Աշխարհ

09.07.2011 11:55


Էրդողան. «Թուրքիայի նոր կառավարությունը կշարունակի հավատարիմ մնալ Իսրայելի ու Հայաստանի հետ հարաբերություններում որդեգրած կոշտ գծին»

Էրդողան. «Թուրքիայի նոր կառավարությունը կշարունակի հավատարիմ մնալ  Իսրայելի ու Հայաստանի հետ հարաբերություններում որդեգրած կոշտ գծին»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հուլիսի 8-ին երկրի խորհրդարանի առջև ամբողջ կառավարության անունից հանդես է եկել ծրագրային հայտարարությամբ։ Ելույթի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի նոր կառավարությունը կշարունակի հավատարիմ մնալ  Իսրայելի ու Հայաստանի հետ հարաբերություններում որդեգրած կոշտ գծին։ Մասնավորապես, անդրադառնալով Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը՝  Թուրքիայի վարչապետն ասել է, որ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Իսրայելը կատարի Թուրքիայի կողմից ավել վաղ հրապարակված պայմանները։

Ինչպես գրում է «Սթար» թերթը, Էրդողանն ընդգծել է, որ Իսրայելը պետք է վերջ տա Գազայի շրջանի մեկուսացմանը, պաշտոնական ներողություն խնդրի 2010թ. մայիսի 31–ին  «Ազատության նավատորմի» դեմ իրականացրած իր գործողությունների համար, ինչի հետևանքով այն ժամանակ զոհվեց Թուրքիայի 9 քաղաքացի։ Բացի այդ, նա ավելացրել է, որ Իսրայելը պետք է փոխհատուցում վճարի զոհվածների ընտանիքներին։ Ըստ Էրդողանի՝ առանց այս պայմանների իրականացման՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր չէ։

Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող դրությանը՝ Թուրքիայի վարչապետն ասել է, որ Թուրքիան ամեն կերպ կօժանդակի «Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրելու» գործընթացին։

«Թուրքիան կշարունակի ամեն կերպ օժանդակել ղարաբաղյան հարցի՝ խաղաղ ճանապարհով լուծմանը, Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրելուն, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը» – նշել է Էրդողանը։

Այս խորագրի վերջին նյութերը