Մեկնաբանություն

01.07.2011 01:05


ՀԱԿ հանրահավաքը և Սերժ Սարգսյանի ծնունդը

ՀԱԿ հանրահավաքը և Սերժ Սարգսյանի ծնունդը

Հունիսի 30–ին կայացած ՀԱԿ հանրահավաքը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյան–Լևոն Տեր–Պետրոսյան «բաց դիալոգը» մի այլ կարգի շարունակվում է, բայց նկատենք, որ «հիմնադիրը» որոշակիորեն կոշտացրել է իր դիրքորոշումը, և, ըստ դիտորդների, վտանգ կա, որ «երկխոսությունը» կարող է վերածվել զավզակության։

Բանն այն է, որ  Տեր–Պետրոսյանը առիթը բաց թողեց և հանրահավաքի մասնակիցների ու անձամբ իր անունից չշնորհավորեց Ս. Սարգսյանին, ում ծննդյան օրն էր հունիսի 30–ին։ Սա, ըստ էության, շատ անսպասելի քայլ էր ՀԱԿ առաջնորդի կողմից և քաղաքական «շախմատում» մինչև այժմ չարձանագրված իրավիճակ։

Չէ, մենք հասկանում ենք, որ Տեր–Պետրոսյանն իր փայ նվերը Սերժ Սարգսյանին վաղուց է մատուցել և վերջին հանրահավաքն էլ կարելի է յուրօրինակ նվեր համարել այսօրվա նախագահին՝ ծննդյան օրվա կապակցությամբ, բայց ամեն դեպքում ոչ ոք «էջմիածնական միաբանից» չէր սպասում այսպիսի կտրուկություն։

Ասում են, թե Սարգսյանի ծնունդը չշնորհավորելու որոշումը Տեր–Պետրոսյանը կայացրել է կառույց առ կառույց քննարկումներ և ժողովրդավարական բնույթի երկարատև բանավեճեր կազմակերպելուց հետո։

Կոնգրեսականների արմատական տրամադրված թևը, ըստ տարածված լուրերի, պահանջել է «Հի–մա՛», այն է՝ առիթը բաց չթողնել և հենց հիմա՝ 2011–ի հունիսի 30–ին շնորհավորել Սերժ Սարգսյանին և այդ գործը չթողնել հաջորդ տարվան, իսկ ահա չափավոր տրամադրվածները (որոնց թվում է նաև ՀԱԿ առաջնորդը) պահանջել են «Հե–տո՛», այն է՝ Սարգսյանի ծնունդը շնորհավորել հաջորդ տարվա հունիսի 30–ին, երբ Սարգսյանը առարկայական «երկխոսության» կգնա 2012–ի մայիսին սպասվող ԱԺ  ընտրությունների ժամանակ և կտա խոստացած մանդատները։ «Սկզբում մանդատ, հետո՝ շնորհավորանք»,– իրենց մոտեցումն են հիմնավորել «հետոյականները»՝ այդ ամենը ներկայացնելով որպես «realpolitic»։

Ի վերջո՝ ՀԱԿ–ը եկել է կոմպրոմիսային լուծման, ըստ որի՝ իրենք շարունակում են Սարգսյանի հետ «երկխոսությունը», ինչի շրջանակներում երկխոսագլուխ ՀԱԿ առաջնորդը շարունակում է հանրահավաքների ժամանակ Սերժ Սարգսյանի խոսքերից ահագին մեջբերումներ անել և պահանջել Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը, բայց այդ ամենով հանդերձ՝ այս տարվա հունիսի 30–ին չի՛ շնորհավորում «Եղիազար Այնթապցու» ծնունդը։ Այդպես էլ եղավ։

Այսպիսով, կարելի է ասել, որ հունիսի 30–ի ՀԱԿ հանրահավաքը կարևոր էր, բայց ոչ հանգրվանային, քանի որ Տեր–Պետրոսյանն իր ելույթում  մեջբերումներ չարեց հանրահավաքի նախօրեին հեռուստաելույթ ունեցած Արթուր Բաղդասարյանի հարցազրույցից և բավարարվեց միայն «Եղիազարի» կես ամիս առաջ ասածը զանգվածներին ներկայացնելով։

Թե ինչպիսի զարգացումներ կլինեն հետագայում՝ կիմանանք ՀԱԿ հաջորդ հանրահավաքի ժամանակ, որի օրը որոշվեց ժողովրդավարական բղավոցների միջոցով. զոմբիները հարամեցին առաջնորդի ամառը և օգոստոսին նրանից սերիալի ևս մեկ սերիա պահանջեցին։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Շարքերի տոնուսը տեղը պահելու համար՝ Տեր–Պետրոսյանը երեկվա հանրահավաքում հայտարարեց, թե եթե իշխանություններն առաջիկա մեկ–երկու ամսում արտահերթ չանեն, ապա իրենք պահանջելու են Սերժ Սարգսյանի ու իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը։ Դա իրականում նշանակում է, որ ՀԱԿ առաջնորդը սեպտեմբերից կսկսի իր նախընտրական արշավը՝ պատրաստվելով 2012–ին կայանալիք ԱԺ հերթական ընտրություններին։ Մնացածը՝ երթ, հանրահավաք և այլն, զուտ էմոցիա գողանալու և «էջմիածնական միաբանությունը» քողածածկելու տեխնոլոգիաներ են։

Այս խորագրի վերջին նյութերը