Քաղաքական

06.09.2011 17:35


Wikileaks. «ՀԱԿ–ի փլուզումը ժամանակի խնդիր է»

Wikileaks. «ՀԱԿ–ի  փլուզումը ժամանակի խնդիր է»

«Wikileaks»–ի գաղտնազերծած փաստաթղթի համաձայն՝ Երևանում հավատարմագրված ամերիկացի դիվանագետները գրեթե երկու տարի առաջ չէին բացառում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) փլուզման եզրին է:

«Ազատություն» ռ/կ–ի փոխանցմամբ՝«Արդյո՞ք Հայ ազգային կոնգրեսը հոգեվարքի մեջ է», - այսպես է վերնագրված 2010-ի հունվարի 4-ին Երեւանում ամերիկյան  դեսպանությունից Պետդեպարտամենտ ուղարկված հերթական  հաղորդագրությունը:

Ամերիկացի դիվանագետների գնահատմամբ` Հայ ազգային կոնգրեսը 2009-ի վերջին - 2010-ի սկզբին բախվել է մի շարք լուրջ խնդիրների. - «Կոնգրեսի ներսում մեր աղբյուրները խնդիրների չորս հիմնական խումբ են մատնանշում` ներքին ժողովրդավարության պակասը, նախագահ Սարգսյանի արտաքին քաղաքականության հանդեպ որդեգրված հաշտվողական մոտեցումը, հիմնական նպատակների հասնելու համար անհրաժեշտ ռազմավարության բացակայությունն ու ֆինանսական միջոցների պակասը»:

Նույն աղբյուրները մատնանշելով` ամերիկացի դիվանագետները պնդում են, թե ՀԱԿ-ին մաս կազմող 17 կուսակցություններից շատերը հայտնվել են հուսախաբված վիճակում, ինչը նրանց ստիպում է Կոնգրեսից հեռանալու ուղիներ որոնել` միաժամանակ փորձելով վերջնականապես չայրել Տեր-Պետրոսյանի հետ առկա կամուրջները:

«Ազգայնականորեն տրամադրված ՀԱԿ-ի անդամների մի մասը կտրականապես համաձայն չէ այն մտեցումներին, որ արտաքին քաղաքականության ասպարեզում ցուցաբերում է Տեր-Պետրոսյանը: Խոսքը, մասնավորապես, հայ - թուրքական հաշտեցման եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին է: Ընդդիմադիր դաշինքի ազգայնական անդամները դժգոհ են այն աջակցությունից, որ այս խնդիրներում նախագահ Սարգսյանին ցուցաբերում է Տեր-Պետրոսյանը», - գրում են ամերիկացի դիվանագետները` որպես թիվ մեկ դժգոհ ուժ նշելով Հնչակյան կուսակցության անդամներին:

ՀԱԿ-ի շարքերում առկա մյուս լուրջ խնդիրը, ըստ ամերիկացի դիվանագետների, Տեր-Պետրոսյանի կառավարման ոճն է. - «Ներքին ժողովրդավարության պակասը ՀԱԿ-ի ամբողջականությունը վտանգող գործոններից եւս մեկն է: Տեր-Պետրոսյանը բոլոր որոշումները կայացնում է միանձնյա, եւ դրանք հետագայում ձեւական հավանության են արժանանում այսպես կոչված քաղխորհրդի նիստերին»: Այս կառույցը, ըստ ամերիկացի դիվանագետների, որոշումների վրա ազդելու որեւէ լծակ չունի:

ՀԱԿ-ի ազդեցիկ անդամներից մեկը Երեւանում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցներին բողոքել է, թե կարեւոր ելույթներից առաջ Տեր-Պետրոսյանը դրանք որեւէ մեկին ցույց չի տալիս:

Խոսելով ֆինանսական խնդիրների մասին` ամերիկացի դիվանագետներն արձանագրում են, որ այն գործարարները, որոնք նախկինում ֆինանսավորում էին ընդդիմությանը` հույս ունենալով, թե այն ի վերջո իշխանության կգա, 2009-ի վերջին - 2010-ի սկզբին դադարել էին դա անել: «Տեղեկություններ կան, որ այդ գործարարների թվում է նաեւ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը», - ասված է հաղորդագրությունում:

Ամփոփելով իրենց հաղորդագրությունը` ամերիկացի դիվանագետները գրում են. - «Գործող իշխանության տապալումը միշտ էլ եղել է Հայ ազգային կոնգրեսի գոյության հիմնական իմաստը: Սա է պատճառը, որ ՀԱԿ-ի կողմնակիցները Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նախկին նախագահի նրա կարգավիճակը ընկալում էին որպես առկա ավտորիտար քաղաքական մթնոլորտը  փոխելու հիմնական ռեսուրսներից մեկը: Այս աջակիցները, սակայն, հուսախաբվել են Տեր-Պետրոսյանից` տեսնելով նրա կառավարման ոճը»:

Ամերիկացի դիվանագետները 2010-ի հունվարին  չէին բացառում, որ «Կոնգրեսի  փլուզումը ժամանակի խնդիր է»:

«Մյուս կողմից, սակայն, ՀԱԿ-ը անխուսափելի տապալումից կարող է փրկել միայն անդամ կուսակցությունների ցանկությունը` պահպանել դաշինքի կենսագործունեությունը մինչեւ 2012-ի խորհրդարանական ընտրությունները: Միասնաբար հանդես գալու դեպքում ՀԱԿ-ի անդամ կուսակցություններն ավելի բարվոք շանսեր կունենան, քան առանձին-առանձին գնալով ընտրությունների»,-նշել են ամերիկացի դիվանագետները անցած տարվա հունվարին գրված հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը