Կարծիք

01.10.2011 14:59


«Երկխոսություն-2». սպասեք սերիալի շարունակությանը

«Երկխոսություն-2». սպասեք սերիալի շարունակությանը

Երկխոսությունը վերսկսելու ՀԱԿ-ի առաջարկը իշխանությունները դեռ չեն քննարկել և պատասխանը հայտնի կլինի միայն քննարկումից հետո: Այսօր  այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը: Սա նշանակում է, որ կոալիցիայից առնվազն ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը հստակ հանձնարարական են ստացել` քննարկել, եւ երկօրյա ժամկետում պատասխան տալ ՀԱԿ-ին, կամ պարոն Լևոն Տեր-Պետրոսյանին, որ իշխանությունը պատրաստ է վերսկսել երկխոսությունը: Այլ պատասխան չի էլ սպասվում, որովհետև հարցը դրված է այսպես` հրապարակավ մերժում կամ պաշտպանում ես երկխոսության գաղափարը: Իսկ իշխանությունը, մանավանդ որ առաջարկը Թահրիր, ներողություն, Ազատության հրապարակից է եկել, երկխոսության պես բանը մերժել պարզապես չի կարող, որովհետև արաբական հեղաշրջումների պրակտիկան հուշում է, որ բոլոր տեսակի մուբարաքներն ու քադաֆիները վերջում ձեռքները հենց այդ երկխոսությունից, որ նույնն է, փրփուրներից են գցում: Ի դեպ` ինչպես արաբական հեղաշրջումների ղեկավարները, Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես, չի հավատում «երկխոսության» հաջողությանը: Նույն սցենարն է` իշխանությունը գնում է զիջումների, կատարում հեղաշրջիչների ցանկությունները, բայց վերջիններս, անակնկալի գալու փոխարեն, շարունակում են գլուխները պատին խփել, մինչև որ այն փլվի: «Շարունակեք գլխով խփել այդ պատին, մեր դեմ են բոլորը, մեր իշխանությունները, ողջ առաջադեմ աշխարհը, շարունակեք խփել, միևնույն է դուք հաղթելու եք (լևոնական ելույթի ընթերցումներ, երևան, Թահրիր հրապարակ, 30.10.2011թ.):

Հետևաբար` ահավասիկ առնվազն ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին իջեցված հրահանգը` քննարկեք եւ որոշեք երկխոսել, որովհետև չերկխոսել, նշանակում է մուբարաքանալ` մեկ գիշերվա մեջ, եւ ապա` փողի հույս չունենալ միջազգային կազմակերպություններից: Իսկ մենք նաև գիտենք, թե փողի անուն լսելիս առնվազն ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը որքան կանխատեսելի են միշտ:

Եթե երկխոսության վերսկսումն այլևս կասկած չի հարուցում (իբր երբ էր ընդհատվե՞լ, որ), ապա դեռևս անհայտ է, թե հատկապես որտեղից, ո՞ր կետից են շարունակելու երկխոսությունը: Մենք ընթերցողին ընդամենը կարող ենք հիշեցնել նախորդ սերիաների բովանդակությունը` ՀԱԿ-ը ընթերցել էր իր 85 էջանոց մեղադրական եզրակացությունը, իսկ կոալիցիան, որպես պատասխան, ընթերցել էր իր 135 էջանոց «Եղծ աղանդոց»-ի կեսը:

Ի դեպ` նաև անարդարություն էր տեղի ունեցել: Ողջ հանրությունը ՀԱԿ փաստաթղթից արդեն տեղյակ է երկրում առկա խայտառակություններին, իսկ խեղճ կոալիցիան, ինչ է, թե ՀԱԿ-ը խռովել է, ոչ մի կերպ չի կարողանում հանրությանը ապացուցել, թե ամեն ինչ այնպես չէ, ինչպես ՀԱԿ-ն է ներկայացրել: Դավիթ Հարությունյանը երդում է կերել` մինչև «Եղծ աղանդոց»-ի բնօրինակը ՀԱԿ-ի ձեռքը չտան, դրա բովանդակության մասին ժողովրդին ոչինչ չեն ասելու: Հենց այստեղ էլ էկրանին էր հայտնվել «ֆիլմի վերջը» գրությունը: Կառավարության ընդունելությունների տան պահակը հետո լրագրողներին տեղեկացրել էր, որ ՀԱԿ-ց մի հոգի եկել, կոալիցիային տեղյակ է պահել, որ Զուրաբյանը չի գալու եւ դրանից հետո այս կողմերում այլևս ոչ ոք չի երևացել:

Հավանաբար կոալիցիան կպնդի, որ իր «Եղծ աղանդոց»-ի ընթերցումներն սկսվեն սկզբից, որովհետև հեռուստալսարան գրավելու խնդիր կա: Մարդիկ հո կիսատ ստեղծագործություն չե՞ն լսելու: Դժվար է ասել` ՀԱԿ-ը կընդիմանա՞, թե՞ այս հարցում էլ ինքը կգնա զիջումների: Հավանաբար կգնա., որովհետև, հակառակ դեպքում ստիպված է լինելու երեկոները անձամբ կարդալ եւ ուսումնասիրել կոալիցիայի հակափաստարկները: Էդքա հավես կա՞…

Մինչև մեկշաբաթյա շուրջօրյա հանրահավաքի (այստեղ ճիշտ բառը բանակումն է) ավարտը ՀԱԿ-ն ու կոալիցիան կքննարկեն նաև «Երկխոսություն-2»-ի հետ կապված տեխնիկական հարցեր: Օրինակ` որտեղ հավաքվել երկխոսելու: ՏԷՑ-ի կռո՞ւգ, Սևա՞ն, թե՞ Ծաղկաձոր: Հաշվի առնելով հանգամանքը, որ արդեն ցուրտ է, Սևանն ու Ծաղկաձորն անմիջապես դուրս կմնան այս ցուցակից: ՏԷՑ-ի կռուգն էլ հարմար չէ այլ նկատառումներով: Մնում է ընտրել` կամ դարձյալ կառավարության ընդունելությունների տունը, որ խերով չէր «Երկխոսություն-1»-ի համար,  կամ… Ես այստեղ մի առաջարկ ունեմ: ՀՀ նախագահի նստավայրի բակում, Արգիշտի արքայի արձանի տակ, մի վրան տեղադրել եւ այնտեղ երկխոսել: Եթե մեկն ասի, որ Մենուայի որդի Արգիշտին այս երկխոսության մեջ չեզոք կողմ չէ, ես առաջարկս հետ կվերցնեմ:

Ի՞նչ ասեմ` որը բարին է, Աստված թող այն կատարի: Մեր երկխոսողներն իրար արժեն, եւ ցավալի կլինի, որ չհասնեն իրենց մուրազին, այն է` երկխոսվեն վերջացնեն ու մի գեղեցիկ օր հայտարարեն, որ իրենք Հայաստանից ու հայ ժողովրդից այլևս պահանջ չունեն…

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը