրեսի փոքր խորհրդի նիստում արվեստաբան Վարդան Ազատյանը կրկին առաջարկում է դասակարգային պայքարով Անդրկովկասյան տուն ստեղծելու գաղափարը.

«Հարկ է գիտակցել, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ապրող աբխազ, ադրբեջանցի, աջարացի, ասորի, գնչու, եզդի, հայ, մալական, վրացի, քուրդ (կին և տղամարդ) աշխատողների, ծառայողների, գյուղացիների, ուսանողների միացյալ դաշինքն հնարավոր կդարձնի իրական հարավկովկասյան միությունը»:

Ու նոր բառերով երգում է ժանգոտած «Ելիր ում կյանքը անիծյալ է»` թվարկելով նրանց, ովքեր պիտի անկախ ազգությունից միանան ու ղեկավարեն նոր Կովկասը. «Տարածաշրջանի գործարաններում աշխատող չվճարված բանվորները, տաքսու և միկրոավտոբուսների շահագործված վարորդները, անընդհատ բռնության զոհ դարձող մարմնավաճառները, սուպերմարկետներում աշխատող անքուն ծառայողները, խմորեղենի ցեխում կեղեքվող կանայք, ուսման վարձը վճարելու համար գիշերային ակումբներում ու բարերում աշխատող ուսանողները, իրենց գյուղերում բատրակ դարձած գյուղացիները, միանգամից երեք տեղ աշխատող դասախոսները, բանակում անմարդկային վերաբերմունքի արժանացած զինվորները, խոպանի ճանապարհները բռնած գյուղացիները ու տանը երեխաների հետ մնացած նրանց կանայք»(տես` այստեղ):

Աղքատության վրա մտավոր մակաբույծները տնտեսությունը զարգացնելուն և աշխատավորների վիճակը բարելավելուն ուղղված տնտեսական ու սոցիալական իրատեսական ծրագրեր մշակելու անկարողությունը փոխարինում են ժամկետանց կոմունիստական նաղլներ պատմելով, միայն նրա համար, որ պահեն իրենց մտավորական դիրքը, հաշիվ չտալով, որ հանուն այդ դիրքի թմրեցնեում են ադրբեջանական սպառնալիքը` դահճին ներկայացնելով դասակարգային եղբայր:

Այլ կերպ ասած, Ազատյանը վերակենդանացնելով խոտան դարձած բոլշևիզմի դասակարգային եղբայրության գաղափարները միայն կարող է բթացնել ազգային զգացումները ու երկիրը ավելի խոցելի դարձնել` պրոպագանդելով, թե ադրբեջանցի դիպուկահարը քո եղբայրն է, իսկ թշնամին` աշխատավարձը ուշացնող գործարանատերը: Ի վերջո այս քարոզչությունը աշխատավորին կոպեկի օգուտ չի տալիս, փոխարենը` երկրին ու մարդկանց կյանքին սպառնալիք կարող է դառնալ. հայ շահագործվող բանվորներին ու գյուղացիներին արխայանացնելով, թե թշնամիները Երևանում են և ոչ թե Բաքվում, նրանց ադրբեջանցի շահագործվող բանվորների ու գյուղացիների գյուլլի բերան դարձնում ու կրկին զոհում Ղարաբաղը, ինչպես դա եղել է արդեն մի անգամ 90 տարի առաջ:

Պատահական չի, որ Ազատյանը իր ելույթներում հաճախ փառաբանում է բոլշևիկ պատմաբան Աշոտ Հովհաննիսյանին, ում ստորագրությունն է դրված բանակը կազմաքանդելու բոլշևիկների վերը մեջբերված հրահանգի տակ(lragir.am-ում արվեստաբան Անժելա Հարությունյանը գրում է.«Բացառությամբ Վարդան Ազատյանի՝ չի վերանայվում, օրինակ, այնպիսի մեկի գործունեությունը, ինչպիսին էր Աշոտ Հովհաննիսյանը»):

Ազատյանի համախոհ, ՀԱԿ-ի ակտիվիստ նկարիչ Արթուր Պետրոսյանը ավելի բաց է ու լրացնում է նրան, ֆեյսբուքում գրելով. «Եթե կօգնի ՀՀ Հախագահին, ՊՆ նախարարին, ՆԳ_ի նախարարին մահապատժի ենթարկել հենց էսօրվանից պետք ա միանալ ադրբեջանական բանակին։ Ներքին թշնամին ավելի վտանգավոր ա քան արտաքինը դրա համար ոչ մի հանցագործություն չկա եթե համագործակցես արտաքին թշնամու հետ ընդդեմ ներքին թշնամու»։

Արթուր Պետրոսյանն ու Ազատյանն էլ օդից չընկան, նրանց ստեղծեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը` ով ադրբեջանցիներին քիրվա է համարում, իսկ տեղի իշխանություններին մոնղոլ-թաթար:

Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին վերադարձավ Ղարաբաղը հանձնելու ծրագրով, իր վերադարձի հենց առաջին ելույթում 2007-ի սեպտեմբերի 21-ին Մարիոտ հյուրանոցում նա խոստանում էր բացել սահմանները.« ՀՀ-ի ամենամեծ ռեսուրսը նրա բացվածությունն է աշխարհի առջեւ, եթե մեր սահմանները բացվեն դեպի Թուրքիա, դեպի Ադրբեջան, դեպի Իրան: Չխաբվենք, մենք Իրանի հետ ճանապարհ չունենք: Մեղրին ճանապարհ չէ տնտեսական զարգացման համար: Ճանապարհը Ջուլֆայի երկաթգիծն է: Եթե այսպես փակված մնանք, մենք կվերածվենք բնատնտեսության, որի վախճանը շատ ավելի աղետալի կարող է լինել»(այս նույն մտքերը նա հաճախ է ասել, նաև իր 97թ. նոյեմբերի մեկի «Պատերազմ թե խաղաղություն» հոդվածում: Նաև 1998թ. հունվարի 8-ի անվտանգության խորհրդի նիստում իր ելույթում մեջբերելով ու հակադարձելով հետևյալ պնդումներին. «Մեզ համար անընդունելի է մնալ Ադրբեջանի կազմում»(Լեոնարդ Պետրոսյան), «Շրջափակումները չեն ազդում Հայաստանի տնտեսական զարգացման վրա: Ամեն ինչ կախված է կառավարման աշխատանքի ճիշտ կազմակերպումից»(Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան), Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայցնում է 94-97թթ. տնտեսական զարգամցան տեմպերը(միայն վերջին երկու տարին ներկայացնեմ` ՀՆԱ-ի աճը 96թ. 5,8 տոկոս, 97թ. 3 տոկոս) և «գուժում». «Աղյուսակից պարզորոշ երևում է, որ թեև գրեթե բոլոր ցուցանիշների գծով աճը դեռևս շարունակվում է, բայց արդեն առկա է նրա տեմպերի դադարեցման միտում: Եվ ամբողջ դժբախտությունն այն է, որ այս պրոցեսը ոչ միայն շարունակվելու է, այլև մեկ-երկու տարուց մեր տնտեսոության մեջ դրսևորվելու են անկման միտումներ», սակայն պատմությունը ցույց տվեց, որ նա չարաչար սխալվել է, հենց մեկ-երկու տարուց հետո երկիրը սկսեց արագ զարգանալ` այդ փակ սահմաններով և պարզ երևաց, որ զարգացման խոչընդոտը ոչ թե Ղարաբաղն է, այլ ինքը և այժմ էլ տնտեսության անկմանը հետևելով հստակ երևում է, որ զարգացման խոչընդոտները բոլորովին այլ տեղ են: Իր սխալ կանխատեսումների համար պատասխան չտալով և տասնամյակի փորձը անտեսելով կրկին սպառնում է , թե Ղարաբաղը չտալու դեպքում աղետ կլինի):

Իհարկե, թե ինչպես պետք է Ջուլֆայի երկաթգիծը բացեր, նա ուղղակի չէր ասում, բայց բոլորին հասկանալի էր նրա ենթատեքստը, որ դա կլինի Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելով: Այդ մասին նա բացահայտ ասել էր դեռ 1992թ. «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում. ««Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը»: Իսկ երբ 1997-98-ին նա դա փորձեց իրականացնել` Ղարաբաղը փուլային տարբերակով Ադրբեջանին հանձել, նրան գահընկեց արեցին, ու պարզվեց 92-ին «սխալվել էր», «Ղարաբաղին դա չէր բավարարում» և այս տարի BBC-ին տված հարցազրույցում ասաց.«1997թ.–ին կար հնարավորություն լուծելու հիմնահարցը։ Այսինքն, ինչ–որ տարածքներ փոխանցել Ադրբեջանին, հաշտություն հաստատել և այլն, ձևավորել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, այնուհետև լուծել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը… Ղարաբաղցիները դա քիչ էին համարում, մաքսիմալիստական մոտեցում ունեին: Մտածում էին կարելի է ավելի սեղմել և ավելին ստանալ :Ոչ միայն ղարաբաղցիները, այլև իմ թիմում կային մարդիկ, որ համոզված էին, թե այդպես է»(իրականում այդ փուլային տարբերակում Ղարաբաղի միջնակյալ ստատուսի հարցն էլ չկա):

Ղարաբաղը հանձնելը նրա համար դարձել է մոլուցք և անցյալ տարի ՀՀՇ-ի համագումարում արդեն Էրդողանի մատը բռնած երկրի վրա է թափ տալիս.«Այլեւս ոչ ոք չի կասկածում, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվելու մինչեւ չավարտվի Ղարաբաղյան կարգավորման գործընթացը կամ այդ գործընթացում զգալի առաջընթաց չարձանագրվի։ Որքան պիտի Թուրքիայի ղեկավարները կրկնեն այս բանը, որպեսզի բոլորը վերջապես հասկանան իրականությունը»։ Ու նույն ելույթում նաև Ալիևի մատը բռնած սպառնում է պատերազմում պարտվել:

Իսկ վերջին հանրահավաքում մայիսի 31-ին նա կրկին Ղարաբաղը հանձնելու մասին խոսեց, հայտարարելով, թե հնարավոր չի այլևս ստատուս քվոն պահել(այս պահին ստատուս քվոյի այլընտրանքը Ադրբեջանի պահանջները բավարարելն է): Անընդհատ շեշտելով, որ ստատուս քվոն չի պահպանվելու, կարծես ինքն ու իր շրջապատը սպասում են, թե երբ իշխանությունները Ղարաբաղը կհանձնեն, որ դրա արդյունքում իրենք գան իշխանության, կամ էլ, ինչպես Արթուր Պետրոսյանն է ասում` Ադրբեջանը հարձակվի Հայաստանը պարտվի ու իշխանությունները տապալվեն ու իրենք իշխանության գան, ինչպես եղավ 1920թ.:

Ղարաբաղը հանձնելով սահմանները բացելու ծրագիրն էլ 2008-ին նրա շուրջը համախմբեց այն հայ բուրժուազիային, որը ապրանքաշրջանառությունը լայնացնելու նոր ճանապարհներ է փնտրում ու հանուն եկամուտների բազմապատկման պատրաստ է սահմանը բացելու դիմաց երկրի մի մասը ծախել Ադրբեջանի ու Թուրքիայի: Հիմնականում այդ բուրժուազիայի ֆինասավորմամբ էլ Լևոնը մասնակցեց ընտրություններին ու լևոնական PR-ը նրա շուրջը հավաքեց տասնյակ հազարներ: Ահա և Պետրոս Գետադարձի նույն վարքը դրսևորվեց հայ բուրժուազիայի որոշ շրջանակներում` երկիրը ծախել սեփական շահի համար:

Ու նաև ինչպես Պետրոս Գետադարձին հրաշագործ դարձրեցին` թե գետը հետ է հոսեցրել, այնպես էլ Լևոնին սրբացրեցին ու նրան հրաշք վերագրեցին, թե նա է Հայաստանի հանրապետությունը հիմնադրել:

Ինչպես Եկեղեցու ու բոլշևիկների բարեկամները նրանք են, ովքեր Հայաստանը ուզում են գրավել(Բյուզանդիա, Թուրքիա, Պարսկաստան, Ռուսաստան), իսկ թշնամիները` հայրենակիցները, այնպես էլ Լևոնի ելույթներում հստակ զգացվում է, որ նա բարեկամական զգացումներ ունի Էրդողանի ու Ալիևի նկատմամբ, ադրբեջանցիներին քիրվա է ընդունում, իսկ իր քաղաքականությունը չընդունող հայրենակիցներին ատում է, անվանելով` տականքներ: Իհարկե, լևոնականների թշնամիների ստվար մասը ղարաբաղցիներն են, ում Լևոնի զինակից Մակեյանը անվանեց ենիչերիներ: Թշնամի են, քանի որ մի կողմից թույլ չեն տալիսս երկիրը հանձնել, մյուս կողմից էլ, որ իրենք կրկին իշխանության գան:

Այսպիսով, Լևոն Տեր-Պետրոսյանը և Վարդան Ազատյանը հանդես են գալիս հակամարտող դասակարգերի անունից`մեկը բուրժուազիայի, մյուսը աշխատավորության, բայց նույն քիրվայական քաղաքականությունն են տանում` ազգային շահերը, երկիրը զոհում հանուն դասակարգի: Տարբերությունը միայն այն է որ զոհում են հանուն տարբեր դասակարգերի, բայց դրանից նրանց վարքագծի էությունը չի փոխվում` երկուսն էլ զոհում են (ինչպես Լևոնը 1991թ. հայտարարեց` «ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է», այնպես էլ Ազատյանը անցյալ տարի ՀԱԿ-ում հայտարարեց «ժողովրդավարական ազգային պետությունը սնանկ է»): Եվ պատահական չի, որ Ազատյանը իր «բոլշևիկյան» ելույթը ունենում է հենց «բուրժուազիայի» անունից հանդես եկող ՀԱԿ-ում. նեոբոլշևիզմը հենց ՀԱԿ-ի գրասենյակում իր տեղը կարող է գտնել ու դրական արձագանքներ ստանալ, քանի որ, կրկնեմ, նրանք հակասություններ չունեն:

Ուրեմն, հայ քաղաքականության մեջ հակամարտության սահմանագծերը անցնում են ոչ թե դասակարգերի, այլ երկիր հանձնողների ու չհանձնողների մեջ, և սահմանի մի կողմում են հենց լևոնականներն ու բոլշևիկները:

1988թ. Լևոնը մտավ երկիր չհանձնողների` Ղարաբաղյան շարժման մեջ, վերակառուցման շրջանում հրապարակում միլիոնանոց ցույցերը նրան հուշեցին լավ կարիերա անելու շանսերը, որի համար պետք էր միայն երրորդ ուժից` Մոսկվայից պահանջել Ղարաբաղը ու Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու համար կարգախոս հռչակեց` «պայքար պայքար մինչև վերջ»-ը: Այդպես շարժումը տրամպլին դարձնելով` ընտրվեց երկրի նախագահ, բայց հենց Սովետը փլվեց ու երբ պարզվեց որ Ղարաբաղի հարցը պետք է ինքնուրույն լուծել, էլ հնարավոր չի երրորդ ուժից` Մոսկվայից խնդրել, նախագահ դառնալուց մի քանի ամիս անց սկսեց խոսել Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու մասին: Սակայն նա այդ ժամանակ չէր կարող իրականացնել գետադարձյան գաղափարը, քանի որ ղարաբաղյան շարժման ուժի իներցիան շատ ավելի հզոր էր: Շատերը խնդիր են առաջադրում` եթե Լևոնը համոզված էր, թե Ղարաբաղը հնարավոր չի պահել, ապա պատավոր էր հրաժարական տալ, քանի որ Ղարաբաղի միացման գաղափարով էր եկել իշխանության: Սակայն պարզ է, որ նրա գաղափարը ոչ թե Ղարաբաղն է եղել այլ իշխանությունը, ինչպես Գետադարձինը ոչ թե պետականությունն էր, այլ իր իշխանությունն ու շահերը:

Հանձնելը չհասցրեց, բայց կարողացավ թուլացնել Ղարաբաղի դիրքերը միջազգային ասպարեզում. 1992թ. Գերագույն խորհրդում վիժեցնելով Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը, ապա հետագայում պատերազմում հաղթանակի կապիտալը բանակցային գործընթացում վատնելով Ղարաբաղը հանձնելու փուլային տարբերակով նա երկրի զիջած դիվանագիտական դիրքերի պատանդը դարձրեց հաջորդ ղեկավարներին(քաղաքագետ Վահան Դիլանյանը այս կապակցությամբ «Ղարաբաղյան հարցը «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում. երկընտրանք» տեքստում ցույց է տալիս, որ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք բանակցությունների մեջ մտցվեց տարածքներ հանձելու ու զորքերը հետ քաշելու սկզբունքը, որոնք ստիպված պետք է ժառանգեին հաջորդ նախագահները բանակցությունների գործընթացը չտապալելու համար):

Այլ երկրներում երկիր վաճառող որևէ կազմակերպություն չէր կարող ունենալ համաժողովրդական աջակցություն ու ամենաշատը մարգինալացված իր գոյությունը քարշ կտար: Հայաստանում այդպես չէ, եկեղեցին այլ հոգևոր մշակույթ է ձևավորել. և առաքելական եկեղեցին, և բոլշևիզմը(կամ կոմունիստական անցյալը), և լևոնականները վայելում են լայն զանգվածների աջակցությունը:

Հատկանշական է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հարազատության զգացումը մյուս երկու երկիր հանձնողների նկատմամբ հաճախ է արտահայտվում. Անցյալ տարվա սեպտեմբերի 17-ի ելույթում դաշնակցությանը մեղադրում էր, որ 1920թ. մայիսյան ապստամբության ժամանակ իշխանությունը չհանձնեցին բոլշևիկներին, որի հետևանքով իբր երկիրը տարածքներ չէր կորցնի (կարծես հետադարձ սպառնալով դաշնակցությանը` եթե իշխանությունը չտաք, Հանրապետության բանակը կկազմաքանդենք ու չեք կարողանա պահել Ղարսը):

Իսկ նախագահ եղած ժամանակ էլ ԼՏՊ-ն անպատիժ էր թողնում ոչ առաքելական կրոնական կազմակերպությունների դեմ հալածանքները, 1994թ. ի նպաստ առաքելականի, կրոնական ազատությունները սահմանափակելու մասին հրամանագիր ստորագրեց, իսկ 95-ին հովանավորեց հավատացյալների ջարդը ու ցույց տվեց, որ ինքը նաև առաքելական եկեղեցու ժառանգորդն է: Կրոնական կազմակրպությունների մի շարք հավատացյալներ վկայում են, որ Լևոնի պաշտոնանկությունից հետո կրոնական ազատությունները շատացան երկրում:

Եկեղեցին ու բոլշևիկները հաջողացրին երկիրը վաճառել, Լևոնին դեռ դա չի հաջողվել: Բայց քանի նա հանգիստ բարձրանում է հարթակ ու ելույթ ունենում, քանի դեռ նրա հանրահավաքներին 50 հազար մարդ կարող է հավաքվել, քանի դեռ Հայաստանում այնպիսի իշխանություն է, որ Լևոնին դարձնում է իր դաշնակիցը ընդդեմ մյուս քաղաքական ուժերի, քանի դեռ երկրի վարչապետն էլ եկեղեցական ու բոլշևիկյան քաղաքականության կրողն է ու երկիրը ողողել է եկեղեցական մեռելոցի օրերով, դեռ պետականությունը չամրապնդված երկրում հայտարարում է, թե պետությունները վերանում են(ինչպես բոլշևիկներն էին հայտարարում ու փոքրացնում Հայաստանը), քանի դեռ երկրի նախագահը օտարալեզու դպրոցներ բացելով երկրի լեզվական տարածքն է զոհաբերում, և քանի դեռ մյուս հարևանին` Վրաստանին հանգիստ տարածքներ է զիջում թույլ տալով, որ վրացի զինվորները գրավեն հայ գյուղացու դաշտերը, Ղարաբաղը վաճառքի հանելու վտանգը միշտ կախված կմնա օդում:

Վահան Իշխանյան

Հոդվածը տպագրվել է http://www.zham.am/blog/?p=201

Այս խորագրի վերջին նյութերը