Տնտեսական

29.08.2011 13:03


2011 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը

2011 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը

«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11‑րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար կառավարության որոշումներով բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Նշված միջոցները ներառյալ 2011 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 482.2 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 492.7 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 76.9%-ով և 70.5%-ով ապահովել են ՀՀ կառավարության իննամսյա ծրագիրը: Առանց արտաբյուջետային միջոցների եկամուտները կազմել են` 471 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 484 մլրդ դրամ ապահովելով համապատասխանաբար 77% և 71.3% կատարողական:

ՀՀ պետական բյուջեի եկամուտները

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.9%-ով կամ շուրջ 43.4 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի ու տուրքերի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին, որոնք համապատասխանաբար 9.9%-ով (33.7 մլրդ դրամով), 10.3%-ով (6.7 մլրդ դրամով) և 123.2%-ով (6.6 մլրդ դրամով) գերազանցել են նախորդ տարվա համապատասխան ցուցանիշները: Հաշվետու ժամանակահատվածում այլ եկամուտները նվազել են 12.5%‑ով կամ 3.6 մլրդ դրամով:

2011 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 373.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որոնք կազմել են իննամսյա ծրագրի 77%-ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 9.9%-ով կամ 33.7 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, եկամտահարկի և մաքսատուրքի աճով:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը

2011 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 492.7 մլրդ դրամի ծախսեր` կազմելով իննամսյա ծրագրի 70.5%‑ը իսկ առանց արտաբյուջետային միջոցների` 71.3%: Մասնավորապես` 445.9 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 46.8 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 8.7 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին` կազմելով իննամսյա ծրագրի 44%‑ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 6.3%‑ով կամ 29.2 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, պայմանագրային ծառայությունների ձեռքբերման, դրամաշնորհների, ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի, այլ ծախսերի և պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:

ՀՀ պետական բյուջեի պակասուրդը

2011 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 10.5 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով ինն ամիսների համար նախատեսված 72 մլրդ դրամի ընդամենը 14.6%-ը: Նշենք, որ նման ցածր ցուցանիշը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ իննամսյա ծրագրով նախատեսված պետական բյուջեի ազատ միջոցներից 58.3 մլրդ դրամ օգտագործելու փոխարեն հունվար-հուլիս ժամանակահատվածում դրանք ավելացել են 1.1 մլրդ դրամով: Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է 5.7 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 4.8 մլրդ դրամ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը