Կարծիք

27.06.2011 08:38


Հայաստանը երբեք չի սպառվի, պարո´ն Տեր-Պետրոյան

Հայաստանը երբեք չի սպառվի, պարո´ն Տեր-Պետրոյան

Քաղաքագիտական ինչպիսի՞ տերմին կկիրառեիք` բնորոշելով նրան, ով երկրի քաղաքական մի շարք կարևորագույն հարցերում համակարծիք է լինում այն իշխանության հետ, որի դեմ հանդես է գալիս` մոլորության մեջ գցելով մարդկանց, որոնք նրան աջակցում են:

Երբ խոսում եք որևէ բուրգի (մանավանդ իշխանական) կազմաքանդման մասին, պետք է նախ լավ հաշվարկած լինեք այդ բուրգի «երկարությունը, լայնությունն ու բարձրությունը»: Հակառակ դեպքում լինում է այն, ինչ լինում է. միակ բուրգը, որ ներկայումս կազմաքանդվում է (ընդ որում` սյուն առ սյուն), ՀՀՇ 23-ամյա բուրգն է:

Երբ ՀՅԴ-ին մեղադրում եք «Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ տարիներին Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու և բանակի ոգին կոտրելու» մեջ, պետք է աչքի առաջ ունենալ նույն Ղարաբաղյան պատերազմի տարիներին ծխամորճի ծխով և պատերազմի ոչ հայանպաստ ելքի մասին խոսքերով լեցուն եթերները, որոնք բանակի ոգին կոտրելու ամենամեծ ազդակներն էին:

Ձեր խոսքում բովանդակային լուրջ հակասություններ են առաջանում, երբ նույն ելույթի մի հատվածում խոստովանում եք, որ բավարար քաղաքական ռեսուրս չունեք իշխանափոխություն իրականացնելու համար, իսկ մյուս հատվածում սպառնում եք իշխանությանը, թե եթե վերջինիս կողմից գործընթացի ձգձգման միտում նկատվի, Դուք նույնպես ցանկացած պահի կարող եք դադարեցնել երկխոսությունը և «կիրառել ժողովրդի համախմբման միջոցով իշխանության վրա ճնշումներ բանեցնելու փորձված և արդեն իսկ հաջողություններ արձանագրած մեթոդը»:

Հակասությունների մի այլ շարք են առաջացնում գործող իշխանության վերաբերյալ Ձեր այս խոսքերը. «Եթե կորցնելու բան չունենային, նրանք չէին կրակի ժողովրդի վրա: Հանգիստ, ինչպես 98 թվականին ես իմ ամբողջ թիմով թողինք-հեռացանք»: Հարկ է կա´մ կրկին ելույթ ունենալ և հերքել վերոնշյալ Ձեր խոսքերը, կա´մ շտապ հրահանգել ՀՀՇ պաշտոնական կայքից հանել Ձեր նախագահության տարիների մասին պատմող ներքոնշյալ տողերը.

«1996թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Չնայած այն բանին, որ ընդդիմադիր բոլոր ուժերը համախմբվեցին և օգտագործեցին նախընտրական և ընտրական տեխնոլոգիաների բոլոր մերժված ու անթույլատրելի միջոցները, այնուամենայնիվ, Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթանակ տարավ և երկրորդ անգամ ընտրվեց հանրապետության նախագահ: Չհամակերպվելով պարտության հետ, ընդդիմությունը իր թեկնածու Վ. Մանուկյանի գլխավորությամբ դիմեց աննախադեպ քայլի: Կեղծ լուրերով ու տեղեկություններով բորբոքելով իր կողմնակիցներին, նրա առաջնորդությամբ մի քանի հազար հոգի գրոհեցին Ազգային ժողովի շենքը: Գրոհն ուղեկցվեց վանդալիզմով, Ազգային ժողովի ղեկավարության նկատմամբ բռնությունների գործադրմամբ: Իրավապահ մարմիններին մեծ դժվարությամբ հաջողվեց կանխել դեպքերի հետագա վտանգավոր զարգացումը և արյունահեղությունը, պետական հեղաշրջման հերթական փորձը: Ընդդիմությունն ստիպված եղավ ընտրությունների արդյունքները վիճարկել օրինական ճանապարհով` Սահմանադրական դատարանում, որն էլ նրանց բողոքների և ընտրական փաստաթղթերի մանրակրկիտ քննությամբ պարզեց, որ նրանց հայցը անհիմն է» (տե´ս http://www.anm.am/index.php?option=com_content&view=article&id=160:---i&catid=53:2011-01-17-14-37-42&Itemid=66 ):

Թե չէ, ի±նչ կմտածեն Ձեր խոսքի արժեքի մասին 17-ամյա կոնգրեսական երիտասարդները:

Իսկ եթե որոշել եք անկեղծանալով հիշել 98-ը, գուցե նշե±ք, թե որն էր այն պատճառներից մեկը, որի համար «իշխանության մեզ հայտնի մարմինների կողմից» 98-ին Ձեզ հրաժարականի պահանջ ներկայացվեց, և մասնավորապես որն էր այն «խաղաղության և արժանապատիվ հաշտության» գինն ու էությունը, որի «կուսակցությունը» 98 թվականի փետրվարին «պարտություն կրեց»: Գուցե ա±յդ ժամանակ հարցեր չի առաջացնի Շուշին ազատագրած գեներալի (ում խոսքերի անկեղծությանը կասկածելու ոչ մի հիմք չկա) այն հայտարարությունը, որ Շուշիի ազատագրումն իրականացվել է Ձեզանից գաղտնի (տե´ս http://7or.am/archives/64106):

Կամ արդյո±ք այլ հիշողություններ չունեք վերոնշյալ Ձեր խոսքում առկա «կրակել» բառի հետ կապված…

Ինչևէ, Վանո Սմբատիչի ժամանակներն անցել են…

Հայաստանը երբեք չի սպառվի, պարո´ն Տեր-Պետրոսյան, որովհետև չնայած իրենց նեղ անձնական հարցերն ու ֆոբիաները ազգային շահերից վեր դասող տարբեր բախտախնդիրների` նրանում բազմաթիվ են մարդիկ, որոնց համար ազգային գաղափարախոսությունը չի եղել ու երբեք չի լինի կեղծ կատեգորիա:

Սասուն Հովհաննիսյան

Հ.Գ.: Երկար ժամանակ «երկխոսության կիսաբաց մնացած դուռը», որից, ըստ երևույթին, «փչում» էր, խիստ տհաճություն էր պատճառել Տեր-Պետրոսյանին, և նա չէր համբերում ներս մտնել` «սկվազնյակի տակ» չմնալու համար: «Ներսից» Տեր-Պետրոսյանին «չմրսելու» այլ տարբերակ առաջարկեցին. դուռը փակվեց` վերջինիս, սակայն, թողնելով դրսում:

Երբ դեռևս այս տարվա փետրվարի 18-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդը Սերժ Սարգսյանի մուբարաքացումը ժամանակի հարց էր համարում, պետք է որպես «հմուտ շախմատիստ» հաշվարկեր, որ շատ շուտով իրեն «թեժ գարնանային դիալոգներ» են սպասվում, և հասկանար, որ «մուբարաքանում է նա, ով առաջինն է մուբարաքացել», քանզի պատմությունը սիրում է ոչ միայն դաժան կատակներ խաղալ, այլև կրկնել դրանք:

Պետք է հասկանալ, որ մուբարաքացածը մուբարաքացնող չի դառնա: Սա դասական և պատմական ճշմարտություն է…

Այս խորագրի վերջին նյութերը