Մեկնաբանություն

28.06.2011 23:49


Ձախողված իշխանության ձախողված վարչապետը

Ձախողված իշխանության ձախողված վարչապետը

Հայաստանի վարչապետի մոտ այլևս չկա նախկին էնտուզիազմը։ Նորաթուխ ՀՀԿ–ականի «միջազգային կենտրոններ» կառուցելու «բլեֆը» սկզբում էկզոտիկ ու զվարճալի էր թվում, հետո այդ ամենի մասին շարունակ խոսելը դարձավ դեմագոգիայի դրսևորում, իսկ հիմա բոլորն էլ հասկանում են, որ երկրի «միջազգայնացման» խոստումները պարզապես տափակություն էին։

Հիմա Հայաստանը Նյուվասյուկի դարձնելու փուլն անցել է, իսկ վարչապետը, բնականաբար,  «մոռացել» է իր տիեզերական խոստումների մասին ու լծվել է կուսակցական տոմսեր բաժանելու և դրսից վարկ «կպցնելու» գործին։

Երևի նկատած կլինեք, որ Տիգրան Սարգսյանը վաղուց արդեն չի խոսում, ասենք, Երևանը շուն սատկացնելու կամ «երկխոսության» միջազգային կենտրոնի վերածելու  մասին, չնայած տվյալ դեպքում կարող էր, քանի որ քաղաքապետարանն ու բարձրագույն իշխանությունը հա՛մ սկսել են շուն սատկացնել, հա՛մ Լևոնին են «երկխոսացնում»։ Այսինքն՝ իշխանությունը սկսել է խոսքի փոխարեն գործ անել և դա է պատճառը, որ Տ. Սարգսյանն «ուրբաթախոս» է դարձել. նույնիսկ պատմության գիրկն են անցել Կառավարության նիստերից առաջ «միջազգայնագետի» վարժապետական ոճի ելույթները։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ հայ ժողովրդին վիրտուալ խոստումներով մատուցվող բարիքից բաժին հասավ միայն տնտեսության իրական անկումն ու կյանքի որակի վատացումը։

Տիգրան Սարգսյանի շուրջ հյուսված առասպելները շատ կարճ ժամանակում պայթեցին մինչև վերջ փչած փուչիկի պես։ Նրա բարձրակարգ մասնագետ, հմուտ կառավարիչ և ուսյալ լինելու մասին հեքիաթները հիմա հետաքրքիր չեն անգամ քաղաքական կյանքից կտրված քաղքենու համար, քանի որ նույն այդ քաղքենուն նյարդայնացնում է տերտերական առոգանությամբ ելույթների ներքո տեղի ունեցող գների շարունակական աճը։

Մի խոսքով, Տիգրան Սարգսյանը ձախողվել է բոլոր ուղղություններով, բայց, թող զարմանալի չթվա, մնում է իր պաշտոնում հենց այդ պատճառով, քանի որ Սերժ Սարգսյանի համար, զուտ քաղաքական նպատակահարմարության և աթոռապահպանության տեսանկյունից,  նման ցածր վարկանիշ ունեցող վարչապետը ձեռնտու է։

Տիգրան Սարգսյանը նախագահին ձեռնտու է նաև այն պատճառով, որ չնայած «տիրացուն» Հանրապետական կուսակցությունն է ներկայացնում, բայց այդուհանդերձ իրական հենարան չունի ԱԺ–ում, ինչն ապահովագրում է Ս. Սարգսյանին հնարավոր ներիշխանական խարդավանքներից։

Ստացվում է, որ Տիգրան Սարգսյանի երկարատև պաշտոնավարումը հետևանք է իր ձախողվածության և անարդյունավետության։ Այլ եզրակացության դժվար է գալ։ Իսկ դա նշանակում է, որ հետայսու պետք չէ սպասել երկրի տնտեսական վիճակի բարելավում, քանի որ Սերժ Սարգսյանին ձեռնտու չէ հանրության համակրանքը վայելող վարչապետ, իսկ Տիգրան Սարգսյանին էլ պետք է հնարավորինս երկար մնալ իր պաշտոնում։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի շահերը համընկնում են։ Բայց խնդիրն այն է, որ այդ շահերը ոչ մի կերպ չեն համընկնում հանրային ու պետական շահի հետ։ Հետևաբար՝ պետք է լուծել շահերի բախման այս խնդիրը։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Երևի մոռոցած կլինեք, բայց հիշացնեմ, որ մի էկոնոմիկայի նախարար կար՝ Ներսես Երիցյան անուն–ազգանունով։ Հիմա նրանից ձեն–ձուն չկա, բայց մի երկու տարի առաջ ի՜նչ «ֆուռոր» էր անում, ի՜նչ «ֆուռոր»։

Երիցյանն, ի դեպ, համարվում էր Տիգրան Սարգսյանի ամենահաջողված կադրը։ Ահա՛ նա՝ ասում էին «բարեշրջիչները», երբ պահանջում էինք բանիմաց կադրեր։ «Բանիմացը» մի քիչ նախարար աշխատեց, պատվով հաղթահարեց իր ու իր շրջապատի ֆինանսատնտեսական ճգնաժամն ու վերադարձավ «տուն»՝ Կենտրոնական բանկ, իսկ գյումրեցիների աչքն այդ ընթացքում ջուր կտրեց՝ Ներսեսի խոստացած ծովին ու նավահանգիստ ունենալուն սպասելով։

Այս խորագրի վերջին նյութերը