Քաղաքական

20.06.2011 14:13


«Վարչապետի խաղերը»

«Վարչապետի խաղերը»

«Նաիրիտ» գործարանի շուրջ եղած առեղծվածներն ու «սկանդալները» կարծես վերջ չունեն։ Վերջին մի քանի տարում  գործարանը փոխեց մի քանի տնօրեն, գնվեց, վաճառվեց, պայթեց ու փակվեց...

Պետության ամենահզոր գործարաններից մեկն այսօր արտադրանք չի տալիս, մոտ 3000 աշխատատեղ էլ փակվել է։ Օրերս նախագահի նստավայրի առջև գործարանի աշխատողները բողոքի ցույց էին կազմակերպել ու պահանջում էին իրենց աշխատավարձերը։

–Այս ամենը տնօրենի ձեռքի գործն է։ Նա կանչում է բոլորին, լավ վախեցնում է, ամեն մի ցեխի պետին վախեցնում է, որ եթե բունտին ցեխից մեկը եղավ, գործից կազատվի և այլն,–«7օր»–ի հետ զրույցում ասել է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներից մեկը, ով հասկանալի պատճառներով չի ցանկացել ներկայանալ։

Ըստ նրա՝ հունիսի 10–13–ը՝ վերջին ցույցից հետո, գլխավոր ինժեներին ու արհմիության նախագահին կանչել են ԱԱԾ հարցաքննության։

Նա ընդգծել է, որ, ի տարբերություն մյուս աշխատողների, այդքան էլ երկար ժամանակ չէ, որ աշխատում է գործարանում, բայց արդեն հասցրել է շատ բան տեսնել ու ստեղծված իրավիճակից տուժել։

–Նախանցած միտինգին Կարեն Կարապետյանը լավ–լավ խոստումներ տվեց, բայց ոչ մի լավ բան չեղավ։ Հիմա տնօրենն արձակուրդի մեջ է, բայց իմացել ենք, որ արձակուրդից հետ են կանչել, ուղարկել են Մոսկվա ու կարգադրել, որ ինչ ուզում է՝ անի, գործարանի համար գնորդ գտնի։ Հայտարարված տենդերով դեռ ոչ ոք չի հետաքրքրվել։ Նախարարությունը պաշտոնապես կայքում տեղադրել է, բայց երբ հարցնում ես, ոչ մի բան չեն ասում, այնինչ եթե հետաքրքրվող լիներ, մի բան կասեին։ Տենդերն էլ 15 օրով երկարացվել է,–ասել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 2–ին կառավարության նիստում էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանն ասել էր, որ նախարարությունն իր պաշտոնական կայքում «Նաիրիտ» քիմիական գործարանի բաժնետերերի կողմից մշակված հետճգնաժամային ծրագիր է տեղադրել, որի նպատակն է միջազգային օպերատորի ներգրավել ներդրումային ծրագիրն իրականացնելու համար։

Աշխատողներն աշխատավարձ չեն ստացել արդեն 3–4 ամիս, իսկ երբ դիմում են արհմիության նախագահին, ասում է՝ սպասե՛ք.

–Ամեն անգամ մի բան են ասում։ Հիմա էլ ասում են, որ գալացող շաբաթ կտան, բայց չեմ հավատում։ Երեքշաբթիից ուրբաթ միշտ խաբում են։ Ուրբաթ դե չեն տալիս, արանքը շաբաթ–կիրակի է ընկնում, ժողովուրդը մի քիչ հանգստանում է, երեքշաբթիից հետո նորից մինչև ուրբաթ… Հետաքրքիր կոմբինացիա է։

Այնինչ, մեր զրուցակցի խոսքերով, բաժինների բոլոր պետերը շատ լավ աշխատավարձ են ստանում, ինչն արվում է նրանց լավ կառավարելու համար։ Աշխատավարձ չեն ստանում միայն ներքին օղակները։ Օրինակ՝ ամենավնասակարներից մեկում՝ կաուչուկի արտադրամասում, մարդիկ 40-50 հազ դրամ աշխատավարձ են ստանում, իսկ տնօրենի տեղակալներն ու օգնականները, որոնք, նրա խոսքերով, «շնից շատ են», շատ բարձր աշխատավարձ են ստանում։ Ընդ որում, նրանք բոլորը միմյանց բարեկամ ու ծանոթ են.

–Տնօրենը 9 մլն դրամ աշխատավարձ է ստանում, առաջին տեղակալները՝ 4,5 մլն դրամ, մի քիչ ցածր էլ՝ մնացածը։ Վահան Մելքոնյանի (տնօրենի) ու նրա 22 «մոտիկների» աշխատավարձն իրար հետ մեկ ամսվա կտրվածքով 2 անգամ ավելի է, քան բոլոր բանվորների աշխատավարձերն իրար հետ։

Նրա կարծիքով գործարանի ղեկավարությունը կառավարության հետ միասին նպատակ ունի այնպես անել, որ գործարանը սնանկ ճանաչվի, և «իրենց ուզած գնով տան իրենց ուզած մարդուն»։ Հայտամրցույթն էլ, ըստ նրա, հայտարարվել է, որպեսզի ցույց տան, թե իբր ոչ ոք չի ցանկացել գործարանը գնել, ու այն սնանկ է։

Նա տեղեկացրել է, որ մինչ հայտամրցույթ հայտարարելը եկել էին գործարարներ Լեհաստանից, Գերմանիայից, ովքեր ուզում էին գործարանը գնել, բայց նրանց հարկավոր էր, որ կառավարությունը երաշխավոր կանգներ, այնինչ կառավարությունը հրաժարվել էր, չնայած որ բաժնետոմսերի 10%–ի սեփականատերն է։ Այժմ  կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է  երաշխավոր լինել։

Նա համոզված է, որ գործարանը կա՛մ արժանանալու է մյուս գործարանների բախտին, կա՛մ ինչ–որ մեկն իր անձնական շահն է հետապնդում, և կա մեկը, ով ուզում է այն գնել, բայց էժան։ Գործարանը գնել ցանկացողների թվում շրջանառվում է Սամվել Կարապետյանի (Տաշիր Սամո) անունը։

Նա ընդգծել է, որ ներկայիս տնօրեն Վահան Մելքոնյանից առաջ տնօրենը եղել է Կարեն Իսրայելյանը, ով գործարանում մնացել էր որպես փոխտնօերն (նրան էլ օրերս աշխատանքից ազատել են), և նրա օրոք գործարանն աշխատել է, անգամ աշխատավարձերն  են բարձրացվել։ Իսկ Վահան Մելքոնյանի գալուն պես գործարանն այս վիճակում է հայտնվել։

–Մի անգամ մի փաստաթուղթ եմ տեսել, որ ուղղակի ապշել էի։ 100–վատանոց լամպերը, որոնք արժեն 100 դրամ, գործարանը գնում է 500 դրամով։ Դա միայն լամպը, իսկ մեզ ինչքա՜ն բան է պետք գալիս,–ասել է նա ու նշել, որ, այդուհանդերձ, հավատում է, որ  աշխատավարձերը կստանան։–Հավատում եմ, որովհետև ուզած–չուզած պետք է տան. առջևում ընտրություններ են։ Եթե մնաց ընտրություններից հետո, ոչ մի բան չի արվի։

2006թ. օգոստոսի 18-ի կառավարության ««Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը վաճառելու մասին» թիվ 1131-Ա որոշմամբ՝ այն գրեթե ամբողջությամբ վաճառվել է «Ռայնովիլ փրոփըրթի լիմիթեդ» ընկերությանը, որը գրանցված է Բրիտանիայի օֆշորային գոտում։ Ընկերությունը Լոնդոնում անգամ գրասենյակ չունի, և նրա մասին անգամ որևէ տեղեկություն չկա։

Զրուցակիցը նշում է, որ «Ռայնովիլի» բաժնետերերն առնչություն ունեն նաև ԱՊՀ միջպետական բանկի հետ, որտեղից էլ 70 մլն դոլար վարկ են վերցրել  ու 40 մլն–ով գնել գործարանի  բաժնետոմսերի 90%–ը, իսկ թե ուր է կորել մնացած 30 մլն–ը, հայտնի չէ։

Գործարանին չի հասել նաև Հայաստանին Ռուսաստանի հատկացրած կեսմիլիարդանոց վարկի մեծ մասը, որը պետք է տրամադրվեր «Նաիրիտին»։

–Լրիվ վարչապետի խաղերն են։ Աշոտ Սարգսյանը՝ վարչապետի հարազատ եղբայրը, մեզ մոտ փոխտնօրեն է։ Վարչապետի մյուս եղբայրն Անգլիայում գործարար է, հիմա Չինաստանում դեսպան է։ «Նաիրիտի» մի մասը երբ տվեցին չինացիներին, դրանից հետո նրան Չինաստանում դեսպան նշանակեցին։ Կառավարությունը գույքի օտարման տակ «Նաիրիտը» վաճառեց այն ժամանակ դեռ «Հայգազարդին», իսկ վերջինս նույն օրը գործարանը վաճառեց «Ռայնովիլին»։ Ոնց նայում ենք, վարչապետն ուղիղ կապ ունի այս ամենի հետ։ Այդ գործարքի ժամանակ վարչապետը եղել է Կենտրոնական բանկի նախագահ, իսկ ԱՊՀ միջպետական բանկը կազմված է ԱՊՀ Կենտրոնական բանկերի ներկայացուցիչներից, այսինքն՝ Հայաստանից այնտեղ ներկայացված է եղել Տիգրան Սարգսյանը։ Վարչապետն ու տնօրենն էլ, ինչքան տեղյակ եմ, քավոր–սանիկ են։ Մելքոնյան Վահանի տղան էլ իր օգնականներից է,–նշել է նա ու ընդգծել, որ Մելքոնյանը նաև եվրապատուհանների և գրասենյակային կահույքի բիզնեսներ ունի, ու գործարանի այդ ողջ գույքը հենց Մելքոնյանի ընկերությունից է պատվիրված։

Նրա խոսքերով՝ Վահան Մելքոնյանը կարողանում է «մարդկանց կուտ տալ». գալիս է, հուսադրում է ու գնում Մոսկվա, ասում է, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ է հանդիպել, Մեդվեդևի հետ պետք է հանդիպի։

–Դու ո՞վ ես, որ նրա հետ հանդիպես։ Մարդիկ հավատում են։ Մի քանի օր առաջ էլ եկավ, ասաց, որ գնորդ է գտել, աշխատավարձերը տալու են, ու հոկտեմբերի 1–ին գործարանը թողարկվելու է, բայց իր ասածն ու իրականությունը շատ տարբեր են։ Ահավոր վիճակ է. ժողովրդին որ նայում ես, մղկտում են։ Ես արդեն 3 ամիս է՝ չեմ կարում վարկս մուծեմ։ 2009թ. հոկտեմբերից նա աշխատողներին ասել է, որ աշխատավարձերը 20%-ով բարձրացրել է, բայց դա միայն թղթի վրա,–նշել է մեր զրուցակիցը։

Նա ցավով ընդգծել է, որ աշխատողներից շատերը չեն խոսում. մի քանի հոգի խոսում են, գոռգոռում, իսկ մնացածը չեն համարձակվում, որովհետև մեծ մասը 60–ն անց մարդիկ են ու մտածում են՝ մի բան ավել խոսեցին, աշխատանքից կազատվեն ու այլևս աշխատանք չեն գտնի։

Նրա խոսքերով՝ վերջերս աշխատողների ատեստավորում է անցկացվել՝ «իբր գիտելիքները ստուգելու համար», ինչի հետևանքով աշխատանքից ազատվել են 70–ից բարձր տարիքի մարդիկ՝ գիտելիքների անբավարար լինելու պատճառաբանությամբ.

–Դա ծիծաղելի է։ Մարդը 50 տարի աշխատել է այդ գործարանում, իսկ իրեն ասում են՝ գիտելիքներդ անբավարար են։ Իսկ ասողն առավելագույնը 30 տարեկան տղա է, ով ինքն այդ գործարանից գաղափար չունի։ Ես որևէ դրական ակնկալիք չունեմ։ Չի կարելի երկրի ներսում այսպիսի գործարան ունենալ ու այս վիճակում թողնել…

Պատրաստեց Արփի Բեգլարյանը

Այս խորագրի վերջին նյութերը